Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տարվա վերջին տնտեսական ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

09:28 , 22 Դեկտեմբեր 2017

Հ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Սրանք այս տարվա վերջին ցուցանիշներն են, քանի որ տարվա ամբողջական ցուցանիշները՝ 12 ամիսների համար, կհրապարակվեն միայն 2018 թվականի հունվարին։

Սկսենք ամենակարևորից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։ Միանգամից ասենք, որ ցուցանիշը բավականին տպավորիչ է և գերազանցում է հունվար-հոկտեմբերի աճի տեմպը։

Այսպես, ամսական կտրվածքով՝ 2017 թվականի նոյեմբերը 2016 թվականի նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով։

Նշենք, որ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել էր 7%-ով։ Ու ընդհանրապես, 7.3%-անոց տնտեսական ակտիվության աճը ռեկորդային է վերջին 5 տարիների կտրվածքով. ավելի բարձր ցուցանիշ գրանցվել էր միայն 2012 թվականի հունվար-նոյեմբերին (7.4%)։

TAC111

Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ, եթե ինչ-որ ֆորսմաժորային երևույթներ տեղի չունենան, ապա տարվա կտրվածքով տնտեսական աճը բարձր կլինի ոչ միայն ի սկզբանե կանխատեսված 3.2%-ից, այլև հետագայում ճշգրտված 4.3%-ից։

Ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը։

Հունվար-նոյեմբերի կտրվածքով աճի առաջատարը ծառայությունների ոլորտն է՝ 14.2%։ Իսկ ամսական կտրվածքով՝ 2017 թվականի նոյեմբերը՝ 2016 թվականի նոյեմբերի համեմատ, ծառայությունների ոլորտն աճել է 17.6%-ով։ Տարվա առաջին 11 ամիսներին ծառայությունների ոլորտի ծավալը՝ առանց առևտրի, կազմել է 1 տրլն 311.2 մլրդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14.4%-ով և կազմել 2 տրլն 272.5 մլրդ դրամ։

Հունվար-նոյեմբերին տպավորիչ աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 12.3%-ով և կազմել 1 տրլն 491.4 մլրդ դրամ։

Հունվար-նոյեմբերի հուսադրող կետերից մեկը շինարարությունն է, որը վերջապես դուրս եկավ անկումից։ Շինարարության ծավալը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ՝ աճել է 0.3%-ով և կազմել 324.6 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերի կտրվածքով շինարարության ցուցանիշը դեռ անկումային էր՝ -0,9%։ Սակայն հաշվի առնելով վերջին ամիսների դինամիկան՝ կարելի էր կանխատեսել, որ շինարարությունը մինչև տարեվերջ դուրս կգա անկումից և տարին կփակի թեկուզ փոքր աճով։

Տնտեսության աճի ցուցանիշը որոշ չափով «փչացնող» միակ ոլորտը գյուղատնտեսությունն է։

2017 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 3.9%-ով և կազմել 811.7 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին անկումը 4.1% էր։ Անկման տեմպը, այսպիսով, փոքր-ինչ նվազել է, սակայն մինչև տարեվերջ քիչ հավանական է, որ անկումը դառնա աճ։

Գյուղատնտեսության հետ կապված մի հանգամանք էլ նշենք. հոկտեմբերին՝ 2016 թվականի հոկտեմբերի նկատմամբ, գյուղատնտեսության ոլորտի աննախադեպ՝ 34.7%-անոց աճ գրանցվեց, որը հիմնականում պայմանավորված էր նախորդ տարվա հոկտեմբերի խորը անկմամբ։ Ինչևէ՝ ամսական այդ կտրուկ աճի շնորհիվ հունվար-հոկտեմբերի անկման տեմպը նվազեց: Սակայն 2017 թվականի նոյեմբերին՝ 2016-ի նոյեմբերի համեմատ, կրկին անկում է գրանցվել՝ 2.1%-ով։

Արտաքին առևտրի գծով աճերը կրկին երկնիշ են՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 26.4%-ով և կազմել 5 մլրդ 784.2 դոլար։ Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը։ Այսպես, արտահանումը 2017 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 23.5%-ով և կազմել 2 մլրդ 13.8 մլն դոլար։ Իսկ ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է 28%-ով և կազմել 3 մլրդ 770.4 մլն դոլար։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը տարվա 11 ամիսների կտրվածքով բացասական է՝ 1 մլրդ 756.6 մլն դոլարի չափով։

Անդրադառնանք նաև գներին և աշխատավարձերին։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի նոյեմբերի համեմատ (12-ամսյա կտրվածք), սպառողական գներն աճել են 2.2%-ով։ Իսկ հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ (ժամանակահատվածի միջին)՝ 0.8%-ով։

Միջին աշխատավարձի դինամիկան այսպիսին է. 12-ամսվա կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8%-ով և կազմել 187 914 դրամ։ Իսկ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով միջին աշխատավարձն աճել է 2.6%-ով և կազմել 189 631 դրամ։ Այսինքն, 2 դեպքում էլ՝ թե՛ ամսական կտրվածքով, թե՛ ժամանակահատվածի, աշխատավարձն ավելի արագ է աճել, քան գները, ինչից կարելի է ենթադրել, որ վարձու աշխատողների գնողունակությունն աճել է։

Սակայն այդ ենթադրությունը միայն մասամբ է ճիշտ, քանի որ աշխատավարձի աճը գրանցվել է միայն մասնավոր հատվածում։ Այսպես՝ 2017 թվականի նոյեմբերին՝ 2016-ի նոյեմբերի համեմատ, ոչ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 223 910 դրամ։ Իսկ պետական հատվածում աճն ընդամենը 1.1% է (աշխատավարձի չափը՝ 156 563 դրամ)։

Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով՝ ոչ պետական հատվածի միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով, իսկ պետական հատվածինը մնացել անփոփոխ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պետական հատվածի աշխատողների գնողունակությունը 2017 թվականի ընթացքում նվազել է՝ չնայած տնտեսական աճի բարձր տեմպին և թույլ գնաճին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է տարածաշրջանային սուր խնդիրներից մեկին՝ Իրանի ցնցումներին:

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնող օրինագիծը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ պատրաստ է պատշաճ իրականացնել սպասարկման գործընթացը: