Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին

Վերադարձ լուրերի բաժին

23:05 , 24 Մարտ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա տեղեկացրել է, որ մարտի 24-ի ժամը 18.00-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 249 դեպք, որոնց մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:

Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի 5 անձ: 80-ից բարձր պացիենտ այս պահին բարեբախտաբար չունենք: Ընդհանուր առմամբ թոքաբորբ տանող 30 հիվանդ կա, նրանցից 5-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և դժբախտաբար նրանցից մեկի՝ 77-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Կա 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմավել է ինքնամեկուսացում տներում:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքեր կան մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Ըստ գործադիրի ղեկավարի՝ կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ կա՝ Իրանից ժամանածները, Էջմիածնի օջախի հետ առնչություն ունեցողները և Երևանի արտադրամասի հետ առնչություն ունեցողները:

Նրա խոսքով՝ կառավարության գործողությունների արդյունքում հաջողվել է կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը: Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը ցույց է տվել, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը կառավարությանը հանգեցրել է եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոցում դուրս եկած անձինք պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ պարետատունը հրապարակել է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների և տեղաշարժերի ցանկերը:

Անդրադառնալով տնտեսական զարգացուններին՝ ՆԻկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Որոշ գնահատականների համաձայն՝ անկումն ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: «Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին»,- շեշտել է Փաշինյանը:

Nikol_Pashinyan_T013317

Նրա խոսքով՝ աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է: «Եվ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում»,- շեշտել է գործադիրի ղեկավարը:

Նա բարձր է գնահատել հայ գործարարների ջանքերը և տաղանդը և շեշտել, որ
ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ և չունի: «Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ»- ընգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմակայելու, այլ ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: «Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ է արել չդադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները:
Կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու և անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար: Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու է շուրջ 25 միլիարդ դրամ, առավել հասցեական և արդյունավետ ծախսելու ուղղությամբ և այս բոլոր ուղղություններով աշխատանքները չեն դադարելու:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է խստորեն հետևել տանը մնալու ռեժիմին, առողջ ապրելակերպին և հրաժարվել վնասակար սովորություններից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: