Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով

Վերադարձ լուրերի բաժին

23:52 , 05 Հուլիս 2019


Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այդ մասին հայտնեց վարչապետի մամուլի գրասենյակը:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում՝ ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաև գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Pashinyan_Phuc

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաև քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաև Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի և Վիետնամի տարածաշրջանների, առևտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

«Մենք խորապես քննարկել ենք Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի իրականացման քայլերը և ես համարում եմ այն մեր երկրների համագործակցության կարևորագույն հարցերից մեկը: Զբոսարջության, պաշտպանության ոլորտներում ևս ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ:

Մենք պայմանավորվել ենք փոխադարձ գործել և աջակցել միջազգային ձևաչափերում և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, այդ թվում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնախնդիրները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու հարցը»,- ասել է Նգույեն Սուան Ֆուքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական համագործակցությունը: Այս առումով, Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարևոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ցանկանում եմ նշել, որ մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները:

Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ:

Վերոնշյալին պետք է նաև ավելացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու և նրանց գործունեությունը խթանելու համար:

Pashinyan_Vietnam

Բանակցությունների ընթացքում երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման համար: Հայաստանը և Վիետնամը ունեն համագործակցության ներուժ կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և նորարարության ոլորտներում։

Այս առումով մենք կարևորեցինք տնտեսական, առևտրային և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Սա համագործակցության կարևոր գործիք է, որը մենք պետք է լիովին օգտագործենք: Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ` բիզնես ֆորում, որին կմասնակցեն ոչ միայն պաշտոնական դեմքեր, այլ նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որպեսզի դիտարկեն հնարավոր ներդրումների հնարավորությունները Հայաստանի և Վիետնամի տնտեսություններում: Այս այցի արդյունքում մենք քննարկումներ կսկսենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման շուրջ, քննարկում ենք կոնկրետ հուշագրի ստորագրման հնարավորությունը զբոսաշրջության ոլորտում: Կարևոր է նաև Հայաստանի և Վիետնամի միջև միմյանց վկայագրերի փոխադարձ ընդունումը:

Մենք նաև հաստատեցինք ԵԱՏՄ-Վիետնամ ձևաչափով համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լիովին ծառայի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են:

Տոյոտան և Սուզուկին դաշինք են ստեղծում

Նպատակը նորարարարությունները միմյանց հետ կիսելն ու ավտոնոմ վարման շուկան զարգացնելն է:

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են: