Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական լրագրության դերը տնտեսության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման գործում

Վերադարձ լուրերի բաժին

09:37 , 16 Փետրվար 2018

տգթ, Կարապետ Թոմիկյան

Ազատ տնտեսական գործընթացներին պետության միջամտության հարցը միշտ եղել է տեսաբանների քննարկման առարկա՝ դարերի ընթացքում անցնելով լուրջ էվոլյուցիա։ Տնտեսագիտության դասական դպրոցը (Ա․ Սմիթը և նրա գաղափարակիցները) համոզված էր, որ տնտեսությունը ինքնակարգավորվող բարդ համակարգ է, և որ «անտեսանելի ձեռքը» ցանկացած իրավիճակում կկարգավորի շուկան։ Պետությունը, ըստ դասականների, պետք է միայն «գիշերային պահակի» գործառույթ իրականացներ, այն է՝ հասարակությանը պաշտպանել ներքին և արտաքին վտանգներից։

Այս գաղափարախոսությունը գերակայող էր համարվում մինչև 20-րդ դարի առաջին կեսը, երբ Ջ․Մ․Քեյնսն առաջ քաշեց տնտեսական գործընթացներին պետության ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Քեյնսյան մոդելը կառուցվեց այնպիսի ետպատերազմական ժամանակահատվածում, երբ շուկան ունակ չէր ինքնակարգավորվելու, իսկ պետությունները ռազմական մեծ ծախսերի միջոցով մեծ դերակատարում ունեին տնտեսության մեջ։

Այսպիսով, յուրաքանչյուր շուկայական տնտեսությունում պետության միջամտության անհրաժեշտությունն անվիճելի է։ Սակայն յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այդ միջամտության չափերը, ձևերը, մեխանիզմները։

Ինչո՞ւ, ի՞նչ գործիքակազմով և ի՞նչ դեպքերում պետք է պետությունը կարգավորի տնտեսական գործընթացները։ Այս հարցերին փորձում է պատասխանել տնտեսության պետական կարգավորման նորմատիվ մոտեցումը։

Թեև շուկան ինքնակարգավորվող համակարգ է, այնուամենայնիվ, այն ունի բացեր, որոնք ի զորու չէ հաղթահարել։ Այդ նպատակով պետությունը պարտավոր է մասնակցել այդ համակարգի կառավարմանը՝ որպես մի սուբյեկտ, որն ի տարբերություն շուկայի մյուս մասնակիցների, ստիպողական քաղաքականություն վարելու իրավունք ունի։

Անդրադառնանք շուկայի բացերի էությանը։

1 Սահմանափակ մրցակցություն։

Մրցակցությունը շուկային բնորոշ երևույթ է և համարվում է տնտեսության զարգացման կարևոր գրավականներից մեկը։ Սակայն առանձին օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով մեկ կամ մի քանի սուբյեկտ իշխանություն (մենաշնորհային կամ գերիշխող դիրք) ունեն տնտեսության տարբեր ոլորտներում։ Մենաշնորհներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբի՝ բնական, իրավական և իրավիճակային, որոնց կարգավորման գործում պետությունը կիրառում է տարբեր գործիքներ։

Բնական մենաշնորհների գոյությունը պայմանավորված է մասշտաբի էֆեկտով, երբ շուկա մուտք գործելու համար պահանջվում են հսկայական ծախսեր, և մեկ սուբյեկտից բացի մյուսներին ձեռնտու չէ ներդրումներ կատարել այդ ոլորտում։ Սովորաբար, բնական մենաշնորհային են հանրային ծառայությունների ոլորտները՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարում, փոստային կապ։

Իրավական է համարվում այն մենաշնորհը, որը պետության կողմից բացառիկ իրավունք է ստանում որևէ ոլորտում գործունեություն իրականացնելու։ Իրավական մենաշնորհների անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում 2 գործոնով։ Առաջին դեպքում, պետությունը պարտավոր է պաշտպանել հեղինակային իրավունքը, ուստի այն ամրագրվում է պետության կողմից, և սուբյեկտին բացառիկ իրավունք է տրվում օգտագործել կամ տնօրինել իր ստեղծած արդյունքը։ Երկրորդ դեպքում, որոշ ռազմավարական նշանակության ոլորտներում պետությունը նպատակահարմար է գտնում մեկ սուբյեկտի առկայությունը, որից կարող է պահանջել բավարար քանակությամբ ներդրումներ իրականացնել և ոլորտի ծառայությունների որակը պահել բարձր մակարդակի վրա։ ՀՀ-ում այդպիսի օրինական մենաշնորհ է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Առավել մեծ ուշադրության են արժանի իրավիճակային կամ ժամանակավոր մենաշնորհները, որոնք տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքներում առաջանում են այնպիսի ոլորտներում, որոնցում շուկան, կարծես թե, հնարավորություն ուներ մրցակցություն ապահովելու։

2 Արտաքին էֆեկտներ։

Գոյություն ունեն իրավիճակներ, երբ մի սուբյեկտի գործունեությունը լրացուցիչ վնաս է պատճառում (բացասական արտաքին էֆեկտ) կամ լրացուցիչ օգուտ է տալիս (դրական արտաքին էֆեկտ) այլ սուբյեկտի կամ սուբյեկտների։ Բացասական արտաքին էֆեկտի դասական օրինակ է, երբ գործարանը աղտոտում է շրջակա միջավայրը՝ վնաս պատճառելով հարակից տարածքների բնակչությանը։ Դրական արտաքին էֆեկտ կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ ձեռնարկությունն իր գործունեության համար ճանապարհ է կառուցում, որից օգտվում են նաև այլ սուբյեկտները։ Երկու դեպքում էլ պետության միջամտությունն անհրաժեշտ է։

3 Տեղեկատվության անկատարություն։

Երբ շուկայական պարզ իրավիճակում երկու սուբյեկտ մտնում են կամավոր գործարքի մեջ (օրինակ՝ հագուստի առք) ապա կողմերը բավարար տեղակտվություն ունեն գործարքի առարկայի մասին (գին, տեսք, որակ, օգտակարություն)։ Սակայն, գոյություն ունեն շուկաներ, որտեղ այդ տեղեկատվությունը թերի է (օրինակ՝ կրթության, առողջապահության, ապահովագրության ոլորտները)․ գործարքի մի կողմը՝ գնորդը, դրա մասին լիարժեք ինֆորմացիա կարող է ստանալ միայն այդ գործարքը կնքելուց շատ ժամանակ անց։ Այս դեպքերում պետությունը միջամտում է տեղեկատվության բացը լրացնելու նպատակով՝ օրինակ, նման ծառայությունների մատուցումը լիցենզավորելու միջոցով։

4 Հանրային բարիքների արտադրություն։

Հանրային բարիքները մասնավոր ապրանքներից և ծառայություններից տարբերվում են իրենց երկու հատկությամբ։ Նախ, դրանք անբացառելի են, այսինքն, հնարավոր չէ հանրային բարիքի օգտագործումը բացառել այն մարդկանց համար, ովքեր չեն վճարել դրա դիմաց: Երկրորդ, հանրային բարիքը սպառման մեջ «մրցակցային» է, այսինքն, մեկ անձի կողմից դրա սպառումը խոչընդոտում է մյուս անձին օգտակարություն ստանալ միևնույն բարիքից: Այս երկու հատկություններից էլ ակնհայտ է, որ մասնավոր հատվածի սուբյեկտները, որոնց նպատակը շահույթ ստանալն է, ի վիճակի չեն հանրային բարիք արտադրել․վերոնշյալ գործառույթն իրականացնում է պետությունը։ Հանրային բարիքներ են՝ օրենսդրությունը, ազգային պաշտպանությունը, փողոցների լուսավորությունը, ճանապարհային երթևեկության կարգավորումը և այլն։

Այսպիսով, վերը նկարագրված 4 շուկայական բացերով էլ պայմանավորված է տնտեսության պետական կարգավորման անհրաժեշտությունը։

Սակայն, ի հակադրումն պետական կարգավորման նորմատիվ տեսության՝ 20-րդ դարի 60-70-ականներից առաջ քաշվեց կարգավորման պոզիտիվ մոտեցումը՝ այսպես կոչված՝ «կարգավորման գերեվարում» տերմինը։

Այս մոտեցման համաձայն՝ պետությունը ներկայանում է քաղաքական իշխանությունների տեսքով, որոնք էլ կազմված են անձերից։ Վերջիններս հետապնդում են իրենց անձնական շահերը, այն է՝ իշխանությունների վերարտադրությունը, հետևաբար պետության գործառույթները շատ հաճախ իրականացվում են ի շահ իշխանությունների։

«Կարգավորման գերեվարման» ուսումնասիրությունները հիմնվում են Ջորջ Ստիգլերի «Տնտեսական կարգավորման տեսություն» հոդվածի վրա, որում հեղինակը համոզմունք է հայտնում, որ կարգավորումը մշակվում և իրականացվում է ելնելով բիզնեսի շահերից: Ստիգլերի տեսության հիմնական գաղափարը հետևյալն է. պետական կարգավորումները մշակվում, ներդրվում և կիրառվում են տնտեսության առանձին ճյուղերին օգուտներ տրամադրելու նպատակով:

Այդ օգուտները սովորաբար արտահայտվում են հետևյալ ձևերով.

– կառավարությունը կարող է սուբսիդիաներ տրամադրել,

– կարող է խոչընդոտել այլ մրցակիցների մուտքը տվյալ ոլորտ,

– ավելի հեշտությամբ կարող է սահմանել գների միասնական մակարդակ, քան դա կարող էր տեղի ունենալ որևէ կարտելի ներսում,

– կարող է զսպել փոխարինող ապրանքների արտադրությունը և ընդհակառակը, խթանել փոխլրացնող ապրանքների արտադրությունը (օրինակ, սուբսիդավորելով օդանավակայանների շինարարությունը և զարգացումը` կառավարությունն անուղղակիորեն խթանում է ավիաընկերությունների զարգացումը) և այլն:

Ըստ Ստիգլերի, տարաբնույթ օգուտների ստացման հնարավորությունը տնտեսության առանձին ճյուղերի կողմից ստեղծում է պահանջարկ պետական կարգավորման նկատմամբ: Մյուս կողմից, քաղաքական ուժերն արձագանքում են այդ պահանջարկին` ապահովելով իրենց քաղաքական ապավենը տվյալ ճյուղերի կողմից: Իրենց հերթին, տնտեսության ճյուղերը քաղաքական հենարանի նկատմամբ քաղաքական գործիչների հետաքրքրվածությունը օգտագործում են սեփական շահերի համար:

Քաղաքական որոշումների կայացման գործընթացում դրանց վրա ազդեցություն են ունենում ոչ թե առանձին անհատները, այլ` շահագրգիռ խմբերը: Քաղաքական գործիչ չհանդիսացող անհատները չեն մասնակցում գործընթացին, քանի որ քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ սեփական պատկերացումների ձևավորումը նրանցից պահանջում է ժամանակ, ջանքեր և նյութական ծախսեր, իսկ դրանց դիմաց հետագայում ստացվելիք օգուտները չնչին են լինելու: Հետևաբար, իշխանություններն ավելի քիչ հաշվի կառնեն այն խմբերի շահերը, որոնց նախասիրությունները ավելի թույլ են արտահայտված:

Բնականաբար, յուրաքանչյուր շահագրգիռ խումբ ինքնաձևավորվելու համար պետք է ծախսեր կատարի. ոմանց համար դրանք շատ են, մյուսների համար` քիչ: Քիչ թվով մասնակիցներ ունեցող փոքր խմբերն այս առումով առավելություններ ունեն, հետևաբար  ավելի կազմակերպված են:

Ըստ Ստիգլերի, քաղաքական ազդեցության առումով արտադրողներն ավելի լավ են կազմակերպված, քան սպառողները: Քանի որ քաղաքական ուժերը շահագրգռված են ընտրվելու կամ վերընտրվելու մեջ, իսկ այդ գործում կազմակերպված արտադրողները կարող են ավելի էական ներդրում կատարել (որոշ երկրներում անհատներին և կազմակերպություններին թույլատրվում է առանց սահմանափակումների նվիրատվություններ անել քաղաքական ուժերի հիմնադրամներին, իսկ որոշ երկրներում էլ այս գործընթացը ստվերային բնույթ է կրում), ապա կարգավորումների նկատմամբ ճյուղերի կողմից ներկայացված պահանջարկին քաղաքական գործիչների արձագանքը միանգամայն բնական և տնտեսապես ռացիոնալ կարելի է համարել: Արդյունքում, տնտեսության պետական կարգավորումներն ուղղորդվում են ոչ թե շուկայի բացերի վերացմանը, այլ առանձին ճյուղերի օգտին եկամուտների վերաբաշխմանը` դրա դիմաց քաղաքական և ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:

1976թ. Սեմ Պելցմանը զարգացրեց Ստիգլերի տեսությունը: Ըստ նրա, քաղաքական գործիչները կարգավորումները մշակում են այնպես, որ առավելագույնի հասցնեն իրենց քաղաքական հենարանը: Դա նշանակում է, որ պետական կարգավորումը միշտ չէ, որ օգուտ է բերում միայն արտադրողներին, քանզի սպառողների որոշ խմբեր նույնպես ի վիճակի են ինքնակազմակերպվել` քաղաքական ազդեցություն թողնելու նպատակով: Ավելին, եթե կարգավորման հետևանքով արտադրողների շահույթը ոչ էականորեն նվազի, ապա դրա հետևանքով արտադրողներն անմիջապես և համընդհանուր ձևով չեն հրաժարվի իշխանություններին քաղաքական աջակցություն տալուց:

Քանի որ ցածր գները ձեռնտու են սպառողներին, իսկ բարձր գները` արտադրողներին, ապա, Պելցմանի դրույթների համաձայն, կարգավորիչի (իշխանությունների) հիմնական խնդիրը արդյունավետ կարգավորման ձևավորման և իրականացման հարցն է` ընտրողների կողմից քաղաքական աջակցության օպտիմալացման տեսանկյունից: Դրա համար գների մակարդակը պետք է սահմանվի այնպես, որ եկամուտների վերաբաշխման հաշվին քվեների աճն առնվազն հավասար լինի գների աճի հետևանքով քվեների նվազմանը:

Շուկայի բացերը կարգավորելու նպատակով իր գործառույթներն իրականացնելիս պետությունը կարող է հանդիպել խոչընդոտների, այսինքն՝ «պետական կարգավորման բացերի»։ Դրանք կարող են պայմանավորված լինել նախ, «կարգավորման գերեվարման» տեսության կողմնակիցների առաջ քաշած դրույթներով, որոնց համաձայն, իշխանություններն առաջնորդվում են անձնական շահերով և երկրորդ, պետական կառավարման մարմինների ոչ արդյունավետ գործունեությամբ։

Երկու դեպքում էլ պետությանը կարող է աջակցել տնտեսական լրագրությունը, քանի որ վերջինս միակ միջոցն է (պետական քաղաքականությունից բացի), որով գործադրած հարաբերական ստիպողական քաղաքականությամբ հնարավոր է կարգավորիչ գործառույթներ իրականացնել։ Հարկ է նշել, որ ի տարբերություն պետության, տնտեսական լրատվամիջոցների գլխավոր նպատակը շահույթ ստանալն է, հետևաբար նրանց կողմից տնտեսության կարգավորման գործընթացն իսկզբանե հնարավոր չէ դիտարկել պոզիտիվ տեսությունների շրջանակներում։

Մեր կողմից առանձնացվել է 4 ձև, որոնցով տնտեսական լրագրությունը կարող է լրացնել «պետության բացերը» և մասնակցել շուկայի բացերի կարգավորման գործընթացին։ Որպես շուկայի բացի օրինակ՝ կդիտարկենք սահմանափակ մրցակցությունը։

1 Համագործակցություն։

Շուկայի բացերի կարգավորման գործընթացում և՛ պետությունը, և՛ շուկան շատ հաճախ տեղեկատվության պակաս ունեն, որը կարող է լրացվել տնտեսական լրագրության հետ համագործակցության միջոցով։ Ընդ որում, անհրաժեշտ է տեղեկատվությունը փոխանցել ինչպես պետությունից շուկային, այնպես էլ՝ հակառակ ուղղությամբ (Գծապատկեր 1․)։

tnt-lr-1

Պետությունը կարող է ինֆորմացիան փոխանցել պետական գերատեսչությունների ասուլիսների, հարցազրույցների, հաղորդագրությունների, հայտարարությունների և այլ միջոցներով, իսկ  շուկայից ազդակները պետությանը կարող են հասնել ԶԼՄ-ների միջոցով խնդիրների բարձրաձայնմամբ։ Օրինակ, որևէ սուբյեկտի կամ սուբյեկտների կողմից հակամրցակցային գործողությունների մասին հասարակությունը կարող է լրագրության միջոցով տեղեկացնել պետությանը, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կարող է այդ տեղեկատվության հիման վրա տվյալ ապրանքային շուկայում ուսումնասիրություններ սկսել։

2 Վերահսկողություն (ճնշում)։

Ինչպես արդեն նշեցինք, տնտեսական լրագրության գործառույթներից է պետական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։ Շուկայից հավաքագրած տեղեկատվության հիման վրա լրատվամիջոցը կարող է ուսումնասիրել «պետության բացը», և այդ տեղեկատվությամբ ճնշում գործադրել պետական կառավարման համակարգի վրա  (Գծապատկեր 2․)։

tnt-lr-2

Օրինակ, ուսումնասիրություն կատարելով որևէ ապրանքային շուկայում՝ լրատվամիջոցը բացահայտում է, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է քաղաքական իշխանությունների հովանավորյալը՝ խոչընդոտելով այլ մրցակիցների մուտքը տվյալ շուկա։ Տեղեկատվական հոսքի միջոցով լրագրությունը պարտավոր է միջամտել շուկայի տվյալ բացի կարգավորմանը։

3 Մասնագիտացված բարիք։

Տնտեսական լրագրությունը կարող է լինել շուկայական հարաբերությունների օբյեկտ՝ պետությանը կամ մասնավոր հատվածին առաջարկելով մասնագիտացված բարիք (Գծապատկեր 2․)։ Խոսքը ոչ թե պատվիրակված լրատվության կամ գովազդի մասին է, այլ՝ շուկաների և երևույթների մասնագիտական վերլուծության, խնդիրների լրագրողական հետաքննության։ Այս դեպքում լրատվամիջոցն, ունենալով համապատասխան մասնագիտական ռեսուրս, կարող է վճարովի սկզբունքով լրացնել տեղեկատվության այն բացը, որն ունեն պետությունը կամ տնտեսվարող սուբյեկտները։ Օրինակ, տնտեսական լրատվամիջոցը կարող է ՏՄՊՊՀ-ին կամ մասնավոր ընկերությանը վաճառել որևէ ապրանքային շուկայում իր մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։

tnt-lr-3

Բացի վերոնշյալ 3 ձևերից, ընթերցողների թիվն ավելացնելու ակնկալիքով տնտեսական լրագրությունը կարող է պարզապես հետաքրքիր տեղեկատվություն տրամադրելու նպատակ ունենալ։ Սակայն նման դեպքերում կարևոր նախապայման է զգուշությունը, քանզի լուրջ մասնագիտական հենք չունեցող լրատվությունը կարող է հակամրցակցային էֆեկտ ունենալ, վարկաբեկել որևէ տնտեսվարող սուբյեկտի կամ լուրջ խնդիրներ առաջացնել առավել զգայուն ոլորտներում (օրինակ, բացասական կարծիք հայտնելով առևտրային բանկի ֆինանսական վիճակի մասին՝ լրատվությունը կարող է խուճապ ստեղծել ֆինանսական ոլորտում)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Փող՝ Երևանի համար. ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում զարգացնել մայրաքաղաքը

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Երևանը հանրապետություն է՝ հանրապետության մեջ։ Ֆինանսական, տնտեսական, աշխատանքային ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։