Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Nikol_Pashinyan_Girogi_Gakharia_47I6999

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք, նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան: Օգտվելով այս պատեհ առիթից՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, պարոն Գախարիա, Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական և վստահելի երկխոսությամբ:

Այս ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Եվ ես ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Ձեր ներկայիս այցը, պարոն վարչապետ, խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:

Nikol_Pashinyan_Girogi_Gakharia_47I7015

Կարևոր և արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցու¬թյուն¬ները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը։

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը:

Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները:

Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։

Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։

Միակարծիք էինք երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում: Այս առումով կարևոր է պահպանել երկկողմ շփումների ակտիվությունը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։

Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից: Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

Մեծարգո պարոն վարչապետ, հավատացած եմ, որ Ձեր այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը, և մենք համատեղ ջանքերով կպահպանենք այն դրական դինամիկան Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների շարունակական զարգացման համար, որը մենք արդեն իսկ ունենք»։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա – «Հարգելի վարչապետ,

Nikol_Pashinyan_Girogi_Gakharia_47I7061
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց: Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել:

Նախ, անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք դարավոր պատմություն ունեն, և այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք:

Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել:

Nikol_Pashinyan_Girogi_Gakharia_TM_1639

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել:

Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացվեց Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը

Այն ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու հայ-հնդկական գործարար կապերը։

ՌՈՅԹԵՐՍ: Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», – «Reuters» գործակալությանն ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

Մայքլ Ջեքսոնը մահվանից 10 տարի անց շարունակում է փող վաստակել

Նա, ըստ Ֆորբսի վարկանիշի, ամենահարուստ հանգուցյալ աստղն է: