Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տավուշում հսկայական ներդրումներ կատարած գործարարը հիասթափվել է և մտադիր է հեռանալ երկրից

Վերադարձ լուրերի բաժին

12:40 , 27 Փետրվար 2019

Տավուշի մարզի Ենոքավան գյուղն օրինակելի է ամբողջ Հայաստանի համար: Այնտեղ Չիբուխչյանների ընտանիքի ներդրումների և ջանքերի շնորհիվ ամբողջությամբ փոխվել է համայնքի կյանքը: Սակայն այօսր «Ապագա տուր» հանգստյան գոտու և «Yell Extreme Park» ակտիվ հանգստի գոտու հիմնադիր Արտակ Չիբուխչյանը հիասթափվել է և մտաիդր է հեռանալ երկրից, եթե իր մտահոգության առարկա հանդիսացող անհարկի ստուգումները չավարտվեն: Արտակ Չիբուխչյանը ծավալուն զրույց է ունեցել hetq.am կայքի հետ: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ստուգումներ եւ արգելանք՝ հեղափոխական 2018-ին

Արտակ Չիբուխչյանի խոսքով՝ 2018 թ. նոյեմբերի 14-ին կալանքի տակ վերցվեցին «Ապագա տուրի» եւ «Yell Extrim Park»-ի հաշիվները։ Այդ մասին նա իմացել է երկու օր անց, երբ փորձել է հարկեր փոխանցել։ «Կալանք դրված էր, որովհետեւ կային հարկային պարտավորություններ։ Այո, կային հարկային պարտավորություններ, որովհետեւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հարկայինից մեզ զանգում եւ խնդրում էին հարկերը մի փոքր ուշ փոխանցել, որովհետեւ վարչապետ Փաշինյանի հորդորից հետո Իջեւանում բոլորը բարեխղճորեն ձեւակերպել էին իրենց աշխատողներին, եւ շատ հարկեր էին գոյացել։ Այսինքն տարօրինակ, արհեստական թվացող դինամիկա էր ձեւավորվել։ Մարդիկ Նիկոլ Փաշինյանին հարգում, սիրում են, բայց փոքր եւ միջին բիզնեսը գնաց ինքնասպանության։ Սկսեց վճարել էն չափի հարկեր, մտան էնպիսի հարկային բեռի տակ, որին չեն կարող դիմանալ։ Եվ հիմա էլ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է ահավոր ծանր վիճակում»,- նշում է գործարարը։

Yenokavan

Չիբուխչյանների բիզնեսն ունեցել է պարտավորություններ 6 միլիոն դրամի չափով, բայց թաքցրած հարկեր չեն եղել։ «Այսինքն՝ ես պարտավորությունների ուշացման համար վճարում եմ տուգանք, որը գնում է պետությանը, ոչ թե՝ իմ գրպանը։ Ըստ կանոնակարգի դիմեցինք հարկային, մեզ ասացին, որ էդ պարտավորությունների դիմաց գույք գրավադրենք, սահմանելով նաեւ վճարման ժամանակացույց։ Ամեն ինչ արեցինք։ Դեկտեմբերի 26-ին բարձրագույն մակարդակով՝ վարչապետին, ՊԵԿ նախագահին եւ այլոց դիմելուց հետո միայն «Ապագա տուրի» հաշիվները կալանքից հանեցին, որից հետո մենք կարողացանք մեր բիզնես պարտավորությունները մասամբ կատարել։ «Yell»-ի հաշվիներն էդպես էլ մնացին կալանքի տակ եւ ազատվեցին հունվարի 24-ին՝ ավելի քան 80 օր կալանքի տակ մնալուց հետո։ ՊԵԿ-ում սա բացատրում էին նրանով, որ հարկային համակարգում ինչ-որ ռոբոտ ա «աշխատում», եւ էդ ռոբոտն ա վերցրել կալանքի տակ, ընթացակարգն է այդպիսին»- ասում է Արտակ Չիբուխչյանը։

Այս դեպքով պետք է դատախազությունը զբաղվի։ Արդյունքում՝ բիզնեսը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները վնասով է փակել, այնինչ, ըստ նրա, պետք է մոտ 25 տոկոսի չափով օրգանական աճ ունենար։
«Պետությունն էլ վնաս կրեց՝ զրկվելով հարկերից։ ՊԵԿ-ի բոլոր ծրագրերը, որպես մասնագետ եմ ասում, գրվել են Խաչատրյան Գագիկի ժամանակ, ամենավատ մասնագետների կողմից։ Ցանկացած «ԱրՄաթ» լաբորատորիայի սան ավելի լավ ծրագիր կարող է գրել»,- պնդում է նա։

Անանուն նամակի հետքերով

«Հունվարի 14-ին A1plus.am կայքում անանուն նամակ է հրապարակվում՝ ուղարկված «Կանաչ Հայաստան» գոյություն չունեցող նախաձեռնության էլեկտրոնային փոստից եւ ստորագրված «Օրինապաշտ քաղաքացի» գոյություն չունեցող նախաձեռնության, ինչպես նաեւ «մի խումբ ենոքավանցիների» կողմից։ Նամակի տեքստից հասկացվում է, որ այս անանուն նամակի հեղինակը որոշ իրավաբանական գիտելիքներ ունի եւ որոշ բաներ էլ գիտի մեր մասին։ Բերված տեղեկություններն առնչվում են մեր գործունեության բոլոր ոլորտներին՝ սննդի ծառայություն, ջրօգտագործում, տուրիզմ եւ այլն, բայց ակնհայտ է, որ կողքի դիտողի նամակ է սա»,- պատմում է Արտակ Չիբուխչյանը։

Նամակը հրապարակելու օրը եւեթ իրենց մոտ են գնացել ստուգումների։ «Առաջինը եկավ ՍԱՊԾ-ն ու ապշեց, պարզելով, որ մեր մթերքը ստուգված է, աշխատակիցներն ունեն սանգրքույկ, ունենք պայմանագրեր տեղական մատակարարողների հետ եւ այլն։ Եվ այդպես մեզ մոտ եկան ՀՀ կառավարման բոլոր կառույցներից՝ հանրապետական մակարդակով։ «Հայանտառի» տնօրենն եկավ, թե իբր անտառը փրթել ենք։ Տեսան, որ չենք փրթել։ Իբր՝ անօրինական փայտամթերք ենք ձեռք բերել, բայց տեսան, որ օրինական ենք ձեռք բերել։ Եկան բնապահպանական տեսչությունից, ջրօգտագործողների միությունից եւ այլն։ Թե էլ ովքեր են գալու, չգիտեմ»,- ասում է նա։

Հսկիչ գնումներ՝ հարբած հարկային ծառայողների կողմից

«Օրեր առաջ էլ եկել են հարկային մարմինների չորս աշխատողներ, 33 հազար դրամի կերել-խմել, քեֆ արել, որոնցից երեքը նաեւ խմել են 250 գրամ տնական օղի։ Ծածուկ նպատակը՝ հսկիչ գնում կատարելը։

Իրենց կերած-խմածի հաշիվը փակելիս ակնարկել են, թե ՀԴՄ կտրոն չենք տալու, բայց նույն պահին մեր աշխատակիցը ներկայացրել է արդեն տպված կտրոնը։ Տեսնելով, որ էդ անգամ չստացվեց, ցանկություն են հայտնել ձի նստելու։ Մեր աշխատակիցներն արդեն հասկացել են, որ էդ ամեն ինչն արհեստական է։ Երկրորդ հսկիչ գնումը կատարել են բացարձակ խախտումներով եւ միանգամից ակտ գրել։ Այդ ակտը մենք արդեն բողոքարկել ենք Դատախազության միջոցով»,- ներկայացնում է ենոքավանցի գործարարը։

Այս ամեն ինչի մասին առաջին անգամ է բարձրաձայնում։ «Որպես բիզնեսմեն, որպես քաղաքական գործիչ՝ հենց նոյեմբերի 14-ին կարող էի բարձրաձայնել մեր հաշիվները կալանքի տակ վերցնելու մասին։ Դրանով ես օգնած կլինեի հակահեղափոխությանը։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կերպարը հեղափոխության կերպարն է, եւ մեզնից ոչ ոք չի ուզում՝ այդ կերպարը խաթարվի։ Ցավոք սրտի, այս մարդու ասածն ու ցանկությունները, քայլերը ձախողելու տանող մարդիկ կան։ Նա ասես քայլում է Գյումրիից Երեւան, բայց ոտնամանները թարս է հագել։ Եվ սա իր մեղքը չէ»,- շեշտում է Արտակ Չիբուխչյանը։

«Զոնայի» օրենքներից դուրս ու խոցելի

«Հոկտեմբեր ամսին, երբ վարչապետը հանդիպեց գործարարներին, ես իրեն ասացի՝ էստեղ հավաքված ցանկացած գործարար, եթե հանքարդյունաբերող չէ, ռոմանտիկ է։ Հագնում ենք պրագմատիկի կոստյում, որպեսզի բանկերը մեզ երկու կոպեկ տան, որպեսզի գործարար երեւանք։ Էսօր ես զղջում եմ, որ եկել եմ Հայաստան»։

Հարցին՝ 19 տարվա ընթացքում որքա՞ն ներդրում եք արել, Արտակ Չիբուխչյանը պատասխանում է․ «Կյանքս եմ ներդրել։ Հորս եմ հողին հանձնել։ Ընտանիքս է վատթար վիճակում։ Ինձ 18 տարվա մեջ հասցրել են նրան, որ ես հորս քառասունքի հաջորդ օրը՝ մարտի 17-ին, պետք է մեկնեմ արտասահմանում բուժման։ Ես չեմ մեկնում, ինձ տանում են։ Կբուժվեմ՝ էնտեղ կմնամ, չեմ բուժվի՝ էնտեղից ինձ կբերեն։ Վաղն ինձ անգամ վարչապետն էլ կանչի զրույցի, չեմ գնալու։ Արդեն ուշ է։

Էն վայրկյանին, երբ ես համարեցի, որ բացի Ենոքավանը կա նաեւ Հայաստանի Հանրապետություն, որի հետ ոչ թե զոնայում նստածի եւ զոնայի հարաբերություններ են, այլ՝ առանց սահմանների հարաբերություններ, ես ընկա սթրեսի մեջ։ Երբ ես ասացի, որ հարկ եմ վճարում, որպեսզի զոնայում ինձ չկպչեն, հանգիստ ապրում էի։ Հեղափոխությունից հետո բացեցի իմ սահմանները, Ենոքավանը համարեցի Հայաստանի մաս ու ընկա այս վիճակի մեջ։

Իմ, իմ ընտանիքի, հարեւանների ու համայնքի թշնամին Ադրբեջանի Հանրապետությունը չէ։ Ադրբեջանի ցանկացած սադրանք մեզ համախմբում է։ Իմ, իմ ընտանիքի, հարեւանների ու համայնքի թշնամին Հայաստանի Հանրապետությունն է, որ տզրուկի նման ծծում ա ու ոչ մի բան չի տալիս։ Իր մենաշնորհով ինձ վրա վաճառել է սեւ գույնի ՀԴՄ ապարատ։ Ինձ՝ սպիտակիս, սեւ ապարատ է վաճառել, որի սպասարկման համար ամսական վճարում եմ 3000 դրամ, բայց որը սպասարկողի քթի ծայրն անգամ չեմ տեսել»։

Նախապատմությունը
«2000 թվականից, որպեսզի կարողանամ տարեց ծնողներիս կողքին գոտնվել, Դիլիջան քաղաքում եւ իմ պապական Ենոքավան գյուղում ներդրումներ եմ սկսել։ Երկար ուսումնասիրելուց հետո որոշեցի զարգացնել ակտիվ հանգիստը, որպեսզի ժողովուրդն էդ սոցիալական պսիխոզից դուրս գա։ Դա այն տարիներն էր, երբ Երեւանից Դիլիջան էին հասնում 3 ժամում, երբ Իջեւանում շինանյութի մեկ խանութ էլ չկար»,-պատմում է Չիբուխչյանը։

«Դիլիջանում ես եմ ֆինանսավորել առաջին օթեւանատներին՝ b&b-ները, որպեսզի դիլիջանցիների համար բիզնեսը կազմակերպելու դասընթացներ անցկացվեն, որպեսզի դիլիջանցին իմանա ինչպես հովեկներ ընդունել եւ գումար վաստակել։ Բայց երկու տարի հետո դիլիջանցիների տները երեւանցիները գնեցին, դարձրին ամառանոցներ, Կենտրոնական բանկը կառուցեց իր քոթեջները, հետո հյուրանոցներ կառուցվեցին, օթեւանատները մահացան, դիլիջանցին մնաց առանց եկամուտի։

Ենոքավանում ավելի հաջող ստացվեց, որովհետեւ փոքր համայնք է, կարողացանք պահել, որպեսզի այն Գոշ գյուղի նման չվերածվի ամառանոցային հանգրվանի։ Մեր նախագծին որեւէ սոցիալական հնչեղություն չտվեցի, այնինչ այն հետո է բիզնեսի վերածվել։
Ոչ ոք էն ժամանակ չէր մտածի, որ Դիլիջանից էն կողմ կարելի է տուրիստ տանել։ «Ակտիվ հանգիստ», «ընտանեկան հանգիստ» ձեւակերպումները հայկական շուկա ներմուծեցինք մենք։ Մենք չեկանք հայկական շուկայի բլիթից մի կտոր վերցնելու։ Բլիթը մեծացրինք եւ վերցրինք մեր բաժինը։ Մենք ոչ մի տուրիստական կազմակերպության չխանգարեցինք, հակառակը՝ բոլորին գործ տվեցինք։

Ենոքավանը, որը նույնիսկ խորհրդային տարիներին համարվում էր անհեռանկար գյուղ, կարող է զարգանալ։ Մենք փորձեցինք այդ գյուղը կարգի բերել։ Մեզ վրա վերցրինք այն ծախսերը, որոնք պետք է աներ պետությունը։ Ճանապարհ սարքեցինք, բարձրավոլտ հոսանքի գիծ քաշեցինք, ջրի կապտաժներ սարքեցինք եւ այլն։ Եվ այդ ընթացքում այնքան հարկեր վճարեցինք, որոնցից կարող էինք օրինական ճանապարհով խուսափել։ Ես դա անում էի, որպեսզի չառերեսվեմ պետական մարմինների հետ։ Ես աշխարհի հարկ եմ տվել, որ ինձ չկպչեն։ Եթե աուդիտ անցկացնեն, կպարզեն, որ մոտ 80 տոկոսով ավելի հարկ եմ վճարել, քան կարող էի օրինական ճանապարհով խուսափել։ Անում էի, որ ինձ չկպչեն։ Ու չէին էլ կպչում։ Բոլորն էլ հարգել են մեր գործունեությունը»։

«Միրումյանի գրասենյակի» խորամանկությունը
«Մեզ առաջարկ էին արել, եւ մենք էլ համաձայնել էինք, որ մեր հաշվապահությունն իրականացնի Իջեւանի հաշվապահական գրասենյակը։ Ինձ հետ ծանոթացավ ՊԵԿ ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, որը նմանատիպ գրասենյակների համակարգող էր Հայաստանով մեկ։ Բոլոր հարկային կառույցների շենքերում գտնվում էին հաշվապահական գրասենյակներ, որոնք համոզում էին, որպեսզի հաշվապահությունն իրենք վարեն։ Համբարձումյան Վահագն ինձ բաց տեքստով ասաց՝ քանի որ այս գրասենյակների փայատերերից մեկը ՊԵԿ նախագահի տեղակալ Միրումյան Վախթանգն է, այդ իսկ պատճառով իրենք հատուկ ծրագիր են գրել, որի մեթոդաբանության հեղինակը Միրումյանն է, դա լինելու է աշխարհի լավագույն հաշվառումը եւ այլն։ Մի խոսքով, համոզեցին, եւ մեր հաշվապահությունը վարեցին։ Հետո մեզ վրա շատ տարօրինակ ստուգում բացվեց ՊԵԿ-ի կողմից, որի ընթացքում հարցեր էին առաջ քաշում, որոնց կարող էր տեղյակ լինել միայն մեր հաշվապահությունը վարող կազմակերպությունը։ 2016 թվականին նոր ստուգում բացեցին։ Մեկ ամիս ստուգումներից հետո ոչինչ չհայտնաբերեցին, ստուգումը երկարացրին 10 օրով եւ ակտ գրեցին, թե իբր ունեցել ենք խախտումներ։ Սխալվեցին։ Մենք բողոքարկեցինք ակտը, եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած տեսչական մարմինն այդ ակտն ի չիք համարեց»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]