Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիճակագրական կոմիտեն անդրադարձել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին

Վերադարձ լուրերի բաժին

10:23 , 16 Հուլիս 2019

Հայաստանում ցեմենտի պաշարներն այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 89 հազար 730.3 տոննայով: Շինարարության ծավալը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, արդյունքում՝ ցեմենտի կամ քարի արտադրության, ներմուծման և օգտագործման նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանն անդրադարձել է լրատվամիջոցներում հրապարակումներին, թե երկրում հինգ ամիս շարունակ 6.1 տոկոսով աճել է շինարարությունը, ինչը ենթադրում է, որ պետք է ավելանային արտադրված (կամ ներմուծված) ցեմենտի, ամրանների, բետոնի, քարի ու բազում այլ արտադրատեսակների ծավալները, սակայն դրանց ծավալները նվազել են:

«Նախ, հարկ է նշել, որ, եթե 2018 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանից ցեմենտի արտահանումը կազմել է 2 875.1 տոննա, ապա 2019թ.-ի առաջին 5 ամսում արտահանվել է ընդամենը 22.0 տոննա ցեմենտ: 2018թ.-ի առաջին 5 ամսում ներմուծված ցեմենտի ծավալը կազմել է 29 432.1 տոննա, իսկ 2019թ.-ի առաջին 5 ամսում՝ 116 309.3 տոննա: Արտաքին առևտրի մասով ցեմենտի հաշվեկշիռը Հայաստանում մնացած ցեմենտի մասով կազմել է 89 730.3 տոննա ((2 875.1 – 22.0)+( 29 432.1 – 116 309.3)): Այլ կերպ ասած՝ 2019թ.-ի առաջին 5 ամսում, 2018թ.-ի առաջին 5 ամսվա համեմատ, միայն արտաքին առևտրի մասով, Հայաստանում ցեմենտի պաշարներն ավելացել են 89 730.3 տոննայով: Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակների (չամրանավորած կամ ամրանավորած) ներմուծումը 2018 թ.-ի առաջին 5 ամսվա համար կազմել է 457.1 տոննա, իսկ 2019թ.-ի առաջին 5 ամսվա համար՝ 1 182.7 տոննա: Նշված ժամանակահատվածներում արտահանում չի արձանագրվել: Շինարարական նպատակով օգտագործվող բոլոր տեսակի քարերի արտահանումը 2018 թ.-ի առաջին 5 ամսվա ընթացքում կազմել է 4 113.4 տոննա, իսկ 2019 թ.-ի առաջին 5 ամսում՝ 3 178.9 տոննա: Ներմուծումը, համապատասխանաբար՝ 2 990.5 տոննա և 2 976.9 տոննա: Արդյունքում, ՀՀ-ում մնացորդային հաշվեկշիռն այդ քարերի 2019 թ.-ի առաջին 5 ամսում կազմել է 920.9 տոննա»,- տեղեկացրեց Պետրոսյանը:

Նա, սակայն, նշեց, որ անկախ վերոհիշյալից, շինարարության ծավալը (թողարկումը) ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ՝ շինմոնտաժային աշխատանքներ, սարքավորանք, գործիք, գույք, այլ աշխատանքներ և ծախսեր, դրանից՝ ճարտարապետաշինարարական նախագծում: Պետրոսյանը նկատեց՝ տարբեր ժամանակահատվածներում դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, երբեմն էապես, ինչի արդյունքում ցեմենտի կամ քարի արտադրության, ներմուծման և օգտագործման նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել: Օրինակ, էլեկտրակայանների շինարարության ժամանակ տուրբինների մոնտաժման փուլում, կախված տուրբինների մեծ արժեքներից, շենքերի և շինությունների շինարարության ծավալների նվազման պարագայում, շինարարության թողարկման ընդհանուր ծավալը կարող է էապես աճել, քանզի անգամ արտերկրում պատրաստված տուրբինն իր ողջ արժեքով ներառվում է շինարարության ծավալում: «Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, առողջապահական հաստատությունների շինարարության պարագայում, երբ մոնտաժվում են առողջապահական ծառայությունների համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներում նախատեսված սարքավորանքները, գործիքները և գույքը: Դրանց արժեքներն ամբողջությամբ ներառվում են շինարարության թողարկման մեջ»,- ասաց նա:

Ընդհանրապես, սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքը, լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները, շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները, սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն), շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:

Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են ճարտարապետաշինարարական նախագծումը (ներառյալ՝ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որն իրականացվում է շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը, նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները, թեք լանջերի վրա դարավանդների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող, կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը, հողահատկացման հետ կապված, հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը, պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված, շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը, հեղինակային և տեխնիկական վերահսկողության ծախսերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։