Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

Վերադարձ լուրերի բաժին

21:06 , 18 Նոյեմբեր 2017

Հոկտեմբերի 24-ին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունում էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, տեղի ունեցավ հերթական վիճակագրական «միջադեպը». Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով աճել է 23.5 տոկոսով: Սակայն Ռուսաստանի վարչապետը հրապարակավ չհամաձայնեց այդ 23.5 տոկոսի հետ և հնչեցրեց իր թիվը՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը: «Ես ավելի լավ թիվ ունեմ, քան ձերն է։ Հունվար-օգոստոսին ապրանքաշրջանառությունն աճել է 30%-ով»,- ասաց Մեդվեդևը։ Ավելին, ոչ միայն ասաց, այլև առաջարկեց հետագայում հենց իր հնչեցրած թիվն էլ օգտագործել։ Ասել է թե՝ ձեր թվերը բանի պետք չեն, մեր թվերին հավատացեք։

«Ես միանշանակ կողմ եմ, որպեսզի օգտվենք ձեր վիճակագրությունից։ Առավել ևս, մենք առիթ ունենք կասկածելու որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունն առանց այն էլ նվազեցնում է որոշակի ցուցանիշներ», – ասաց Կարեն Կարապետյանը։

Մեդվեդևն այնքան նախանձախնդիր էր իր 30%-ը «տեղ հասցնելու» հարցում, որ ավելի ուշ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես տեղեկացրեց, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը «նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս»:

Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը։ Այս հարցը կրկնակի հետաքրքիր է դառնում, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և արտաքին առևտրի տվյալներն ամփոփվում են մեկ միասնական բազայում։ Այսինքն՝ Ազգային վիճակագրական ծառայությունն ինքնուրույն չի հաշվարկում ներմուծման և արտահանման տվյալները, այլ ստանում է ՊԵԿ մաքսային ծառայությունից։

Ի վերջո՝ ո՞ւմ թիվն է ճիշտ։ «Ազատություն» ռադիոկայանն այս հարցով մեկնաբանություն էր խնդրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանից։ Վերջինս պնդեց, որ իրենց թվերը «վստահելի են, որովհետև դրանք հենց Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջադրվող մեթոդաբանության հիման վրա են հաշվարկված»: Բայց և չասաց, որ ռուսների ներկայացրած թիվը սխալ է։ Փոխարենը՝ Մնացականյանը փորձեց բացատրություններ ներկայացնել, թե ինչով կարող են պայմանավորված լինել այդ տարբերությունները։

Պատճառներից մեկը, ըստ ԱՎԾ ղեկավարի, այն է, որ արտահանումը մի երկրից մյուսը FOB գնով է, սակայն ընդունող երկրում այդ նույն ապրանքը CIF գնով է։ «Արդեն տարբերություն է»,- ասաց նա։

Մյուս գործոնը ժամանակային տարբերությունն է։ «Օրինակ, արտահանումը մի երկրից արձանագրվում է դեկտեմբերի 31-ին, իսկ այդ նույն ապրանքը որպես ներմուծում ընդունող երկրում ձևակերպվում է հաջորդ տարվա հունվարին»,- նշեց Մնացականյանը։

ԱՎԾ ղեկավարը երրորդ գործոն էլ նշեց, որը բավականին ուշագրավ է. «Ապրանքն արտահանողի սեփականությունն է։ Նա ինչքան էլ ասի, թե որ երկիր է արտահանում, ճանապարհին եթե լավ այլ գնորդ գտնի, այնտեղ կարտահանի»։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ պայմանագրով, հաշիվ-ապրանքագրով և այլ փաստաթղթերով կոնկրետ գնորդին ուղարկվող ապրանքը ճանապարհի կեսից ուղևորվի մեկ այլ երկիր։ Սակայն քիչ հավանական է, որովհետև անգամ գնորդի և վաճառողի փոխադարձ համաձայնության պարագայում՝ դա լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի թե՛ արտահանողին, թե՛ ներմուծողին՝ մաքսային ձևակերպումների և այլ հարցերով։

Ինչևէ, ժամանակավորապես մի կողմ թողնենք այս բացատրությունները և հասկանանք, թե որ թվերն են իրարից տարբերվում։ Հայաստանի արտաքին առևտրի տվյալներն արտացոլվում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ԵՏՀ-ի կայքի տվյալների հետ համեմատելիս հետաքրքիր պատկեր ենք ստանում։ Պարզվում է՝ արտահանման մասով շեղում չկա՝ նույն ցուցանիշն է։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 310 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 36,6%-ով։ Նույն ծավալը և աճը ԵՏՀ կայքում է։

Սակայն ներմուծման մասով պատկերն այլ է։ Ըստ Հայաստանի ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) կազմել է 681,7 մլն դոլար, աճը՝ 18,3%։ Իսկ ահա ԵՏՀ տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 738,7 մլն դոլար, աճը՝ 23,4%։ Այսինքն, 5 տոկոսային կետով շատ։ Ըստ այդմ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 991,8 մլն դոլար, իսկ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 1 մլրդ 49 մլն դոլար։ Ըստ այդմ էլ, ըստ ԵՏՀ բազաների, առևտրաշրջանառության ընդհանուր աճն ավելի բարձր է, քան մերոնց ներկայացրած 23,5%-ը (սակայն, միևնույն է՝ 30%-ի չի հասնում)։

Ստեփան Մնացականյանի նշած CIF և FOB գների գործոնն այս դեպքում չի աշխատում, որովհետև եթե դրա պատճառով տարբերություն լիներ, դա պետք է արտացոլվեր նաև արտահանման դեպքում։

Իսկ եթե ընդունենք, որ մյուս երկու գործոններն են աշխատել՝ ժամանակի և ճանապարհի կեսից գնորդին փոխելու, ապա տարօրինակ եզրահանգման կգանք։ Կստացվի, որ Հայաստանից Ռուսաստան բեռները հասնում են շատ արագ, իսկ ներմուծման ժամանակ՝ ուշացումով։ Կամ էլ՝ Հայաստանի համար նախատեսված մոտ 58 մլն դոլարի ապրանք ճանապարհի կեսից շեղվել է և գնացել անհայտ ուղղությամբ։

Ինչևէ, համոզված ենք, որ այս շեղումն ընդամենը տեխնիկական բացատրություն ունի, որը կհնչի առաջիկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը