Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: Տնային տնտեսությունների եկամուտները և պարտքի բեռը 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԿԲ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության վերաբերյալ հաշտվետվության մեջ կենտրոնական դրամատան մասնագետները նշել են, որ տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերը մնացել են կառավարելի շրջանակներում, սակայն պարտքի բեռի շարունակական աճը մեծացրել է տնային տնտեսությունների խոցելիությունը: Այս պարագայում կարևորվում է մակրոտնտեսական պայմանների բարելավման միտումների պահպանումը` նպաստելու տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների աճին և պարտքի բեռի թեթևացմանը:
Տնային տնտեսությունների եկամուտների գերակշիռ մասն աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներն են, որոնց աճը կիսամյակի ընթացքում կազմել է 5.6% :

Nkar_1_Popokhutyunner

Աշխատավարձի աճը երկրորդ եռամսյակում ուղեկցվել է գործազրկության տ/տ -2,6 տոկոսային կետ նվազումով: Տնային տնտեսությունների եկամուտների վրա որոշակի բացասական ազդեցություն է ունեցել արտասահմանից ստացվող զուտ անձնական տրանսֆերտների ու աշխատողների վարձատրության միջոցների ծավալների դոլարային արտահայտությամբ նվազումը՝ պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկմամբ և շինարարության և առևտրի ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ:

Կիսամյակի ընթացքում ռեզիդենտ տնային տնտեսությունների ավանդների ծավալն աճել է 2.7%-ով: Ընդ որում՝ դրամային ավանդների մասնաբաժինն ընդհանուր ավանդներում շարունակել է աճել և հունիսի վերջին կազմել է 57.0%: Ավանդների դրամայնացումը, այլ հավասար պայմաններում, նպաստում է դրամով վարկավորելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է արտարժութային տատանումներից ածանցվող վարկային ռիսկը: Տնային տնտեսությունների խնայողության միջոցներից աճել է նաև գանձապետական պահառուի միջոցով ձեռք բերված պետական պարտատոմսերի ծավալը:

Nkar_2_Tnayin_Tntesutyunneri_Partavorutyunner_2019_1

Դիտարկվող ժամանակահատվածում պահպանվել է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ տնային տնտեսությունների վարկավորման ծավալների աճի միտումը, ինչը մեծացրել է հավանական ցնցումների նկատմամբ տնային տնտեսությունների խոցելիությունը: Տնային տնտեսությունների պարտքի բեռը բնութագրող հիմնական ցուցանիշներից վարկ/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և կազմել 24.2% (2018 թ.՝ 22.2%): Տնային տնտեսությունների վարկային բեռի մակարդակը կառավարելու նպատակով նախատեսվում է իրականացնել պարտքի բեռի հետագա խորացումը զսպելուն ուղղված աշխատանքներ:

Ավանդների համեմատ վարկերի առաջանցիկ աճի պայմաններում 2015 թ. հետո առաջին անգամ վարկ/ավանդ հարաբերակցությունը գերազանցել է 100%-ը՝ հունիսի վերջին կազմելով 100.9%: Արդյունքում՝ վարկային հաստատությունների համար տնային տնտեսությունները սկսել են հանդես գալ որպես զուտ վարկառու՝ զուտ ֆինանսավորողի փոխարեն: Այս պարագայում հետագա տարիներին տնային տնտեսությունների ակտիվ վարկավորումը պետք է զուգակցվի տնօրինվող եկամուտների համապատասխան աճով՝ բարձր վարկային բեռով պայմանավորված վարկային ռիսկը զսպելու համար: Այդուհանդերձ, վերջին տարիներին տնային տնտեսությունների վարկավորման աճն ուղեկցվել է վարկային պորտֆելի ժամկետայնության որոշակի աճով, ինչը, այլ հավասար պայմաններում, մեղմում է պարտքի սպասարկման բեռը: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված հարցումների՝ տնային տնտեսությունների վարկավորման աճի սպասումներ ձևավորվել են նաև 2019 թ. երկրորդ կիսամյակի համար :

Nkar_3_Tn-tntesutyunnerin_tramadrvac_Varkeri_tokos_2019-1

Վարկավորման շուկայում մրցակցությունը բարձր է եղել հատկապես սպառողական վարկերի մասով, որի աճը կիսամյակի կտրվածքով կազմել է 14.2%: Հատկապես բարձր է առցանց բանկային համակարգերի միջոցով արագ, առանց գրավի ապահովվածության սպառողական վարկերի ծավալների աճը: ՀՀ կենտրոնական բանկի հարցման համաձայն՝ այս պայմաններում որոշ վարկային հաստատություններ նշել են սպառողական վարկատեսակների գնային պայմանների խստացման ճնշումների մասին, որոնք կարող են չեզոքացվել վարկավորման այլ պայմանների բարելավմամբ: Վարկավորման աճին զուգահեռ աճել է չաշխատող սպառողական վարկերի ծավալը, որի արդյունքում 1.2 տոկոսային կետով աճել է վերջինների մասնաբաժինն ընդհանուր սպառողական վարկերում և կազմել 9.2%:

Nkar_4_Sparoghakan_Varkayin_Portfel_2019-1

Հիպոթեկային վարկերը ևս զգալի աճել են՝14.3%-ով՝ հիմնականում պայմանավորված առաջնային շուկայից ձեռք բերված անշարժ գույքի հիպոտեկային վարկերի աճով: Դա կապված է տոկոսագումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի, իրականացվող վերաֆինանսավորման պետական ծրագրերի, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում սպասվող գների աճի հետ: ՀՀ-ում անշարժ գույքի միասնական միջին գների բացակայության պատճառով որպես անշարժ գույքի գնային զարգացումների չափորոշիչ են ընտրվել Երևանի բնակարանների միջին գները: Հիպոթեկային շուկայի խթանմանն ուղղված միջոցառումների ներքո շարունակվել է հիպոթեկային պորտֆելի դրամայնացումը, և կիսամյակի վերջին դրամային հիպոթեկային վարկերի մասնաբաժինն ընդհանուր հիպոտեկային վարկերում կազմել է 61.9%: Միաժամանակ, կիսամյակի ընթացքում փոքր-ինչ նվազել է հիպոթեկային չաշխատող վարկերի տեսակարար կշիռը և կազմել 2.6%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: