Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սինգապուրի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ

Վերադարձ լուրերի բաժին

01:37 , 09 Հուլիս 2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը: Սինգապուրի վարչապետն իր խոսքում նշել է.

«Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր:

_TM_9598

Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսական կապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:

Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:

_TM_9639

Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։ Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում: Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է:

_TM_9801

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Nikol_Pashinyan_Singapore_001

Ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա¬պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: