Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակնկալիքների «թակարդը»

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 09 Մայիս 2018

Ինչպես և կարելի էր սպասել, սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկումներ են ընթանում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված։ Արդեն շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ՝ կառավարության կազմում։ Նաև՝ յուրաքանչյուրն իր կարծիքն է թելադրում, թե ինչ պետք է անի Փաշինյանի կառավարությունը և ինչ չպետք է անի։

Օրինակ, հնչում են այս տիպի կարծիքներ՝ Հայաստանում հանքերը պետք է փակվեն (կամ՝ գոնե դրանց մեծ մասը)։ Հասկանալի է՝ բնապահպանության առումով՝ հանքերն ամենացանկալի բանը չեն։ Սակայն իրողությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։ Հանքարդյունաբերությունն ապահովում է մեր արտահանման մոտ 40%-ը։ Հայաստանում գործող մոտ 2 տասնյակ հանքարդյունաբերական ընկերությունները միասին անցած տարի վճարել են շուրջ 55 մլրդ դրամի հարկեր, ինչը բավականին մեծ թիվ է ՀՀ բյուջեի համար։ Այս ընկերություններում աշխատում է մոտ 10 հազար մարդ։ Այսքանը բավական է՝ պատկերացնելու համար հանքարդյունաբերության նշանակությունը։

Հանքերը ոչ թե պետք է կատեգորիկ փակել, այլ պատշաճ ձևով իրականացնել վերահսկողությունը, թե դրանք ինչպես են կատարում բնապահպանական նորմերը։ Եթե չեն կատարում, ուրեմն պետք է պատժել՝ օրենքով սահմանված կարգով։ Սակայն փակել հանքը միայն այն պատճառով, որ դա հանք է՝ անընդունելի է։

Տեսականորեն հանքարդյունաբերությունից հրաժարվելու մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ կլինի հանքարդյունաբերությանը համարժեք այլընտրանք՝ աշխատատեղերի և եկամուտների առումով։ Քանի դեռ այդ այլընտրանքը չկա, որևէ բան փակելու մասին պետք չէ խոսել՝ մանավանդ, որ անցումային այս փուլում տնտեսությունն առանց այն էլ խոցելի վիճակում է, և կտրուկ քայլերը կարող են վատ հետևանքներ ունենալ։

Ու եթե վաղ-մյուս օրը կառավարությունը պատասխանատու մոտեցում ցուցաբերի (կարծում ենք՝ այդպես էլ կլինի), ապա մի շարք քաղաքացիներ դժգոհելու են և հայտարարեն, որ նոր կառավարությունը նախորդից չի տարբերվում։

Ի դեպ, երբ փորձում ես այս փաստարկները ներկայացնել հանքերի փակման կողմնակիցներին, ի պատասխան՝ հաճախ հնչում է այսպիսի տեսակետ՝ «ոչինչ, ալեքսանյաններին ու մնացածին կբերենք հարկային դաշտ, և ամեն ինչ լավ կլինի» (գրեթե բառացի մեջբերում է)։

Սա էլ երկրորդ մոլորությունն է։ Շատ մարդիկ տնտեսությունը (այդ թվում՝ հանքարդյունաբերությունը) նույնացնում են հարկային մուտքերի հետ։ Սակայն նոր կառավարության գերխնդիրը ոչ թե հարկերը գերակատարելն է, այլ տնտեսական աճ ապահովելը, որը կբերի նաև ավելի մեծ հարկեր։

Բացի այդ, այս պահին ո՞վ կարող է գնահատել, թե «ալեքսանյանները» որքան հարկ են թաքցնում։ Որևէ մեկը բացառո՞ւմ է, որ պետության կողմից ուժեղ ճնշման դեպքում որոշ գործարարներ կարող են հակառակը՝ կտրուկ նվազեցնել հարկերը։ Օրինակ, Ալեքսանյանին պատկանող միայն մեկ ընկերություն՝ «Ալեքս Հոլդինգը», անցած տարի վճարել է մոտ 22 մլրդ դրամի հարկեր։ Այսինքն, սա բյուջեի հիմնասյուներից մեկն է, որի հետ զգույշ է պետք «խաղալ»: Սակայն շատերին թվում է, թե տնտեսություն կառավարելը խաղուպար է։ «Մոնոպոլիաները վերացնենք, ամեն ինչ լավ կլինի»,- ասում են նրանք։ Սա էլ մյուս մոլորությունն է։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումներից մեկը վերաբերում է հենց մենաշնորհների վերացմանը։ Նա երեկ էլ վերահաստատեց, որ իր ընտրվելուց հետո մենաշնորհներ չեն լինի։ Սակայն այստեղ ձևակերպումների մեջ շատ զգույշ է պետք լինել, որպեսզի վաղը Փաշինյանից չպահանջեն մի բան, ինչը նա չէր կարող անել։

Տեսեք, Հայաստանում մենաշնորհ ասելով՝ շատերն առաջին հերթին՝ նկատի ունեն շաքարի շուկան։ Ըստ ՀՀ օրենսդրության չափանիշերի՝ շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա. դե յուրե Հայաստան շաքար են ներկրում մոտ 2 տասնյակ ընկերություններ։ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգին» բաժին է ընկնում ներկրվող շաքարի մոտավորապես 97%-ը։ Բոլորը հասկանում են, որ սա փաստացի մենաշնորհ է, սակայն օրենքի խախտում չկա։

Օրենքը փոխելը ժամանակ է պահանջում։ Ուրեմն՝ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ փաստացի մենաշնորհը վերացնելու համար։ Միակ ձևն այդ ընկերությունը մասնատելն է, որի հնարավորությունը, սակայն, ՀՀ օրենսդրությունը չի տալիս։ Ներկայիս օրենսդրությունը պատիժ է սահմանում միայն գերիշխող դիրքի չարաշահման համար: Անօրինական մեթոդներով էլ դա անելն անընդունելի է։ Սրան էլ գումարենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ քաղաքական և ՏՆՏԵՍԱԿԱՆ վենդետաներ չեն լինելու։

Այսինքն՝ «Ալեքս Հոլդինգին» կոշտ մեթոդներով չեն մասնատի կամ ոչնչացնի։ Այդ դեպքում, ո՞րն է Փաշինյանի խոստման իմաստը։ Նա խոստանում է, որ մայիսի 8-ից սկսած՝ ով ինչ ցանկանա, կարող է ներկրել՝ առանց որևէ խոչընդոտների, շաքար, բանան, վառելիք և այլն։

Այսինքն՝ Փաշինյանի կառավարությունը ոչ թե վերացնելու է փաստացի գոյություն ունեցող մենաշնորհը, այլ վերացնելու է այն պայմանները, որոնք նպաստում են մենաշնորհի ձևավորմանը՝ լծակների օգտագործում, ահաբեկում, անհավասար մաքսազերծման պայմաններ, և այլն։ Սակայն արդեն գոյություն ունեցող մենաշնորհի խնդիրը չի լուծելու։

Սա էլ դեռ ամենը չէ։ Ինչպես բազմիցս նշել ենք, անգամ օրենսդրության իդեալական կիրարկման դեպքում, հավանականությունը, որ շաքարի շուկայում կհայտնվի «Ալեքս Հոլդինգին» մրցակից, գրեթե զրոյական է։ Պատճառը ոչ միայն մասշտաբի էֆեկտն է (Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրվող շաքարի ծավալները), և ոչ էլ այն, որ ամենամեծ վաճառքի ցանցը նրան է պատկանում։

Կա մի շատ ավելի կարևոր պատճառ. Ալեքսանյանը դե յուրե ներմուծում է ոչ թե՝ պատրաստի շաքար, այլ՝ շաքարի հումք, որի մաքսազերծումն ավելի էժան է` գործում է զրոյական մաքսատուրք։ Դա ֆիքսված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրով և ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Այսինքն, «Ալեքս Հոլդինգը» ապրիորի հսկայական մրցակցային առավելություն ունի։

Միակ տեսական հնարավորությունը, որ Հայաստանում շաքարի մենաշնորհը շատ արագ վերանա, այն է, որ ինչ-որ մեկը նույնպես շաքարի գործարան կառուցի և հումք ներմուծելով՝ սկսի մեծ քանակությամբ շաքար արտադրել։ Սակայն դրա հավանականությունը շատ փոքր է։

Կարճ ասած, համոզված ենք՝ այսօրվանից ոչ ոք ոչ ոքի չի արգելի շաքար ներմուծել, սակայն շաքարի մենաշնորհը Հայաստանում առաջիկա ամիսներին հաստատ չի վերանա։ Այս մասին հիմա ենք գրում, որպեսզի վաղը Փաշինյանի կառավարությանը սա «դեմ չտան»՝ ցույց տալու համար, որ խոստումը չի կատարում։

Իհարկե, սա չի նշանականում, որ ոչինչ չի կարելի անել։ Կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնք, սակայն, ժամանակ են պահանջում։

Փոխարենը՝ նույն Սամվել Ալեքսանյանի բիզնեսների հետ կապված՝ կարելի է ահագին բան անել՝ ապահովել թափանցիկությունը, ստվերային մասը բերել «լույսի տակ», վերահսկել, որպեսզի անարդար մրցակցության չդիմի, և այլն։

Վառելիքի շուկայում մենաշնորհ չկա՝ այստեղ օլիգոպոլիա է։ Այս հարցում նոր կառավարությունն ավելի շատ մանևրելու տեղ ունի, քան շաքարի դեպքում։ Կարելի է շուկայի մուտքի ոչ ֆորմալ խոչընդոտներն իրոք վերացնել, փորձել ներգրավել նոր խաղացողների, և այլն։ Ու այս առումով բավականին լուրջ գործ պետք է անի Տնտեսական մրցակցության հանձնաժողովը՝ վերլուծելով գնագոյացման ամբողջ շղթան և ներկայացնելով դա հասարակությանը։

Բանանի շուկան նույնպես ուշադրության կենտրոնում է լինելու: Բնականաբար, վերանայվելու են նաև լայն սպառում ունեցող, «փող բերող» այլ ապրանքների ներկրման քվոտաները (ծխախոտ, ալկոհոլ և այլն)։ Սակայն ամենակարևորը դա չէ։

Սա, եթե կուզեք, տնտեսական խնդիրների փոքրագույն մասն է։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է մենաշնորհների վրա, և հենց մենաշնորհները վերանան, տնտեսությունը կզարգանա։ Այդպես չէ։ Ուշադրություն դարձրեք, աղմկահարույց բոլոր մենաշնորհները վերաբերում են ներկրմանը։ Սակայն տնտեսական աճի համար կարևոր է ո՛չ այնքան ներմուծման ոլորտը «մաքրելը», այլ՝ ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելը։

Մոնոպոլիաներն ու ստվերը, որոնց մասին շատ է խոսվում, իրենց նշանակությամբ երկրորդական բաներ են։ Շատ ավելի կարևոր է երկարաժամկետ տնտեսական աճի հիմքեր ստեղծելը սեփական երկրում։ Իսկ մոտակա շաբաթներին նոր կառավարության թիվ մեկ գերխնդիրը պետք է լինի անկեղծությունը՝ սեփական ժողովրդի հետ։ Այսինքն, մարդկանց պետք է հստակ ներկայացվեն ինչպես՝ հեռանկարները, այնպես էլ՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները՝ խուսափելով պոպուլիզմից և անհավանական խոստումներից։ Միայն փոխադարձ անկեղծության և վստահության պարագայում է հնարավոր ապահովել մեր երկրի առաջընթացը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: