Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական հեղափոխության ակնկալիքով

Վերադարձ լուրերի բաժին

12:22 , 15 Հունիս 2018

Արդեն ակնհայտ երևում է, որ կառավարության ներսում կոնսենսուս չկա։ Կոնսենսուս չկա՝ անգամ ամենակարևոր տնտեսական հարցերի շուրջ։ Թե՛ քաղաքական, թե՛ անձնական առումով։ Ամենացցուն ու թարմ օրինակը Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված պատմությունն էր։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի դեպքում ի սկզբանե պարզ էր, որ դիրքորոշումը լինելու է պարտադիր բաղադրիչին դեմ։ Ավելին, Թանդիլյանի ղեկավարած նախարարությունը կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ անելու օրենքի նախագիծ մշակեց և հրապարակեց edraft.am կայքում։ Սակայն, ինչպես տեսանք, Կառավարությունն այլ մոտեցում ցուցաբերեց և ուժի մեջ թողեց պարտադիր բաղադրիչը, ինչից հետո Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ թողնում է նախարարի պաշտոնը և դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Ընդ որում, Մանե Թանդիլյանի դիրքորոշումն արդարացված էր, քանի որ պայմանավորված էր ոչ թե միայն նրա՝ նախկին «Դեմ եմ»-ական լինելու հանգամանքով, այլ նրանով, որ «Ելք» դաշինքի ծրագրում հատուկ նշված էր, որ պետք է չեղարկել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Այսինքն՝ Մանե Թանդիլյանը կողմնակիցն էր այն մոտեցման, որով իրենց դաշինքն արժանացել էր ընտրողների վստահությանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի «պատմությունը» մի փոքր այլ էր։ Ա. Մինասյանը որպես պատգամավոր՝ ակտիվ մասնակցում էր կուտակային համակարգի դեմ ուղղված գործողություններին և Սահմանադրական դատարան դիմելու գործում ակտիվ դերակատարում ուներ։ Կառավարության նիստում նա հայտարարեց, որ դեմ է պարտադիր բաղադրիչին, սակայն կողմ է քվեարկելու։ Մինասյանի և Փաշինյանի բանավեճին չենք անդրադառնա. գրեթե բոլորը տեսել են կամ կարդացել։ Հետագա հարցազրույցներում այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ է ասում նախարարը։ Ի տարբերություն Մանե Թանդիլյանի, Արծվիկ Մինասյանը նախարարական պաշտոններ է զբաղեցրել Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններում, որոնք չէին պատրաստվում պարտադիր բաղադրիչը հետաձգել։

Իհարկե, ինչ-որ առումով նորմալ է և անգամ ուրախալի, որ կառավարության ներսում կա տարակարծություն։ Սակայն կուտակայինն այդ դեպքը չէր։ Կուտակային կենսաթոշակային համակարգն ամենակարևոր սոցիալ-տնտեսական ռեֆորմն է, և դրա վերաբերյալ դիրքորոշումները պետք է հստակեցվեին դեռ կառավարության ձևավորման ժամանակ։ Կառավարության ծրագրում կուտակային համակարգի մասին ոչինչ նշված չէր։ Դա արդեն բավականին տարօրինակ էր, սակայն ենթադրվում էր, որ բանավոր քննարկումների ժամանակ այս հարցի շուրջ միասնական մոտեցում է ձևավորվել։ Սակայն կառավարության նիստն ու դրան նախորդած ու հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ այս թեման նորմալ չի էլ քննարկվել։ Ավելին, համոզված ենք, որ նորմալ չի քննարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մշակած օրինագիծը, որի համաձայն՝ կառավարությունը նախկին 5%-ի փոխարեն իր վրա է վերցնում կենսաթոշակային վճարի 7.5%-ը՝ աշխատողներին թողնելով 2.5% վճար։

Հասկանալի է, որ պետությունը դրանով փորձել է մեղմել հակազդեցությունը։ Սակայն մյուս կողմից՝ այդ քայլով պետական բյուջեի տարեկան ծախսերն ավելանում են տարեկան 12-15 մլրդ դրամով։ Բացի այդ, խորանում է անարդարությունը. պետությունն ունևոր խավին ավելի շատ է օգնում, քան քիչ եկամուտ ունեցողներին (100 հազար դրամ ստացող քաղաքացու «փային» պետությունն ամեն ամիս ավելացնում է 7.5 հազար դրամ, 200 հազար դրամ ստացող քաղաքացու «փային»՝ 15 հազար դրամ)։ Տնտեսագիտական շրջանակները նոր են սկսել քննարկել այս քայլն ու դրա հնարավոր հետևանքները, այն էլ՝ սոցիալական ցանցերում։ Սակայն, ինչպես նշեցինք, կառավարությունում դժվար թե այդ նախաձեռնությունը լուրջ քննարկած լինեն։

Համոզված եմ, առաջիկայում լուրջ հակասություններ կառաջանան, երբ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Բոլորս հիշում ենք, թե ինչ պատահեց, երբ ՊԵԿ-ը որոշեց ստուգել «Առինջ Մոլի» առևտրականներին։ ՓՄՁ ոլորտի հարկման շեմի, դրույքաչափերի և մյուս հարցերը դառնալու են բուռն քննարկման առարկա, եթե Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դուր չգան «Ծառուկյան» դաշինքին։ Չի բացառվում, որ տեսնենք փողոցային ակցիաներ։ Իսկ հավանականությունը, որ դրանք «Ծառուկյան» դաշինքի սրտով չեն լինելու, բավականին մեծ է։ Ի վերջո, որքան էլ քննադատենք ՀՀԿ-ին, տնտեսական քաղաքականությունն իրականացնողները պրոֆեսիոնալներ էին, և ամեն բան չէ, որ սխալ էին անում։

Կարճ ասած, Փաշինյանին դեռ հաջողվում է կոշտ մեթոդներով «աշխատեցնել» կառավարությանը, ինչի համար ոմանք արդեն նրան վերագրում են դիկտատորական հատկանիշներ։ Սակայն այս պահին կոշտ մոտեցմանն այլընտրանք չկա, այլապես փորձելով ոչ մեկին չնեղացնել կամ բոլորին սիրաշահել՝ երկիրը կարող է հայտնվել փակուղու առաջ։ Սակայն ենթարկեցնելու ժողովրդական ռեսուրսն անսպառ չէ…

Հեղափոխության առաջին օրերից գրել ենք դրա հնարավոր տնտեսական էֆեկտների մասին՝ մրցակցային միջավայրի բարելավում, վստահության աճ, ներդրումային հետաքրքրության աճ և այլն։ Սակայն հեղափոխության դրական էներգիան կապիտալիզացնելու համար միայն քաղաքական կամքը և ստվերի/կոռուպցիայի կրճատումը բավարար չեն։

Անհրաժեշտ են լրջագույն, համարձակ, բայց խորը մտածված նախաձեռնություններ՝ նոր օրենքների կամ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով։ Ստվերն ու թափանցիկությունը կրճատելը միայն կոշտ մեթոդներով՝ վարչարարության և ԱԱԾ-ի միջոցով, օգուտ չի կարող տալ։ Դա պայքար է հետևանքների դեմ։ Համակարգը պետք է այնպիսին լինի, որ տնտեսվարողի կողմից ստվերում աշխատելը ձեռնտու չլինի։ Այսինքն՝ տնտեսության մեջ լուրջ արդյունքներ կարելի է ակնկալել միայն լուրջ բարեփոխումների իրականացման արդյունքում։

Սակայն այսօր այդ լուրջ բարեփոխումներ իրականացնելը դժվար է մի քանի պատճառով. նախ՝ կառավարությունն այսօր ժամանակի ու ռեսուրսների լուրջ խնդիր ունի և գլխավորապես կենտրոնացած է արտահերթ ընտրություններ անցկացնելու վրա։ Ու երկրորդ, այսօրվա լուրջ ու ոչ ստանդարտ լուծումները կարող են դուր չգալ կոալիցիոն գործընկերներին և վիժեցվել՝ տանելով ներքաղաքական իրավիճակի սրման և ցնցումների։

Լիարժեք լուրջ փոփոխություններ կարող են լինել, երբ Փաշինյանի գլխավորած ուժն արտահերթ ընտրություններում հաղթանակ կտանի, կստանձնի տնտեսական քաղաքականության պատասխանատվությունն ու «ազատ ձեռքերով» կկարողանա իրականացնել իր ծրագիրը։ Իսկ Փաշինյանի թիմի ձեռքերն այսօր կապված են առաջին հերթին՝ ո՛չ թե ԱԺ-ում ՀՀԿ-ական մեծամասնությամբ, այլ՝ «Ծառուկյան» դաշինքի գործոնով։ Համոզվելու համար դիտեք ԱԺ նիստը, որտեղ քննարկվում էր Բարեգործության մասին օրենքը։

Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն այդ օրինագիծն ընկալեցին որպես ուղղակի սպառնալիք՝ ուղղված կոնկրետ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ընդ որում, սա դեռ նախկին կառավարությունից մնացած, զգուշավոր և ոչ այնքան համարձակ նախագիծ է։ Պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե իրոք շրջանառության մեջ դրվեն ավելի լուրջ նախագծեր։

Այդ իսկ պատճառով, հերթական անգամ պետք է կրկնենք՝ հեղափոխությունից դրական արդյունք ունենալու համար պետք է այդ հեղափոխությունը հասցնել ավարտին և կազմակերպել արդար ընտրություններ։ Կառավարության ծրագրում նշված 1 տարին բավականին երկար ժամանակահատված է, քանի որ այդ շրջանում տնտեսությունում էական տեղաշարժեր չեն կարող լինել՝ որքան էլ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը բացահայտումներ անեն, որքան էլ նոր նշանակված պարկեշտ, կիրթ ու երիտասարդ ազնիվ պաշտոնյաները հայտարարեն, որ իրենց ուժերն անմնացորդ ծառայեցնելու են հայրենիքի շենացման գործին։

Եվս մի կարևոր բան: Պարզ է, որ այսօր արդեն բոլոր քաղաքական ուժերը զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելով։ Սակայն լավ կլինի, եթե քաղաքական տեխնոլոգիաներից բացի՝ ուշադրություն դարձվի գիտական/տնտեսագիտական կողմին։ Ես ակնկալում եմ, որ արդեն այսօրվանից պետք է ձևավորվի մասնագետների լուրջ թիմ, որը կսկսի աշխատել նախընտրական, հետագայում նաև՝ կառավարության ծրագրի վրա։ Մի քանի ամիսը լիուլի բավարար է հեղափոխական, սակայն հիմնավորված ու լուրջ երկարաժամկետ ծրագիր մշակելու համար։ Այնպիսի ծրագիր, որտեղ կլինեն նաև թվեր ու հաշվարկներ, և որի դրույթներից շեղվելու կարիք չի լինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: