Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՄՊՊՀ vs «Հայկական ծրագրեր». կոնֆլիկտը սրվում է

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:08 , 04 Մարտ 2016

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր անդրադարձել է «Հայկական ծրագրեր» ընկերության բաց նամակին, որով ընկերությունը դժգոհում էր ՏՄՊՊՀ-ի կողմից իր դեմ հարուցված վարչական վարույթից։ «Հայկական ծրագրեր»-ը, մասնավորապես, նշել էր, որ ՏՄՊՊՀ-ի գործողությունները հիմնավորված չեն, քանի որ ինքը գերիշխող դիրք չունի։

ՏՄՊՊՀ-ի պատասխանը ամբողջությամբ հրապարակում ենք ստորև.

«Օրերս մամուլում հրապարակվեց Հայկական Ծրագրեր ընկերության, այսպես կոչված, բաց նամակը, որտեղ ընկերությունը, տուրք տալով անհեթեթ մեկնաբանություններին, դժգոհում է ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության դեմ հարուցված վարչական վարույթից:

Ընկերության կողմից որդեգրած գործելաոճը հանրությանը ապակողմնորոշելու էժանագին փորձ է, ինչը դատապարտելի է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Մրցակցային օրենսդրության բացարձակ անտեղյակության հետևանքով ընկերության ներկայացուցիչները թույլ են տալիս մեղմ ասած անհիմն և ոչ գրագետ պնդումներ անել գործի մանրամասների վերաբերյալ:

Դեմ լինելով անհարկի մեկնաբանություններին և գործի հանգամանքերի անտեղի չարաշահումներին, ՀՀ ՏՄՊՊՀ-ը պարզաբանում է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվել է Հայկական Ծրագրեր ընկերության կողմից ծրագրերի սպասարկման գների բարձրացման վերաբերյալ: Հաշվի առնելով մասնավորապես այն, որ ծրագրային ապահովումների փոփոխություններ իրականացնելը տարբեր ընկերությունների համար կարող է լինել ծախսատար և տնտեսվարողները, այլընտրանք չունենալով, կարող են ստիպված համաձայնվել ծրագրային սպասարկման ծառայությունների գների բարձրացումներին, Հանձնաժողովը սկսել է իրականացնել ուսումնասիրություն՝ գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` պահանջելով ներկայացնել հիմքեր՝ գների բարձրացման հետ կապված, ինչին ի պատասխան ստացել է առավել քան տարօրինակ և մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ պատասխան. «Սպասարկման գներ սահմանելիս ընկերությունը հիմնվում է բացառապես իր փորձի ու զգացողությունների վրա» :

Հաշվի առնելով, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գնային քաղաքականությունը գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ՏՄՊՊՀ-ը փորձել է պարզել, թե տնտեսական առումով ինչքանով է հիմնավորված ընկերության վարքագիծը: Ի դեպ, ուսումնասիրության ընթացքում Հայկական ծրագրեր ընկերությունը մշտապես ներկայացրել է թերի և մասնակի տեղեկատվություն, իսկ հետագայում նաև միտումնավոր հրաժարվել է տրամադրել ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութերը: Հաշվի առնելով, որ այդ տվյալները ուսումնասիրության շարունակության համար ունեն էական նշանակություն, իսկ ընկերությունը ամեն կերպ խոչընդոտում է վարչական վարույթի ընթացքին և Հանձնաժողովի աշխատանքներին, ուստի Հանձնաժողովը կասեցրել է հարուցված վարչական վարույթի ժամկետի ընթացքը, իսկ հետագայում օրենքի պահանջին համապատասխան, ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց: Հավելենք, որ վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև նիստ, որտեղ ներկա ընկերության ներկայացուցիչներին իրազեկվել է տվյալների ներկայացման անհրաժեշտությունը և չներկայացնելու դեպքում դրանից բխող հետևանքները:

Տեղեկացնենք նաև, որ վարչական վարույթի ընթացքում ընկերությունը արդեն իսկ փորձել է դատական կարգով բողոքարկել Հանձնաժողովի գործողությունները, սակայն դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումի ընդունումը՝ այն հիմքով, որ հայցով ներկայացված պահանջը ինքնուրույն ենթակա չէ դատական կարգով քննության:
Իրականությանը չի համապատասխանում նաև Հայկական ծրագրեր ընկերության այն հայտարարությանը, իբրև թե իրենց մասնաբաժինը շուկայում շատ փոքր է և իրենք չեն կարող գերիշխող դիրք զբաղեցնել: Շուկայում գործող գրեթե բոլոր ընկերությունները, որոնք զբաղվում են վերոնշյալ ընկերության կողմից ստեղծված ծրագրերի սպասարկմամբ, Հանձնաժողովին գրավոր տեղեկացրել են, որ իրենք ծրագրային սպասարկումներ չեն իրականացնում և այդ հնարավորությունը ունի միայն Հայկական Ծրագրերը: Ի դեպ, վերջինս ընդհանրապես հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողվին, որի հիման վրա հնարավոր կլիներ գնահատելու շուկայում ընկերության ունեցած կշիռը:

Հանձնաժողովի գործողությունները առավել քան իրավաչափ են և բխում են բացառապես օրենսդրության պահանջներից: ՏՄՊՊՀ-ի համար առավել քան ընդունելի և հասկանալի են տնտեսվարողների կողմից սեփական շահերը պաշտպանելու քայլերը, սակայն խորհուրդ ենք տալիս առաջնորդվել բացառապես օրենքով և զերծ մնալ ավելորդ շահարկումներից: Խորհուրդ ենք տալիս նաև անտեղի վատնած այդ ժամանակը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունները հավաքագրելուն և տրամադրելուն, որպեսզի Հանձնաժողովը կարողանա բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ գնահատական տալ ծրագրային սպասարկման գների բարձրացման փաստին: Ի դեպ, Հայկական Ծրագրեր ընկերությունը հնարավորություն ունի բողոքարկելու Հանձնաժողովի գործողությունները վարչական, ինչպես նաև դատական կարգով:

ՀՀ ՏՄՊՊՀ»