Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՀՏ ոլորտի աշխատակիցները կարող են բաժնետերեր դառնալ՝ բաժնետոմսերի օպցիոնի միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

13:23 , 29 Փետրվար 2016

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում շաբաթ օրը տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված ՏՏ ոլորտի աշխատակիցներին բաժնետիրական օպցիոնների տրամադրման հիմնահարցերին ու նոր ծրագրին: Հանդիպման բանախոսներից Հայկ Չոբանյանը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրենը, հույս հայտնեց, որ արդեն այս տարի կլինեն մի շարք ընկերություններ, որոնք ներգրավված կլինեն ծրագրում:

hayk-Chobanyan

Հիմնական զեկուցողն էր «Լեգալ Լաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Խզրթյանը, և թեման, որ նա ներկայացրեց, վերաբերում էր Հայաստանի բաժնետիրական ընկերություններում աշխատակիցների բաժնետիրացման խնդրին՝ մասնավորապես բաժնետոմսերի օպցիոններ տրամադրելու կամ բաժնետոմսերի փոխանցումներ իրականացնելու միջոցով:

 Xzrtyan

Ինչո՞ւ է ՀՀ բաժնետիրական ընկերություններում աշխատակիցներին բաժնետիրացնելը խնդիր. սահմանում և սահմանափակումներ

Ստեփան Խզրթյանի խոսքով՝ իրենք ու իրենց գործընկերները գործունեության ողջ ընթացքում բախվել են մի շարք խնդիրների՝ կապված աշխատակիցներին բաժնետիրական օպցիոններ տրամադրելու հետ: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են օրենսդրական բացերի արդյունքում, որոնք թույլ չեն տալիս առանց իրավաբանական աճպարարության ու երկար քաշքշուքների իրականացնել այդ գործընթացը:

Իսկ ի՞նչ է առհասարակ բաժնետոմսերի օպցիոնը:

Դա արժեթուղթ է, խոստում, որ, օրինակ, 4 տարվա ընթացքում աշխատակիցը կստանա իրավունք ինչ-որ գնով (այսպես ասած՝ իրացման գնով), գնել ընկերության բաժնետոմսերը: Միտքն այն է, որ այն պահին, երբ աշխատակիցը կգնի բաժնետոմսերը, դրանց շուկայական գինն ավելի բարձր կլինի, քան այն արտոնյալ գինը, որով բաժնետոմսերն առաջարկվում են աշխատակցին, և գնելով ցածր գնով ու շուկայում վաճառելով բարձր գնով՝ կունենա որոշակի եկամուտ:

«Այստեղ առաջին հերթին բախվում ենք նախապատվության իրավունքի խնդրին.  ընկերության ներկա բաժնետերերն ունեն նոր թողարկվող բաժնետոմսերի նկատմամբ նախապատվության իրավունք, որի արդյունքում հետագա աշխատակիցները կարող են չստանալ բաժնետոմս: Բացի այդ՝ ըստ մեր աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի (հոդ. 192)՝ աշխատակիցներին արգելվում է վարձատրել արժեթղթերով ու պարտավորագրերով, իսկ ինչպես գիտեք, բաժնետոմսի օպցիոնը արժեթուղթ է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքում կա նաև հոդված («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդ. 41), որով նախատեսված ընթացակարգը բավական մեծ գլխացավանք է առաջացնում: Օրինակ՝ ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանված լինի, որ աշխատակիցներին հնարավոր է տրամադրել բաժնոտոմսեր, և որ դրանք պետք է տեղաբաշխվեն աշխատակիցների միջև: Հարց է առաջանում՝ բոլո՞ր աշխատակիցների: Այսինքն՝ եթե ես՝ որպես ձեռներեց, ցանկանում եմ օպցիոն տալ, պետք է բոլորի՞ն առաջարկեմ: Այս մասը հստակ չէ»,- ընդգծեց Խզրթյանը:

Ըստ նրա՝ ՀՀ օրենսդրության մեջ կան կետեր, որոնք նաև քայլերի հստակ սահմանափակում են դնում ընկերությունների առջև: Օրինակ՝ օրենքով սահմանված է, որ պետք է ստեղծվի բաժնետիրացման հատուկ հիմնադրամ, այսինքն՝ ընկերության շահույթից պետք է մաս հանվի և ստեղծվի հատուկ ֆոնդ և այդ ֆոնդի հաշվին պետք է տրամադրվեն օպցիոնները կամ առհասարակ բաժնետոմսի փոխանցումներն աշխատակիցներին: Ստացվում է՝ ընկերությունը պետք է նախ թողարկի բաժնետոմսը, հետո այդ հատուկ հիմնադրամի հաշվին հետ գնի բաժնետոմսը ներկա բաժնետերերից, այնուհետև միայն առաջարկի աշխատակիցներին բաժնետոմսեր. «Այսինքն՝ ևս մեկ հավելյալ բյուրոկրատիկ սահմանափակում է դրված այսօր մեր ընկերությունների առջև»,- նկատեց նա:

Խզրթյանը որպես սահմանափակումների օրինակ բերեց նաև օրենքի այն կետը, որի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 25%-ը կարող է բաժնետիրացվել, այսինքն՝ ավելի մեծ մաս չի կարող տրվել աշխատակիցներին: Կամ էլ այն, որ շրջանառությունը կարող է սահմանափակվել առավելագույնը 3 տարով, այսինքն՝ եթե ընկերությունն ուզենա իր աշխատակիցներին արգելել մինչև 4 տարի օգտագործել բաժնետոմսերը, չի կարողանա:

Առաջարկվող լուծումներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա հեշտությամբ իրականացնել օպցիոնների տրամադրման գործընթացը

Լուծման տարբերակներ առաջարկելուց առաջ Ստեփան Խզրթյանը ներկայացրեց աշխարհում առաջավոր փորձը ԱՄՆ Դելավեր նահանգի օրինակով, որը, ըստ նրա, աշխարհում իր կորպորատիվ իրավունքի զարգացվածության և հիմնավորվածության մասով այսօր իր նմանը չունի: Որպես հիմնավորում բերվեց այն, որ աշխարհում ավելի քան 1 մլն բիզնես օգտվում է Դելավերի կորպորատիվ օրենսդրությունից:

Ըստ այդմ՝ Խզրթյանն առաջարկեց օրենսդրական կարգավորումները սկսել հենց ՏՏ  ոլորտից. «Եթե կարդանք օրենքի համապատասխան հոդվածը («ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք, հոդ. 4, մաս 2, կետ 2), այնտեղ հստակ նշվում է, որ պետական աջակցության նպատակն է ՏՏ ոլորտում հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով: Այսինքն՝ պետությունն ինքը օրենքի մակարդակով գիտակցում է անհրաժեշտությունը երկարաժամկետ ներուժի զարգացման՝ համապատասխան ոչ միայն աշխատավարձերի, այլև եկամուտների տրամադրման միջոցով, այսինքն՝ պետությունն արտահայտել է այդ կամքը, մնում է համապատասխան գործիքներն արձանագրվեն:

Մեր կարծիքով՝ իրավական մոտեցմամբ ճիշտ կլինի սկսել բաժնետոմսերի փախանցման հարցից՝ և՛ իրավական մասով, և՛ հարկային մասով: Առաջարկում ենք փոփոխությունները սկսել ամենաէական սահմանափակումները վերացնելով:  Դրանք են՝ ունենալ հասարակ բաժնետոմսերի մի քանի դասի սահմանման հնարավորություն: Թույլ տանք, որպեսզի ձեռներեցները՝ IT ոլորտի առաջնորդները, ըստ պահանջի կարողանան սահմանազատել՝ աշխատողին տալ մի շարք իրավունքներ, սեփականատիրոջը՝ մեկ այլ: Նախապատվության իրավունքի ճկունություն և որոշակի պարտադիր վճարման պայմանի վերացում, այսինքն՝ չստիպենք, որ աշխատողն ինչ-որ վճարում անի՝ բաժնետոմսի սեփականատեր դառնալու համար»,- ասաց «Լեգալ Լաբ»-ի հիմնադիրը:

Հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի իրավախորհրդատու Սոնա Բաղդասարյանը, ում դիտարկմամբ՝ այսօրվա մեծագույն խնդիրը հարկային դաշտի հետ է կապված, այսինքն՝ մեր օրենսդրությունը համապարփակ կարգավորում չի տալիս, թե աշխատակիցների բաժնետիրացման արդյունքում ձևավորվող պոտենցյալ եկամուտներն արդյո՞ք հարկվող են, թե՞ ոչ:

«Օպցիոնների մասին բնականաբար խոսել չենք կարող: Այնտեղ նույնիսկ պետք է սկսենք հարկայինին բացատրել, թե ինչ է բաժնետիրացման օպցիոնը, որպեսզի կարողանանք պատկերացնել դրա հարկումը: Օրենսդրական փոփոխություններն ամենալավ և բաղձալի տարբերակն են, պարզապես երկարատև և բյուրոկրատիկ գործընթացներ են ենթադրում: Այսինքն՝ մենք դեռ պետք է անցնենք Կառավարությունով, նախարարություններով ու Ազգային ժողովով, որը զուտ քաղաքական շարժառիթներով է նայում մեր նախագծերին: Մենք պատրաստ ենք բոլորի հետ անհատապես հանդիպել, տեսնել, թե որոնք են ձեր խնդիրները և՛ բաժնետիրական, և՛ օպցիոնների հարցում, փորձենք այդ փաստաթղթերի փաթեթն ամբողջացնել և դիմել հարկային մարմիններին, Կենտրոնական բանկի և ձեր միության համատեղ նամակի տեսքով փորձենք ստանալ պաշտոնական դիրքորոշում՝ ինչպիսին է նմանատիպ գործիքների հարկումը Հայաստանում: Եվ եթե տեսնենք՝ ինչ-որ հնարավորություն կա հարկայինին համոզելու, փորձենք ոչ ֆորմալ աշխատել, մինչև մեր ցանկալի փոփոխությունները կլինեն»,- հավելեց ԿԲ ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։