Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Չնայած Ուկրաինայի հայ համայնքի մասին Հայաստանում տեղեկությունների պակաս չկա՝ գործնականում համայնքի գործունեության մասին վերլուծություններն են պակասում: Որոշ լրատվամիջոցներ համայնքի մասին օպերատիվ տեղեկություններ էին փոխանցում Դոնբասի ճգնաժամի, Ղրիմի իրադարձությունների օրերին: Սակայն այսօր Ուկրաինայում ապրող հայերի, նրանց գործունեության, Հայաստանի շահերը և հետաքրքրությունները պաշտոնական օղակներում ներկայացնելու մասին Հայաստանի հանրությունը մեծամասամբ տեղյակ չէ: Ուրկաինայում մեծ է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Հայ համայնքն այդ ազդեցության հակահայկական հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ գործադրում է հսկայական ջանքեր, որոնք հիմնապանում պսակվում են հաջողությամբ:


Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը փետրվարի վերջին այցելել էր Երևան՝ մայրաքաղաքի ղեկավարության հետ համաործակցության հուշագիրը և մյուս փաստաթղթերը ստորագրելու համար: Ուկրաինայի հայ համայնքի աջակցությամբ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ՝ օղակաձև զբոսայգում, երևանցիները կունենան նոր խաղահրապարակ: Այն նախատեսված է լինելու հիմնականում սքեյթբորդի սիրահարների համար: b4b.am-ը հանդիպեց Վիլեն Շատվորյանի հետ և նրան ուղղեց հայ-ուկրաինական տնտեսական և քաղաքական հարաբերություններին առնչվող հարցերը:

Պարոն Շատվորյան, մոտ 9 տարի ղեկավարում եք Ուկրաինայի հայերի միությունը, տնտեսության ո՞ր ոլորտներում են առավելապես ներգրավված հայերն Ուկրաինայում:

-Հայերն Ուկրաինայում ներգրավված են գրեթե բոլոր ոլորտներում: Տնտեսության առումով, բիզնեսմենների մեծամասնությունը շինարարության մեջ է: Գործարարներ կան նաև ռեստորանային բիզնեսի, մանր բիզնեսի մեջ, աշխատողներ ունենք ավտոմատացման սարքավարումների գործարաններում, մեքենաշինական գործարաններում: Կան նաև գործարարներ, որոնք նախկինում պաշտոնյաներ են եղել: Հայ փորձագետներ կան նաև հետազոտական ոլորտում: Նրանք երկրի համար հետազոտություններ են իրականացնում տարբեր ոլորտներում: Վերջերս իմացանք և զարմացանք, որ ուկրաինական ամենահայտնի օղու բրենդներից մեկը նույնպես պատկանում է հայերին»:

Տնտեսության ո՞ր ոլորտներում են արձանագրել ամենանշանակալի արդյունքները:

-Ընդգծված առաջնորդներ չկան: Սակայն ձեռքբերումներ շատ ունենք: Օրինակ՝ Հանրահայտ ֆիզիկոս Պատոնի (ակադեմիկոս Բորիս Պատոն՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ-խմբ.) օգնականը նույնպես հայ է, որը ստեղծել է «Պատոն Արմենիա» ընկերությունը»: Լավն այն է, որ բոլորը քիչ-քիչ համախմբվում են:

Հայաստանն ու Ուկրաինան այսօր տնտեսական հարաբերությունների ի՞նչ մակարդակ ունեն: Ի՞նչ ունենք այսօր այդ հարցում:

-Համարում եմ՝ զրո: Չունեն երկրները որևէ նորմալ տնտեսական հարաբերություն: Ցավոք սրտի: Ինչի՞ հետ է կապված: Առաջին հերթին այդ հարցերը կապված են աշխարհաքաղաքականության հետ: Երկրորդ պատճառն այն է, որ Ուկրաինան մեծ երկիր է, և այնտեղ մշտապես նավթի ու գազի կարիք է զգացվում: Այդ պատճառով էլ ավելի շատ աշխատում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Հայաստանի հետ էլ մանր-մունր ապրանքներ են բերում՝ ալյուր, օղի, անտառանյութ, և այլն: Եվ հետո, ո՛չ Ուկրաինան է Հայաստանում ներկայացված, ո՛չ էլ Հայաստանը՝ Ուկրաինայում:

Որո՞նք են հիմնական պատճառները, որ ներկայացված չեն:

Vilen_Shatvoryan_IMG_4922

-Ինչպես նշեցի, առաջինը՝ աշխարհաքաղաքականությունն է: Սակայն այսօր, կարծես թե տեղաշարժ կա և ուկրաինական, և՛ հայկական կողմից: Նաև Մեր՝ Ուկրաինայի և մեր՝ Հայաստանի հարևաններն են խանգարում: Պատկերացրեք, եթե, օրինակ՝ Թուրքիան Ուկրաինայի ՀՆԱ 14 տոկոսի մեջ է ներգրավված, իսկ Ադրբեջանը՝ 3-6 տոկոսի, այդ դեպքում ոչ կոռեկտ կդիտվի այդ երկրների համար, եթե Ուկրաինան սկսի լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Բացի այդ, կարծում եմ, թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը հասկացնում են, որպեսզի Ուկրաինան նման քայլեր չձեռնարկի: Բայց նրանք հաշվի չեն առնում համայնքի ուժը, պատմական սերտ կապերի, հավատքի և ընկերության ուժը: Այդ ամենի շնորհիվ, կարծում եմ՝ հնարավոր է ամեն ինչ փոխվի:

Ձեր կարծիքով Հայաստանն ու Ուկրաինան ո՞ր ոլորտներում կարող են զարգացնել տնտեսական համագործակցությունը:

-Գրեթե միաժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայում և Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվեցին խմբեր, որոնց նպատակն էր դեպի երկրներ ներգրավել նոր ներդրումներ: Ուկրաինայի խորհրդարանի խմբի ղեկավարը նույնպես հայ է: Նրանք որոշել են ստեղծել Ուկրաինայի ներդրումային քարտեզը: Ես երեկ Հայաստանի պատգամավորներին առաջարկեցի նույնն անել նաև Հայաստանում: Նրանք համաձայնեցին: Ես երկու խմբերին կապեցի միմյանց հետ: Եվ քարտեզի պատրաստումից հետո արդեն և՛ ուկրաինական կողմին, և՛ հայկական կողմին արդեն պարզ կլինի, թե որ ոլորտներում կարելի է ներդրում անել: Իմ կարծիքով Ուկրաինան հիմա բադ իրավիճակում է Ղրիմի և Դոնբասի պատճառով: Դա ներդրողների զգուշավորությունն է առաջացնում: Հայաստանն էլ ունի Արցախի խնդիրը, ինչը նույնպես ներդրողների վրա ազդում է: Դա համաշխարհային միտում է, երբ ներդրողները նման հարցերը հաշվի են առնում: Կարծում եմ, որ երկու երկրները կկարողանան ուղղակի միմյանց տնտեսություններում ներդրումներ կատարել: Իմ անձնական ցանկությունն է, որպեսզի համագործակցության առաջին ոլորտը լինի զինտեխնիկան: Եվ դա լինի պետական մակարդակով: Մինչև վերջերս այդ համագործակցությունը եղել է, սակայն այն ընդհատվել է: Եվ կարծում եմ, որ դրա պատճառը հարևաններն են: Հայաստանում զարգանում է տուրիզմը, և ուկրաինական բիզնեսի համար հետաքրքիր կլինի այստեղ հյուրանոցների կառուցումը: Կոռուպցիան հիմնականում Հայաստանում արդեն վերացել է: Ես տեղյակ եմ, որ շինանյութերի եվրոպական ամենախոշոր ցանցը, որն Ուկրաինայում է, արդեն հետաքրքրված է Հայաստան մուտք գործելով: Մեծ ներուժ ունի ՏՏ ոլորտը, որը և՛ Ուկրաինայում և՛ Հայաստանում շատ զարգացած է, իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի զարգացած, քան Եվրոպայում: Գյուղմթերքը ևս հետաքրքիր կարող է լինել: Ուկրաինան հսկայական տարածքով հողեր ունի, սակայն էժան գյուղմթերք չի կարողանում արտադրել: Նաև այստեղի գյուղմթերքի համն է անհամեմատ լավը: Իրականում շատ ոլորտներ կան: Ամենակարևորը՝ ներդրումների համար երաշխիքներ են պետք: Պետությունը, պաշտոնյաները կամ համայնքը պետք է երաշխիքներ տան ներդրողներին: Կան օրենքներ, որոնք ավելի բարենպաստ են Ուկրաինայում բիզնես գործունեության համար: Կան նաև այնպիսի օրենքներ, որոնք հեշտացնում են Հայաստանում գործարարությամբ զբաղվելը: Պետք է համադրել և հասկանալ, թե որտեղ ինչ առավելություններ կան:

Դուք նշեցիք, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է համագործակցությամբ: Իսկ Ուկրաինայի նոր կառավարությունը որքանո՞վ է շահագրգռված դեպի արևելք՝ ԵԱՏՄ, համագործակցությունը խորացնելով:

«Այսօր Ուկրաինան նայում է մի կողմ, Հայաստանը՝ ուզած, թե չուզած՝ այլ կողմ: Եվ դեռ հստակ չէ, թե որ ուղղությունն է ավելի ճիշտ: Ամեն ինչ կարելի է հարթել, եթե երկրների ղեկավարները լինեն ընկերներ: Այս պահին այդ հարաբերությունները մեր երկրների ղեկավարների միջև դեռևս չկան, չնայած՝ նրանց միջև որոշ նմանություններին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Զելենսկին չեն ընդունում կոռուպցիան, և դա միայն խոսքերի մակարդակով չէ: Սակայն Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ ավելի հեշտ է: Ուկրաինան մեծ երկիր է: Այստեղ մարդիկ ավելի հասուն են: Նրանք որոշեցին օգտագործել ընձեռնված հնարավորությունը, վերացնել կոռուպցիան: Ուկրաինայում դեռ դրան չեն հասել: Ուկրաինայում մարդիկ սպասում են, որ նախագահն ինչ-որ լավ բան անի»:

Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը և ի՞նչ հեռանկարներ կան

Vilen_Shatvoryan_IMG_4924

-Համայնքը խնդիրներ չունի: Եթե որոշ հարցեր էլ առաջանում են, մենք արագ արձագանքում ենք և լուծում հարցերը: Ընդհանուր առմամբ ամենամեծ խնդիրը կարող է լինել համախմբվածությունը: Չնայած մեր հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ֆինանսապես մեր երկրից ուժեղ են, ու մենք կարելի է ասել, թուրքամետ երկրում ենք ապրում, մեզ հաշվի են առնում, ու լսում են, դա միայն այն բանի հաշվին է, որ համախմբված և ուժեղ ենք: Մենք նոր դեսպան ունենք, սերտ հարաբերություն ունենք եկեղեցու հետ: Անցած մի քանի օրվա ընթացքում ես փորձեցի հանդիպել երկրի նախագահի հետ, բայց չստացվեց: Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպել ենք, նրան նրբությունները բացատրել: Բայց դեռ կառավարությունն ամբողջությամբ չի հասկանում:

Կարող եք օգտագործել հնարավորությունը և ուղերձ հղել, մենք կփոխանցենք:

-Առաջին հերթին, եթե երկիրը հորդորի համախմբվել, դա լավ կլինի: Երկրորդ հերթին՝ տեսնեն, թե ինչ կարող ենք մենք անել: Ուկրաինայի հարևան երկրների հայ համայնքները, տեսնելով, թե ինչ հաջողություններ ունենք, ձգտում են դեպի մեզ: Խորհուրդներ են հարցնում: Ես ապագայում տեսնում եմ հետևյալը: Եթե Հայաստանի կառավարությունը ցանկություն հայտնի, մենք կարող ենք ստեղծել համաեվրոպական հայկական կառույց: Եվ դա կլինի ոչ թե կառույց թղթի վրա, այլ իրական գործող կազմակերպություն: Շատերը կարող են գրել, որ ստեղծում են համաշխարհային, համագալակտիկական հայկական կառույց, բայց դա այն չի լինի: Սկզբում կարող ենք ստեղծել արևելաեվրոպական կառույց, որը կհամախմբի նախկին ԽՍՀՄ երկրների հայ համայնքները: Այնուհետև կարող ենք ընդլայնվել դեպի Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Մոլդովա: Տեղի խնդիրները և համայնքների ներքին խնդիրներն արդեն ուսումնասիրված են: Մենք ունենք բոլոր մեխանիզմները և փափուկ ուժի կիրառման բոլոր հնարավորությունները, միայն թե դա հետաքրքիր լինի մեր պետությանը:

Զրուցեց Դավիթ Մուրադյանը

Օպերատոր, լուսանկարները՝ Սուրեն Նազարյանի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում:

«Աշխատողները պետք է զգան, որ իրենք գործընթացի մի մասն են»,- Ջոն Քոյլ

Հայաստանում անցկացված Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, ի թիվս բացմաթիվ միջազգային փորձագետների, Երևան էր ժամանել ընկերությունների նորարար կառավարման փորձագետ, խոսնակ, 1994 թ. ձմեռային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Ջոն Քոյլը: