Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՈՈՒԹ: WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վերադարձ լուրերի բաժին

02:25 , 08 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը WCIT 2019-ի պաշտոնական բացումից հետո հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:

_TM_6768

«Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

_TM_6842

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Հոմեյդ Ալ Շիմմարին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», – ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:

_TM_6879

Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:

«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին: «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը: Քեթրին Սարաֆյանը նաև ոգևորիչ է համարել վարչապետի՝ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման ելույթը և մաղթել հաջողություն:

_TM_7011

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:

Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: «Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», – ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ներկայում Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական և մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձևավորելու ճանապարհով:

_TM_7065
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: