Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վնասակար սովորությունների դեմ պայքարի և տնտեսության կայունության սահմանագծին․ դասեր ոչ վաղ անցյալից

Վերադարձ լուրերի բաժին

12:46 , 11 Մարտ 2019

Այս օրերին, երբ հանրության տարբեր հատվածներում բուռն քննարկվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակային անհամաձայնությունը ծխախոտային արտադրանքի, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչի (IQOS) ակցիզային հարկի դրույքաչափերի մեծության և ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքի ըմպելիքների համար ակցիզային հարկ սահմանելու դրույթի վերաբերյալ, հիշեցի մի հատված ռուս հայտնի տնտեսագետ, պետական գործիչ Եգոր Գայդարի «Гибель Империи» գրքից՝ նվիրված Խորհրդային Միության փլուզման սոցիալ-տնտեսական պատճառների վերլուծությանը։ Հիշում եմ, իր հարցազրույցներից մեկում Գայդարն ասում էր, որ 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում ալկոհոլամոլության դեմ ծավալված պայքարը 1979-1988թթ-ի սովետաաֆղանական պատերազմի հետ մեկտեղ Խորհրդային Միության փլուզման առանցքային պատճառներից են։

Ալկոհոլամոլության դեմ պայքարը 1980-ականների կեսերին ԽՍՀՄ-ում

Տարիքով ավագ սերունդը կհիշի ԽՄԿԿ-ի 1985թ-ի մայիսի 7-ի որոշումը՝ «О мерах по преодолению пьянства и алкоголизма» և դրան հաջորդած ԽՍՀՄ մինիստրների խորհրդի N410 նույնանուն որոշումը՝ լայն հանրությանը հայտնի որպես «сухой закон», որով նախատեսվում էր էականորեն կրճատել ալկոհոլի արտադրությունը (այդ թվում՝ խաղողի և օղու արտադրության համար պիտանի այլ բազմամյա տնկարկների մեծությունը), մասնավորապես նախատեսվում էր օղու և լիկյորի արտադրությունը տարեկան կրճատել 10%-ով, իսկ մրգային և հատապտղային օղիների արտադրությունը ի սպառ վերացնել մինչև 1988թ-ը։ Դա իր հերթին պետք է ուղեկցվեր ալկոհոլի գների կտրուկ բարձրացմամբ` գրեթե կրկնակի, իրացման կետերի քանակի և վաճառքի թույլատրելի ժամերիէական կրճատմամբ։ Պետք է ասել, որ ալկոհոլիզմի դեմ պայքարը նորություն չէր ԽՍՀՄ-ում, այդպիսի միջոցառումներ ձեռնարկվել էին նաև 1918-23թթ-ին, 1929թ-ին, 1958թ-ին, 1972թ-ին, սակայն այս մեկը իր խիստ դրույթներով բացառիկ էր։

Ի՞նչ կողմ փաստարկներ կային

Ալկոհոլամոլությունը Խորհրդային Միությունում գնալով ահագնանում էր։ 1964թ-ի համեմատ 1984թ-ին 1 շնչի հաշվով սպիրտի օգտագործումն ավելացել էր 2.2 անգամ, ալկոհոլի չարաշահման պատճառով իրավախախտումների քանակը 5.7 անգամ, ալկոհոլամոլությամբ հիվանդ անձանց քանակը 7 անգամ, աշխատանքից անհարկի բացակայությունների 90%-ը կատարվում էր հենց ալկոհոլամոլության պատճառով, նարկոլոգիական հաշվառման կանգնած ալկոհոլամոլների քանակը հասնում էր 4 մլն-ի (մոտավորապես ամեն 70-ից մեկը), տարեկան սթափարաններով անցնում էր 9 մլն մարդ։ Ինչպես ասում են՝ թվերն աղաղակող էին։

Ի՞նչ դեմ փաստարկներ կային

 ԽՍՀՄ-ի Պետպլանի ղեկավար Բայբակովը հիշում է․ «Ապրիլին [1985թ-ի] կայացավ Կենտկոմի քարտուղարության նիստը, որի ժամանակ քննարկվում էր ալկոհոլային արտադրանքի կրճատման որոշումը։ 1985թ-ի պլանով օղին կազմում էր առևտրաշրջանառության 25%-ը, ուստի նիստի ժամանակ ես զգուշորեն նախազգուշացրեցի՝ ընկերներ, մի՛ շտապեք, բյուջեն հավասարկշռությունից կգցենք։ Չէ՞ որ ամեն դեպքում խոսքը գնում է 25 մլրդ ռուբլու մասին…. Ո՛չ,- հայտարարեց Լիգաչյովը-, եկեք սկզբում կտրուկ կրճատենք սպիրտային խմիչքների արտադրությունը, ապա նաև հայտարարենք «сухой закон»… հետո առաջարկ մտցվեց՝ օղու արտադրությունը կիսով չափ կրճատել ոչ թե մինչև 1990թ-ը, այլ՝ մինչև 1987թ-ը՝ նվիրված Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 70-ամյակին․․․ որից հետո քննարկումն ավելի բուռն ձևով ծավալվեց և որոշեցին կրճատել նաև գինու և կոնյակի արտադրությունը․․․»:

Ինչո՞ւ էր այսպիսի նախազգուշացում անում Բայբակովը, արդյոք, նա չէ՞ր ուզում, որ խորհրդային միությունում հաղթահարեն ալկոհոլամոլությունը՝ մահացությունը ալկոհոլամոլությունից կրճատվի, կյանքի միջին սպասվող տարիքը երկարի, մարդիկ ապրեն ավելի առողջ ապրելակերպով, իհարկե, ուզում էր, սակայն Բայբակովը մի բան լավ գիտեր՝ 1984թ-ին պետբյուջեի եկամուտները ալկոհոլի իրացումից կազմել էին 36.7 մլրդ ռուբլի, այն դեպքում երբ ԽՍՀՄ համախմբված բյուջեն 1984թ-ին կազմել էր 376.7 մլրդ ռուբլի, իսկ 1985թ-ին պետք է կազմեր՝ 390.6 մլրդ ռուբլի: Ի պատասխան, այս զգուշացումների՝ «կողմ» անձինք ասում էին, որ գների բարձրացման արդյունքում հնարավոր կլինի բյուջեի եկամուտների 80%-ը վերականգնել․․․

 Ի՞նչ տեղի ունեցավ

Խորհրդային չինովնիկները այս հարցում էլ գերակատարեցին պլանը՝ 1984թ-ի համեմատ ալկոհոլի արտադրություն արդեն 1986թ-ին կրճատվեց կիսով չափ։ Ընդհանուր առմամբ ստացվեց հետևյալ պատկերը՝

spirit

Եթե 1984 թվականը ընդունենք բազիսային տարի, ապա դրա համեմատ 1985-1987թթ-ին պետբյուջեի եկամուտները միայն ալկոհոլի իրացումից կրճատվեցին 20.9 մլրդ ռուբլիով, չհաշված ազդեցությունը արժեքային շղթայի ստորի մակարդակի ճյուղերի վրա (օրինակ, խաղողագործություն, պտղաբուծություն, հացահատիկի արտադրություն և այլն), համեմատության համար, ամենաճոխ հաշվարկներով 1979-88թթ-ի սովետաաֆղանական պատերազմին Խորհրդային միության ծախսերը (ներառյալ տնտեսական օգնությունը) կազմել են 44.7 մլրդ ռուբլի։

Պետբյուջեի եկամուտների կրճատումը դեռ մի կողմ, բնակչությունը սկսեց ալկոհոլի փոխարինման այլընտրանքներ որոնել, ինչի արդյունքում՝ 1986թ-ին շաքարի սպառումը ԽՍՀՄ-ում ավելացավ 22%-ով, իսկ միայն Մոսկվայում օդեկոլոնի սպառումը 1.5 անգամ, սոսնձինը՝ 30%-ով, սպիրտ պարունակող ապակի մաքրելու հեղուկինը՝ 15%- ով, ինչը մեծ ստվեր է գցում ալկոհոլամոլության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության վրա։

Ի՞նչ կցուցանե պատմությունը

 Պատմությունը կցուցանե, որ նոր տնտեսական քաղաքականություն մշակելիս (այդ թվում պայքարելիս բնակչության վնասակար սովորությունների դեմ) պետք է խիստ շրջահայաց լինել. հաշվարկել բոլոր կարճաժամկետ և երկարաժամկետ էֆֆեկտները։

Շատ ողջունելի է, որ միտում կա վարելու ապացուցահեն (evidence-based) քաղաքականություն, բայց ավելորդ չի մեկ անգամ ևս քննադատական հայացքով մոտենալ ներկայացված ապացույցներին, այլապես հետևանքները կստացվեն այնպես, ինչպես Վիկտոր Չերնոմիրդինն էր ասում՝ мы хотели как лучше, а получилось как всегда.

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: