Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՄՊՊՀ. «Կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է. ավելացել են արտադրության և արտահանման ծավալները»

Վերադարձ լուրերի բաժին

22:20 , 01 Փետրվար 2020

ՀՀ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի ընթացքում ուսումնասիրել է կարագի շուկան: Կառույցը հաշվի է առել նախորդ տարիների ուսումնասիրություններով արձանագրված բարձր կենտրոնացվածության մակարդակը, ինչպես նաև կարագի՝ նվազագույն սպառողական զամբյուղում զգալի տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը: Ուսումնասիրության նպատակը եղել է ներմուծումից և արտադրությունից մինչև վերջնական սպառողներին իրացման շղթայում առկա մրցակցային խնդիրների վերհանումը և շրջանառության ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցության գնահատումը առկա մրցակցային միջավայրի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 36 տնտեսվարող սուբյեկտ Հայաստան է ներմուծել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ, միաժամանակ մոտ 46 տոկոսով ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը: Դա ուղեկցվել է նաև կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ՝ 28-ից հասնելով 30-ի:

Հանձնաժողովն արձանագրել է նաև 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը կարագի ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը 64 572 կգ կարագ:

2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել է արտահանված կարագի ծավալը՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով՝ 3-ից հասնելով 5-ի:

Ուսումնասիրված ժամանակահատվածում կարագի՝ բարձր գնային սեգմենտի, մանրածախ գները տատանվել են 4700-4300 դրամի սահմաններում՝ դրսևորելով նվազման դինամիկա: Ուսումնասիրությունները նաև փաստել են, որ շատ հաճախ առևտրի կետերում, հատկապես՝ խոշոր առևտրային ցանցերում, կարագը, սփրեդը և մարգարինը ներկայացված են միասին, ինչը հատկապես կգ-ով վաճառքի պարագայում կարող է շփոթություն առաջացնել սպառողների շրջանում:

Խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովն առաջարկել է օրենսդրությամբ պահանջ սահմանել մանրածախ առևտրի կետերում վերոնշյալ ապրանքների առանձնացված կերպով ներկայացման համար: Չնայած հանգամանքին, որ 2019 թ. դիտարկվող ժամանակահատվածում «Կարագ» ապրանքային շուկան շարունակել է համարվել բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, 2018 թվականի համեմատվող ժամանակահատվածի նկատմամբ կենտրոնացվածությունը ցույց տվող ինդեքսների արժեքը զգալիորեն կրճատվել է, ինչը վկայում է շուկայում առկա մրցակցային միջավայրի բարելավման մասին:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: