Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

2020-ի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է պահպանվել հարաբերականորեն ցածր մակարդակում: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրից (2-րդ եռամսյակ, 2020): Կենտրոնական բանկը գնահատում է, որ երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում կգրանցվի տնտեսության պատմականորեն ամենախոր անկումներից մեկը, ինչը գնանկումային ճնշումներ կառաջացնի ՀՀ տնտեսության համար։ Միաժամանակ, ըստ ընթացիկ գնահատումների, նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսության տարեկան աճի կանխատեսվող տեմպը՝ 2020 թվականի համար նախորդ եռամսյակում կանխատեսած 0․7%-ից իջեցնելով մինչև -4.0%, որը պայմանավորված է ինչպես երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության անկման խորացմամբ, այնպես էլ հետագայում վերականգնման առավել դանդաղ տեմպերի սպասումներով:

Ընդ որում, ԿԲ-ն գնահատում է, որ, պայմանավորված պահպանվող մեծ անորոշություններով մասնավոր պա­հան­ջարկի վրա կզգացվեն լրացուցիչ բացասական ճնշումներ, ուստի որոշեց արձագանքել առավել մեծ չափով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 0.5 տոկոսային կետով: Արդյունքում՝ գնաճը, առաջիկա ամիսներին ցածր մնալով նպատակային ցուցանիշից, միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կկայունանա դրա շուրջ:

Ըստ ԿԲ ընթացիկ գնահատումների՝ տարվա երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա` պայմանավորված և՛ առաջարկի, և՛ պահանջարկի գործոնների ազդեցությամբ: Առաջարկի տեսանկյունից անկումը հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների ճյուղերում թողարկման ծավալների էական նվազումների արձանագրմամբ։ Պահանջարկի տեսանկյունից նվազումը կարտահայտվի ընդհանուր մասնավոր ծախսումների կրճատմամբ և կարող է կրել առավել երկարաժամկետ բնույթ՝ անորոշությունների առավել երկար պահպանման պարագայում: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում և ամբողջ տարվա ընթացքում կլինի խթանող: Արդյունքում՝ ՀՆԱ ճեղքվածքը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար գնահատվում է զգալի բացասական, իսկ հաջորդ տարվա ընթացքում, խթանող դրամավարկային և հարկաբյուջե­տային քաղաքականությունների ազդեցությամբ, աստիճանաբար կփակվի, ինչի պարագայում գնաճի վրա գնանկումային ճնշումները ևս աստիճանաբար կչեզոքանան:

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերը նկարագրված հեռանկարի ներքո գնաճը, առաջիկա եռամսյակների ընթացքում ցածր մնալուց հետո, կսկսի աստիճանաբար վերականգնվել: Գնահատվում է, որ հասարակության կարճաժամկետ գնաճային սպասումները ընթացիկ անորոշությունների մեծացման և պահանջարկի վերականգնման տեմպերի թուլացման սպասումների ներքո որոշակիորեն նվազել են։ Այնուհանդերձ ակնկալվում է, որ միջնաժամկետ հատվածում գնաճային սպասումները, գնաճի վերականգնմանը համընթաց, կկայունանան, իսկ դրանց վերաբերյալ մեծ անորոշությունը, համավարակային վիճակի կայունացմանը զուգընթաց, աստիճանաբար կչեզոքանա: Հաշվի առնելով արտաքին և ներքին պահան­ջարկի նշանակալի թուլացումը և վերականգնման հավանական դանդաղումը, ինչպես նաև համավարակի ընթացիկ զարգացումներով պայմանավորված անորոշությունների բացասական ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը որոշեց մեծ քայլով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո, գնաճի նպատակի իրագործման համար դեռևս անհրաժեշտ կլինի միջնաժամկետ հատվածում ևս պահպանել խթանող դրամավարկային պայմանները:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։