Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի և Սինգապուրի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

Վերադարձ լուրերի բաժին

01:40 , 30 Սեպտեմբեր 2019

Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Nikol_Pashiinyan_Lee_Hsien Loong_Yerevan_47I8270

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սյեն Լունին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երևանում` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ և հիանալի մթնոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզված ենք, որ Ձեր այցը Երևան կնպաստի մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»:

_TM_6487

Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր և մենք Երևան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները կնպաստեն քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությանը: Զրուցակիցներն անդրադարձել են դեռևս Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրել, որ երկկողմ կապերը դինամիկ կերպով շարունակում են զարգանալ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևրտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

_47I8788

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:

Սինգապուրի վարչապետը վերահաստատել է իր երկրի կառավարության աջակցությունը հայ գործընկերներին` տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում:

_47I8797

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմանի համագործակցությանը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը վստահություն են հայտնել, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ Հայաստանի և Սինգապուրի միջև Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: