Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը 2019 թվականին արձանագրվել է մաքսային իրավախախտման 202 դեպք:

Վերադարձ լուրերի բաժին

21:46 , 24 Հունվար 2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականի ընթացքում արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի 165 իրավախախտման համեմատությամբ ավելի է 22%-ով: 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Ըստ նրա՝ մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը՝ 142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը: «2019 թվականի ընթացքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝ մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը»,- տեղեկացրել է նա:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Թմրանյութերի վերջնական ստացման վայրերից մեկը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն էին: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: «Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Հայաստանի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ»,- ասել է ՊԵԿ պաշտոնյան:

2019 թվականին վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20 փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574 բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Սկսվել է 56 վարչական վարույթ: 2019 թվականի ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք:

2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության հայտնաբերած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: «Սակայն ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց»,- զգուշացրել է Վարդանյանը:

«ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: Ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջև բազմամարտի մրցումներին մեր ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը»,- եզրափակել է Վարդանյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ