Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:53 , 30 Մարտ 2016

Մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին:

Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործում ՎԶԵԲ-ի մեծածավալ գործունեության համար: Նշելով, որ այս հանդիպումը հնարավորություն է խոսելու նաև ցավոտ հարցերից, նախարարը մանրամասն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Նախ` կարևորվել է համագործակցությունը կառույցի և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի փոխհամաձայնեցված, կոորդինացված գործունեության առումով, ինչն առավել արդյունավետ կդարձնի տվյալ ծրագրի իրականացումը: Առանցքում նաև կապիտալի շուկաների զարգացումն ու տեղական արժույթով ֆինանսավորման խթանման հարցերն էին:

«Ունենալով օրենսդրական լիազորություն առևտրի և շուկաների պետական կարգավորման բնագավառում` մեր նախարարության կարևոր խնդիրներից մեկը այսօր կապիտալի շուկայի թերզարգացվածության վիճակի փոփոխությունն է: Ցավոք, Հայաստանում չի ձևավորվել կապիտալի արդյունավետ շուկա, մինչդեռ դա շուկայական տնտեսության առաջին հիմնական գրավականն է: Այս ուղղությամբ նախարարությունը նաև մեծածավալ գործունեություն է նախատեսում իրականացնել` ապրանքային և ածանցյալների շուկաների նոր օրենսդրություն մշակելու և կյանքի կոչելու առումով»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Կիսելով մտահոգությունները բարձրացված հարցերի շուրջ` Մարկ Դեյվիսը հավաստիացրել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը համագործակցությունը խորացնելու հարցում: Ներկայացնելով կառույցի գործառույթները` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է մասնավոր հատվածի հետ տարվող աշխատանքները` իհարկե, որպես ուղենիշ ունենալով կառավարության նշած առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՓՄՁ-ի զարգացմանը, Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված քայլերի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վերամշակվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը: Ըստ նրա` նոր նախագծով օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում:

Անդրադարձ է եղել նաև 2016 թվականի հոկտեմբերին Նյու-Յորքում նախանշված «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը, որի հաջող իրականացման համար Հայաստանի զարգացման հիմնադրամն անելիքներ ունի: Այս առնչությամբ կարևորվել են բոլոր այն ծրագրերը, որոնք կներկայացնեն մեր երկրի մրցակցային առավելությունները` այդպիսով խթանելով նաև օտարերկրյա ներդրումները Հայաստանում:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են փոխգործակցության խորացմանն ու համագործակցության զարգացմանը միտված հանձնառությունը: