Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տաքսի-ծառայությունները հաստատում են՝ ուղևորների թիվն իրոք նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

19:37 , 25 Մայիս 2016

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա առաջին ամիսներին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը զգալիորեն նվազել է։ Տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ տաքսիներից օգտվել է 2 մլն 202,6 հազար մարդ, ինչը 16,9%-ով ցածր է 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից։

Որքանո՞վ են հայաստանյան տաքսի-ծառայությունները զգում այդ տարբերությունը, և որո՞նք են հավանական պատճառները:

Մեզ հետ զրույցներում հայաստանյան տարբեր տաքսի-ծառայությունների ներկայացուցիչները հաստատեցին տեղեկատվությունը` ասելով, որ մարդիկ իրապես ավելի քիչ են սկսել երթևեկել տաքսիներով` նախընտրությունը տալով կա՛մ երթուղային տրանսպորտին, կա՛մ էլ անձնական տրանսպորտային միջոցներին: Հավանական պատճառների շարքում մատնանշվում էր նաև մարդկանց սոցիալական ոչ բարվոք վիճակը, ինչպես նաև արտագաղթի աճող տեմպը:

Այսպես, «Մոբի տաքսի» օնլայն ամրագրման ծառայությունից տեղեկացրին, որ պատվերների քանակի հարցում իսկապես փոփոխություն եղել է իրենց մոտ, թեև այն մեծ չէ. «Գիտեք, մեր գործը նույնպես սեզոնային է, այսինքն` ձմռանն այնքան էլ շատ չեն լինում պատվերները, որքան ամռանը: Այնպես որ, հիմա կրկին տեմպը վերականգնվում է, պատվերների քանակն էլ նախկինի նման է, համեմատաբար ավելի շատ»,- նշեց ընկերության աշխատակիցը` ընդգծելով, որ այնուամենայնիվ նախորդ տարիների համեմատ իսկապես քչանում է տաքսիներից օգտվողների թիվը:

«Ռիչ» տաքսի-ծառայությունից նույնպես ասացին, որ տարբերություն իսկապես կա և միանշանակ զգացվում է, որ հիմնական պատվերները քչացել են, բայց կոնկրետ պատճառներին չեն տիրապետում. «Այնպես չէ, որ ծառայությունների որակն ընկել է, ավելի հավանական է, որ մարդիկ պարզապես գնում են երկրից, բնակիչների ու հետևաբար նաև տաքսիներից օգտվողների թիվը նվազում է աստիճանաբար: Բացի այդ` մարդկանց սոցիալական վիճակն էլ է ծանր, այդքան հեշտ չէ այսօր տաքսիներով երթևեկելը մեր քաղաքացիների համար: Շատերը կամ երթուղայիններից են օգտվում կամ էլ անձնական տրանսպորտային միջոցներով են երթևեկում»:

«Անի Պլյուս» տաքսի-ծառայության տնօրեն Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ Նոր տարուց հետո պատվերների քանակն էապես նվազել է. «Հիմա, երբ մոտենում է ամառը, եղանակն արդեն տաքացել է, մենք պետք է անհամեմատ ավելի շատ պատվերներ ունենայինք, այսինքն` սովորաբար այդպես է լինում, բայց հիմա էլ տեմպը նույնն է, ինչ հունվար ամսին»,- ընդգծում է նա: Ըստ Արթուր Սարգսյանի՝ դա կարող է պայմանավորված լինել թե՛ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով, թե՛ բնակչության թվի նվազմամբ, թե՛ այն պատճառով, որ սեփական մեքենաների քանակն ավելացել է։

«Որքան շուկան փոքրանում է, այնքան մրցակցությունն է թեժանում։ Դրա համար մենք շուկայի փոքրացումը փորձում ենք փոխհատուցել ինչպես ծառայությունների որակի բարձրացմամբ, այնպես էլ այլ ծառայություններ առաջարկելով: Օրինակ՝ տաքսուն զուգահեռ մատուցում ենք նաև շուրջօրյա առաքման ծառայություն»,- ասաց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ կարճ ժամանակ անց տաքսիների առումով կառաջարկեն լիովին նոր, թարմ մոտեցումներ, որոնք առավելագույնս կբավարարեն ուղևորների պահանջները։

Հավելենք նաև, որ Ազգային վիճակագրական ծառայության այդ տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 50 մլն 178.5 հազար մարդ, որը 1,2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հաշվետու ժամանակահատվածում Էլեկտրատրանսպորտից օգտվել է 4 մլն 779.8 հազար մարդ, երկաթուղային տրանսպորտից՝ 73,8 հազար, օդային տրանսպորտից՝ 388,4 հազար մարդ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

Աշոտ Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին

«Լիդիան Արմենիան» ողջունում է հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումների կոչը

«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին