Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ պետք է լինի զրո հանդուրժողականություն»,- Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

20:11 , 30 Օգոստոս 2019

Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել:

Այս մասին օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, և այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթում ես տեսա տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով` ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ն արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը:

NIkol_Pashinyan_TM_4176

Վարչապետը, այնուամենայնիվ, արձանագրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունեցել են նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ: «Կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները, և, առավել ևս, կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք բոլորս և հանրությունը իրավունք ունենք ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ամենևին ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից, և կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ»,- նշեց Վարչապետը:

Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Rustam_Badasyn_TM_4195

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար: Քննարկվել է նաև Խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներգրավման հարցը: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ-ների ներգրավումը Խորհրդի կազմում և համապատասխան հանձնարարական տվել Արդարադատության նախարարին:

Նիստի օրակարգի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երևանում և բոլոր մարզերում, և ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը և ֆինանսական գնահատականը։ Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35-ից 55-ի հասցնելը:

Ռ. Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:

Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում: Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:

Գործընթացը համակարգող մարմինը լինելու է Արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:

Gov_anticorruption_TM_4230

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է Ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը և անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող և այլ հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարևորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական և համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը և անցնել իրագործման փուլին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: