Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:
«Գիտենք, որ ցավոք այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար: Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:
Իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում կարծես թե այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետև իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարևոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձևերը, մոդելները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք, և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն»,- ընդգծել է վարչապետը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալները դեռևս համադրվում և ճշտվում են, կոմիտեն 2019-ի հունիսի վերջին ամփոփել և հավաքագրել է ստացած տեղեկատվությունները: Հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվոում է 7 հազար 82 ընտանիք: Մնացած տնակներն, ըստ Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Քննարկվել է առաջարկությունների փաթեթը, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:
Դիտումներ 384
«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների
բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։
Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: