Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տաքսի-տաքսի». մրցակցությունը սրվում է

Վերադարձ լուրերի բաժին

18:53 , 14 Ապրիլ 2016

Տաքսի ծառայությունների շուկան Հայաստանի ամենամրցակցային ոլորտներից է։ Այստեղ գործում են մի քանի տասնյակ ընկերություններ և մեծ թվով անհատ տաքսու վարորդներ։

Ավանդական տաքսիների համար վերջին շրջանում լուրջ մրցակից դարձան օնլայն տաքսի ծառայությունները (gg տաքսի, Mobi տաքսի), որոնք սեփական ավտոպարկ չունենալով՝ պատվերներ են ապահովում իրենց հետ համագործակցող վարորդների հետ՝ որոշակի վճարի դիմաց։

Տաքսիների քանակն ավելանում է, իսկ շուկան հակառակը՝ փոքրանում։ Պաշտոնական վիճակագրական ծառայության տվյալներով՝ տաքսիների միջոցով ուղևորափոխադրման ծավալը 2015 թվականին կազմել է 10 միլիոն 319.9 հազար մարդ, ինչը մոտավորապես 20%-ով փոքր է 2014 թվականի ցուցանիշից։

Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի։ 2016 թվականի հունվարին տաքսիները փոխադրել են 721.4 հազար ուղևոր, որը 9.7%-ով պակաս է 2015-ի դեկտեմբերից, և 19.4%-ով պակաս՝ 2015-ի հունվարից։

Եվ ահա այս պայմաններում հայտարարվում է, որ հայկական շուկա է պատրաստվում մտնել ռուսաստանյան օնլայն «Яндекс.Такси»-ն։

 

     «Яндекс.Такси»-ն ագրեսիվ կերպով է մտնում Հայաստան

Ինչպես մի քանի օր առաջ տեղեկացրել էր Banks.am-ը, առաջիկայում հայաստանյան օնլայն տաքսի ծառայությունների շուկա մուտք կգործի նոր ընկերություն` ի դեմս «Яндекс.Такси»-ի: Վերջինս Ռուսաստանի խոշորագույն օնլայն տաքսի ծառայությունն է, աշխատում է ՌԴ 15 քաղաքներում և Մինսկում: Այն ակտիվորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը` ուշադրության կենտրոնում պահելով նաև ԱՊՀ երկրները:

Հայաստանում Яндекс.Такси-ի ծառայությունները մատուցվելու են անմիջապես ընկերության կողմից, և դրանց մեկնարկը նախատեսված է մոտ մեկ ամսից: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ընկերության PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայան:

Վերջինիս փոխանցմամբ` իրենց ծառայությունը կգործի միայն Երևանում, իսկ հետագայում նախատեսում են ներառել այլ քաղաքներ ևս: «Սկզբնական փուլում կառաջարկենք «էկոնոմ» և «կոմֆորտ» դասի ավտոմեքենաներ, բայց ժամանակի ընթացքում կընդլայնենք տեսականին: Яндекс.Такси-ի ինտերֆեյսը պարտադիր կթարգմանվի հայերեն, ինչպես նաև կստեղծվի հաճախորդների և վարորդների աջակցության ծառայություն՝ հայերենով: Սակայն այս ամենը միանգամից չի արվի: Մեկնարկային փուլում հավելվածը կլինի ռուսերեն և անգլերեն»,- նշել է նա:

Ավելին, ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ դիտարկում են տեղական շուկայում գործող օնլայն ծառայությունները գնելու հնարավորությունը։ Այսինքն՝ ընկերությունը բավականին ագրեսիվ կերպով է մուտք գործում շուկա։ Իսկ ի՞նչ կարծիք ունեն այս ամենի մասին հենց տեղական ընկերությունները։

 

     gg տաքսի

Թեմայի շուրջ զրուցեցինք gg ընկերության օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանի հետ, ով չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկությունը մրցակցության տեսանկյունից, բայց  խնդիրը փորձեց դիտարկել մեկ այլ կողմից.

«Գիտեք, միշտ ինչ-որ անհասկանալի ոգևորություն, աժիոտաժ է սկսվում, երբ տեղեկություն է տարածվում այս կամ այն արտասահմանյան ընկերության` հայկական շուկա մուտք գործելու մասին: Նախ` եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում արտասահմանյան ընկերության մուտքը հայկական շուկա: Դա նշանակում է` հարկերի նվազում, այսինքն` այն հարկերը, որոնք մուծվում են հայկական շուկայում, դրանք գնալու են դուրս: Դա նաև նշանակում է` այն աշխատուժը, այն մարդիկ, ովքեր աշխատում են այստեղ, իրենց օրվա հացն են վաստակում, նրանցից շատերը կկորցնեն իրենց աշխատանքը, որովհետև այդ գումարը կգնա երկրից դուրս»:

Ըստ պրն Միրաքյանի, արտասահմանյան ընկերության մտնելը հայկական կամ ցանկացած շուկա նշանակում է ներկրել, ոչ թե արտահանել, իսկ մեզ պետք է արտահանել, ոչ թե ներկրել: «Իսկ այս դեպքում ներկրման մասին է խոսքը, այնպես որ ես կուզենայի` ավելի շատ այս տեսանկյունից դիտարկեինք խնդիրը, ոչ միայն այս դեպքում, այլև ընդհանրապես, երբ ցանկացած արտասահմանյան ընկերություն մտնում է հայկական շուկա: Մենք խնդիրը պետք է մի փոքր էլ հայկական արտադրողների տեսանկյունից դիտարկենք, որովհետև մեր ամբողջ տնտեսությունը մեր տեղական ընկերությունների վրա է կառուցված, մեր հարկերը տեղական ընկերություններն են վճարում, մեր բրենդն արտասահմանում տեղական ընկերություններն են ներկայացնում: Եթե այս տեսանկյունից դիտարկենք խնդիրը, կարծում եմ` այդ ոգևորությունը կթուլանա»,- ընդգծեց նա:

Պարոն Միրաքյանը չցանկացավ մեկնաբանել նաև այն տեղեկությունը, թե Яндекс.Такси-ի ղեկավարությունը դիտարկում է նաև շուկայում գործող օնլայն ծառայությունները գնելու հնարավորությունը` ասելով, որ առհասարակ չի ցանկանում խոսել այդ մասին:

 

    «Անի պլյուս»

Իսկ ինչպե՞ս են այս լուրին վերաբերում մյուս՝ ոչ-օնլայն տաքսի ծառայությունները։ «Շատ լավ», – պատասխանեցին «Անի պլյուս» տաքսի ծառայությունից, որը տվյալ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է։ Ըստ մեր զրուցակցի՝ օտարերկրյա բիզնեսի մուտքը հայաստանյան շուկա ողջունելի է, որովհետև բերում է նոր ներդրումներ, եկամուտներ և աշխատատեղեր։

Հարցին, իսկ չե՞ք վախենում մրցակցությունից, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ մրցակցությունից վախենում են թույլերը, իսկ իսկ կոնկրետ մեր տեսանկյունից՝ դա դրական է, քանի որ ստիպում է մրցակցության մեջ է՛լ ավելի բարձրացնել ծառայությունների որակը։

«Անի պլյուս»-ից մեզ տեղեկացրին նաև, որ շուտով իրենք կներկայանան նոր ծառայություններով, աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան տաքսի-ծառայության այն հայտարարությանը, որ չի բացառվում գնեն տեղական շուկայում գործող ընկերություններ, «Անի պլյուս»-ի մեր զրուցակիցը այսպես արձագանքեց. «Նորմալ բիզնես գործընթաց է։ Չի բացառվում, որ մենք նույնպես գնենք որևէ ընկերություն»։

Վերջում ավելացնենք, որ փորձեցինք կապ հաստատել նաև մյուս խոշոր օնլայն-տաքսի ծառայության՝ «Mobi տաքսիի հետ», սակայն մեզ պատասխանեցին, որ ընկերության ղեկավարն այս պահին անհասանելի է և մեկնաբանություն տալ չի կարող։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: