Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 8.25 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:28 , 30 Մարտ 2016

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%:
2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -1.7%:

Ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.75% և 6.75%:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ապրիլի 8-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):