Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել Եկեղեցու և պետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:54 , 03 Մայիս 2019

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Այդ մասին հայտնում է կառավարության մամուի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, Վեհափառ Հայրապետի հետ քննարկումների արդյունքում կառավարությունը հանգեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի լինի մշտական գործող աշխատանքային ձևաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն և լուծումներ ստանան:

_TM_3242

«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից»,- նշել է վարչապետը:

Ըստ նրա այսօր կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են այսօրվա կառավարության և եկեղեցու պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկել:

Վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարևորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ: Նա կարևոր է համարել կրթության ոլորտում դիրքորոշումների հստակեցումը և հարաբերությունների հետագա զարգացումը:

Հաջորդ խնդիրների խումբն ըստ վարչապետի, հարկային հարաբերություններն են: Ըստ նրա պետք է հասկանալ, թե Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: «Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

_TM_3346

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ այս տարի պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 մլրդ դրամով կգերակատարվի, ինչը հնարավորություն կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում: «Իհարկե, սկզբի համար 40 միլիարդը շատ լավ թիվ է, այսպես ասած, սովորական ռեժիմից դուրս, բայց այդ 40 միլիարդը, իհարկե, այն թիվը չէ, որ մեզ պետք է գոհացնի: Մենք այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք: Եվ այս առումով նույնպես մենք պետք է այդ հարցերը քննարկենք»,- ասել է նա:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ինքը Հայաստանում քրիստոնեական և համամարդկային արժեքների հաստատման ջատագովն է: «Եվ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել և վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝ պետական առումով հեղափոխական է, և դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին և ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության»,- նշել է նա:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.«Ողջունում և մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:

_TM_3468

Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի»:

Վեհափառն իր խոսքում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին, կարևորել համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:

_TM_3364
«Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակում: Վստահ ենք, որ եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը:

Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: