Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի 100 օրը

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփումը: ՊԵԿ նոր նախագահի գլխավորությամբ վերջին 100 օրերի ընթացքում բյուջեի եկամուտների ապահովմանը զուգահեռ՝ ՊԵԿ-ին հաջողվել է նաև նվազեցնել պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ: Գործընթացը շարունակական է, արդյունքը՝ դրական, ինչու չէ, ռեկորդային՝ վերջին տասնամյակների համար. օգոստոսի 1-ի դրությամբ այն նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ պարտքը նվազել է 67.3 մլրդ դրամով կամ 48.5%-ով։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կոմիտեի 2019թ. հաշվետվությունը: Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ռազմավարական ծրագիրն ուղղված է հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նախորդ տարվա ծրագրին ավելացել է 14 նոր միջոցառում:

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գնահատականն է: Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ կենտրոնի շինարարության գործընթացը կոմիտեի ղեկավարի ամենօրյա հսկողության ներքո է և աշխատանքային առաջին այցը հենց այստեղ էր, առաջնահերթ պահանջով՝ շինաշխատանքների արագ և բարձր որակ:

Հետևողական աշխատանքի արդյունքը՝ կարճ ժամանակ անց. Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կառույցի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Աշխատանքային 100 օրվա օրակարգում է նաև շրջայց Հյուսիսային մաքսատուն-վարչություն, Բավրայի մաքսակետ-բաժին. ստորաբաժանումներում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:

Հաջորդ քայլը՝ Բագրատաշենի մաքսային-կետ բաժինն է. կոմիտեի ղեկավարն այստեղ հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է տեղում: Վերջին 100 օրերի ընթացքում մաքսային ծառայությունը շարունակել է COVID-19-ով պայմանավորված արտակարգ միջոցառումները։ Ի կատարումն ՀՀ պարետի հանձնարարականների, բոլոր ուղղություններով վերանայվել են մաքսային մարմինների գործառույթները, ապահովվել է շուրջօրյա պատշաճ մաքսային հսկողություն: Մեղրիի սահմանային կետում իրականացվել են մաքսային հսկողության աննախադեպ միջոցառումներ: Տնտեսվարողների կրած վնասները մեղմելու նպատակով ազատականացվել է ստացողի պահեստում ապրանքների պահպանման գործընթացը:

Եվս մեկ կարևոր հարց, որ ստացել է իր լուծումը. մշտական բնակության՝ Հայաստան տեղափոխվող անձինք օգտվում են անձնական, օգտագործված ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Կոմիտեն գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց է հրապարակել: Արտոնությունից օգտվել են տասնյակ մարդիկ։ Ոչ պակաս կարևոր է հաջորդ քայլը. մեր քաղաքացիներն արդեն կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրվող փաստաթղթի՝ որոշակի պայմաններով:

ԵԱՏՄ շրջանակում երկարաձգվել է Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը: Որոշումն ուժի մեջ է հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հունիս-օգոստոս ամիսներին շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի ներմուծման մաքսատուրքի գումար է վերադարձվել ներմուծողներին: Մաքսայինի օրակարգում են նաև նոր նախաձեռնություններ. օրինապահ հարկ վճարողներին ոչ միայն հարկային, այլև մաքսային բարելավումներ և պարզեցումներ են սպասվում ներմուծված ապրանքների ձևակերպման և բացթողման փուլերում: «Խելացի» ռիսկերի կառավարման միջոցով վերահսկելի կլինեն բարձր ռիսկային խմբի ֆիզիկական անձանց սահմանահատումները:

Հաջորդիվ. վերջին 100 օրերի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերակառուցվել են տեղեկատվական շտեմարանները, տեղի է ունեցել աշխատանքի օպտիմալացում, նոր շտեմարանի կառուցում, էլեկտրոնային ծառայությունների՝ անուղղակի հարկերով հարկման նախաձեռնում: Առաջին անգամ ՊԵԿ-ը հեռավար քննարկման հարթակի շուրջ է հավաքել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook և այլոք։ Հարկային ծառայության Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածների մշակում, շրջիկ ՀԴՄ-ների գրանցման հնարավորություն, ՊԵԿ վերլուծական գործիքակազմի ընդլայնում, Մեծածավալ տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործում օրակարգային հարցերով: Այս և այլ միջոցառումներով ՊԵԿ-ը շարունակում է լինել թվայնացման ոլորտում պետական կառավարման համակարգի առաջամարտիկը: Եվ ոչ միայն. ՊԵԿ–ը առաջ է քաշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը. թե ինչ է իրենից ներկայացնում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիտորինգի համակարգը և ինչ կտա այն անդամ երկրներին` իրազեկման ֆիլմի ձևաչափով Կոմիտեն ներկայացավ ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերին կայացած նիստում:

ՊԵԿ-ը խստացնում է հսկողությունն առանց ՀԴՄ-ի գործող հարկ վճարողների նկատմամբ. հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 2871 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման խոչընդոտները քննարկվել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը:

Ինքնաշխատ համակարգի շրջանակում՝ տնտեսվարողների ամենօրյա մշտադիտարկում՝ հայտարարագրված հարկերը ճշգրտելու նպատակով: Կոմիտեն հետևողական է ստվերի կրճատման նախաձեռնություններում. առաջին անգամ իրականացվել է հարկ վճարողների մոտ առկա, ինչպես նաև ոլորտային հնարավոր ռիսկերի անձնագրավորում, մշակվում է դրանց չեզոքացման ճանապարհային քարտեզը։

Հար¬կային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարությամբ նախատեսվում են իրականացնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկային վարքագծի ուսումնասիրություն և պատճառների վերհանում, վերլուծություն ու դրանց համապատասխան ռիսկերի մեղմման մեխանիզմների սահմանում: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով TADAT-ի մեթոդաբանությամբ ներկայումս ՊԵԿ ներքին ռեսուրսներով արդյունավետության գնահատում է արվում։ Արագ և որակյալ սպասարկումն առաջնահերթություն է նաև հարկային բլոկում. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է հարկ վճարողների սպասարկման բաժիններ կատարած աշխատանքային այցերի ժամանակ:

Համավարակով պայմանավորված՝ հարկ վճարողներին որոշ ծառայություններ դեռևս միայն էլեկտրոնային եղանակով են մատուցվում: Օնլայն հարթակում են դիմումները, դրանց ընթացքին հետևելը: petekamutner.am կայքում. ստեղծվել է նոր բաժին` որոնման ճկուն համակարգով՝ Հաճախ տրվող հարցերով ու պատասխաններով: Շտեմարանում իրազեկման մոտ 70 թերթիկ կա և անընդհատ համալրվում է:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ։ Կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներն են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար, օրական ստանում են միջինը 1000-1200 զանգ, նաև` արտերկրից: Համակարգում կարևորված է նաև հարկային ու մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը: Համավարակի պայմաններում անձնակազմի մասնագիտական վերապատրաստումը և դասընթացներն անցկացվում են հեռավար:

Հետբացթողումային արդյունավետ հսկողության նպատակով արտաքին տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտները դասակարգվելու են ըստ ռիսկայնության՝ ցածր, միջին և բարձր աստիճանների: Մաքսային հսկողությունը կթիրախավորվի բարձր ռիսկայնության խմբին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում Հայաստանը 2020 թվականի առաջին կիսամյակում բարելավել է դիրքերը` 36,82-ից հասնելով 86,95 միավորի. ԵԱՏՄ անդամակցության ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ կոմիտեն վերջին 100 օրերի ընթացքում շարունակում է ակտիվ մասնակցել իրավական ոլորտի բարելավմանը միտված նոր նախագծերի մշակմանն ու քննարկմանը: Կներդրվի քրեական գործերով ՊԵԿ քննչական վարչության էլեկտրոնային ենթահամակարգ: Կստեղծվի վարչական իրավախախտումների գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ. հարկ վճարողների հետ շփումների առավել կրճատմամբ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը: Հստակեցվել են նաև հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը և ծանուցման մեխանիզմները:

Կոմիտեն հետևողական է հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Հունիս-օգոստոս ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների բացահայտման և պետությանը պատճառված վնասի վերականգնման հետևողական միջոցառումներ են իրականացվել։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հսկողական աշխատանքները հիմնականում ուղղվել են ստեղծված պայմանների շահարկմամբ անբարեխիղճ վարքագծով տնտեսվարողների բացահայտմանը: Համավարակի պայմաններում հնարավոր խախտումները կանխելու նպատակով վարչությունը համագործակցել է նաև պետական այլ կառույցների հետ: Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է 34 շրջայց, արդյունքում՝ 9 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման խախտումներ:

Հունիս-օգոստոս ժամանակահատվածում ՊԵԿ քննչական վարչությունը պետբյուջե է վերականգնել շուրջ 780 միլիոն դրամ:Տարբեր թմրամիջոցների, հոգեմետ դեղերի, և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր, հիմնականում փոստային առաքանիներով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների բացահայտումներն են՝ ամենաանհավանական թաքստոցներից: Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 24/7 ռեժիմով սահմանվել է հերթապահություն և գործում է թեժ գիծ:

Միջազգային համագործակցության խորացում. Մեղրիի անցակետի արդիականացման, Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների համագործակցության ու այլ հարցերի քննարկում՝ ՊԵԿ նախագահի և մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպմանը:

Օրերս խորհրդարանը միաձայն վավերացրեց Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային համաձայնագիրը, որով նոր ազդակ կհաղորդվի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխատանքները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ բիզնեսի համար: Երկրի օրենսդիր ամբիոնից ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնավարման 100 օրերի ընթացքում հանդես է եկել ակտիվ նախաձեռնություններով՝ խորհրդարանի հավանությանը ներկայացնելով ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև արձագանքելով հանրային նշանակության հարցերին:

Հագեցած օրակարգով՝ աշխատանքային երկօրյա այցով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Արցախի Հանրապետությունունում: Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հարկային ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկվել։ Գործակցության ակտիվացումը՝ Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների նախագահների հանդիպման օրակարգում է: ՊԵԿ նախագահը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:

Կոմիտեի գործունեության հետագա առաջնահերթություններն՝ աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ ՊԵԿ նախագահի գլխավորությամբ: Զգալի աշխատանքներ կատարված են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Թիմային, ու յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: Էդվարդ Հովհաննիսյանի գնահատականն է:

Պետական բյուջեի եկամուտների ապահովման մասով սահմանված է բարձր նշաձող. ՊԵԿ նախագահը վստահ է, որ համատեղ ուժերով կհաջողվի իրականացնել ծրագրված ցուցանիշները և ապահովել կոմիտեի բնականոն գործընթացը: Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին: