Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է՝ տարին կամփոփվի արտահանման ծավալների որոշակի աճով

Վերադարձ լուրերի բաժին

13:08 , 03 Մայիս 2019

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել են 8.6 տոկոսով: Սակայն կրճատումները պայմանավորված են արտադրող որոշ խոշոր ընկերությունների աշխատանքների պլանային կանգառներով, կրում են սեզոնային բնույթ: 2019 թ. առաջին եռամսյակն ամփոփող ասուլիսում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` տարին կամփոփենք աճով:

«Այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.1 տոկոսով: Մեր դիտարկումներով խոշոր նվազում արձանագրված ուղղություններից մի քանիսը վերաբերում են հատկապես լեռնահանքային ոլորտին: Խտանյութերի արտահանման ոլորտում այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումը նվազած է եղել 51 մլն դոլարից ավել չափով: Բայց դրանից միայն 20.1 մլն դոլարը խտանյութերի նվազումն է: Ընդ որում, պղնձի գները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 12 տոկոսով ցածր են եղել: Բայց ունենք որոշակի նվազում արտադրողների արտադրանքի գծով, ինչը սեզոնային նշանակություն ունի: Լեռնահանքային ոլորտի խոշոր կազմակերպությունները տարվա ընթացքում որոշակի պլանային կանգառներ են ունենում, որոնք արտադրական նշանակություն ունեն: Որոշակի տեխնոլոգիական հանգույցներ, սարքավորումներ նորոգվում են, դրանք այդ ամսվա ընթացքում մոտ տասնհինգ օր չեն աշխատում: Եվ մեր խոշոր ձեռնարկություններից երկուսն ունեցել են այդպիսի ժամանակավոր կանգառ, ինչն էլ ազդել է առաջին եռամսյակի ցուցանիշների վրա»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ տարվա մնացած ամիսների ընթացքում նվազեցումը ֆիզիկական ծավալների տեսանկյունից վերականգնված կլինի:

Նրա կարծիքով` տարվա հանրագումարով կունենանք առնվազն նույն ցուցանիշները, որ եղել են նախորդ տարվա ընթացքում` գուցե մի քիչ բարձր` չնայած այն հանգամանքին, որ գների որոշակի նվազում է եղել: Առաջին եռամսյակում որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը: Նախարարի խոսքով` սա նույնպես ժամանակավոր, սեզոնային բնույթ ունի: «Մենք գազ ենք ներկրում, դրանից արտադրում ենք էլեկտրաէներգիա և արտահանում: Սակայն դա միշտ տարվա ընթացքում կախված է լինում տվյալ ժամանակահատվածում պահանջարկից: Եվ առաջին ամիսների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չի եղել: Մեր գործընկերները վստահեցնում են, որ տարվա մնացած ամիսների ընթացքում այդ բացը կվերականգնվի, կլրացվի»,-նշեց Խաչատրյանը:

Ծխախոտի արտադրության և արտահանման գծով ևս առաջին եռամսյակում որոշակի նվազում է արձանագրվել: Նախարարի խոսքով` դա, ըստ հավաստիացումների, ևս կվերականգնվի ժամանակի ընթացքում: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ևս նվազել է 4 մլն 400 հազար դոլարով: «Սա իր հերթին պայմանավորած էր նրանով, որ որոշակի շուկաներում, մասնավորապես ԱՄՆ-ի, ռուսաստանյան սեփականատերերի առնչությամբ որոշակի կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում: Հիմա արդեն այդ խնդիրը հանգուցալուծվել է, մարտ ամսում նախորդ տարվա մարտի նկատմամբ որոշակի աճ է գրանցվել: Եվ մնացած ամիսների ընթացքում նախատեսում է առնվազն 22-25 տոկոս ֆիզիկական ծավալների աճ նախորդ տարվա նկատմամբ»,- նշեց նախարարը:

Չնայած արտահանման ծավալների կրճատմանը` Խաչատրյանը հավաստիացրեց, որ տարին կամփոփվի որոշակի աճով: Տարեկան ծրագրում դրված է 7-8 տոկոս արտահանման աճ, գուցե այն լինի հենց այդ շրջանակում: Նախարարի խոսքով` էական մտահոգությունների պատճառ այդ փուլում չեն տեսնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: