Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը: Ի վերջո, կա նաև այսպիսի կարևոր հանգամանք, որ հնարավորինս աջակցի տեղական արդյունաբերությանը, տեղական ծառայությունների և տեղական բիզնեսի զարգացմանն ընդհանրապես: Այս ընթացքում եղել են մի քանի բանավեճեր և կա տեսակետ, որ իրականում մեր այսօրվա ընթացիկ համակարգն, ըստ էության, համապատասխանում է այս չափանիշներին, պարզապես պետք է բարձրացնել դրա իմացության մակարդակը համապատասխան մարմիններում, կա կարծիք, որ գնումների ոլորտում չեն այդ խնդիրները և դրանք ավելի շատ հարակից ընթացակարգերի ու կառուցակարգերի հետ են կապված»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն նկարագրել է պետական գնումների համակարգը, առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել պետական գնումների կարգավորումներին, ընթացակարգերին, գնման տեսակներին, թղթային և էլեկտրոնային գնումների կազմակերպմանը, գնումների գործընթացներին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներին, հայտերի գնահատման գործընթացին, բողոքարկման ընթացակարգին և գնումների կազմակերպման պարզեցմանը:
Գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ պետական գնումների ընթացակարգերը պարզեցնելու և արդիականացնելու վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել ոլորտի բարեփոխումներն ու ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ: Նա հանձնարարել է բոլոր այն գերատեսչություններին, որտեղ առկա է խոշոր գնումների պոտենցիալ և ռազմավարական ծրագրերի տեսլական, գնումների ռազմավարությունը պլանավորել երկարաժամկետ հատվածի համար՝ 5-10 տարվա կտրվածքով, որպեսզի պոտենցիալ մասնակից ընկերությունների հետաքրքրվածությունը գնումների նկատմամբ մեծանա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն դեպքերի համար, երբ գնման առարկաների արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում՝ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ և իրականացնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կմեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա ներդրողների շրջանում և կխթանեն նրանց ներգրավվածությունը կոնկրետ ապրանքների տեղական արտադրության գործընթացում:
Դիտումներ 536
Հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները` պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվական հոլովակում:
«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։