Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԵԱՏՄ բոլոր օղակների միջև սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

NIkol_Pashinyan_ETM_Yerevan_47I0048

Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Հայաստանի վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու և դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար։ Ինչպես բազմիցս նշել եմ, մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ նշել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ այդ նիստին, ինչպես գիտեք, մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ մեր Միությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերություններն ազատ առևտրի ռեժիմի հաստատման ուղղությամբ։ Մեր կազմակերպության բոլոր օղակների միջև սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց էլ ավելի ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք»։

ETM_Yerevan_TM_8565

Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցերին, որոնց լուծումը, իր կարծիքով, կարևոր է համագործակցության հետագա խթանման և դրա արդյունավետության բարձրացման համար: «Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել»,- նշել է վարչապետը:

NIkol_Pashinyan_Vkadimir_Putin_Tigran_Sargsyan_ETM_Yerevan_47I0509

Նրա խոսքով՝ Հայաստանը նաև անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: իկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և, հետևաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի առաջնահերթությունների շարքում:

Նրա խոսքով՝ Երևանյան հանդիպման օրակարգում Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցի ընդգրկումը լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առանձհատուկ կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը: «Արդեն այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերը: Դրանց հետագա իրականացումը մեզ համար առաջնային է` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում: Օգտվելով նրանից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Ռոհանին, ես ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կծառայի որպես կատալիզատոր մեր փոխադարձ առևտրի հետագա զարգացման համար: Դա դրական կազդի մեր երկրների տնտեսական վիճակի վրա՝ հավելյալ արժեքի նոր շղթաների լրացնման և ստեղծման հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ETM_TM_8927

Նա նշել է, որ Սինգապուրի հետ բանակցություններն ավարտվել են: Այսօր ստորագրվել է ԵԱՏՄ-ի, նրա անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրը: «Օգտվելով այն փաստից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Լի Սյեն Լունը, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ սույն պայմանագրի իրականացումը բարենպաստ միջավայր կստեղծի փոխշահավետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, բիզնեսի ծախսերի իջեցման և համագործակցության տնտեսական արդյունավետության բարձրացման համար»,- ավելացրել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ Սերբիայի հետ բանակցություններն ավարտվել են, և շուտով նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագիր ազատ առևտրի մասին:

ETM_TM_8878

Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է Միության 2020 թ. բյուջեն։ Քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, Միության անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցը, հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։ Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29-ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլն:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: