Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Nouvelle d’Arménie ամսագրին ՄԱՍ 1

Վերադարձ լուրերի բաժին

11:48 , 02 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։ Հարցազրույցի ընթացքում, քաղաքական, անվտանգության և միջազգային հարաբերությունների թեմաներից բացի, կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսական թեմաներին: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի՝ տնտեսական թեմաների հատվածները:

Ն․Դ․Ա – Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։

Նիկոլ Փաշինյան – Այո, անկասկած։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որեւէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարեւոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի եւ արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միեւնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։ Նույնն է նաեւ հանքարդյունաբերության դեպքում։

Ն․Դ․Ա․ – Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։

Նիկոլ Փաշինյան – Միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների եւ վերամշակող տնտեսության զարգացումն է։ Եւ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի եւ հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ եւ ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք եւ պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկիր չի հաջողել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջության հետ։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետեւ մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ եւ այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել։

Ն․Դ․Ա․ -Արդյոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտո՞ւմ են Հայաստանին։

Նիկոլ Փաշինյան – Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ։

Ն․Դ․Ա – Հեղափոխության հետագա ընթացքը կախվա՞ծ չէ արդյոք անհավասարությունների կրճատումից։ Ձեր լիբերալ եւ բիզնեսամետ քաղաքական մոտեցումը դրա առաջին փո՞ւլն է։ Արդյոք հետո դրան կհաջորդի՞ սոցիալական խնդիրներով զբաղվելը, թե միաժամանակ կկարողանա՞ք այս երկու հարցերը լուծել:

Նիկոլ Փաշինյան – Ինչո՞ւ հետո։ Մենք արդեն սկսել ենք լուծել անհավասարությունների հետ կապված խնդիրները։ Այս տարվա սկզբից բարձրացվեցին նպաստները եւ ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը՝ համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, բարձրացել է նաեւ զինվորականների վարձատրությունը։ Սեպտեմբերի 1-ից սկսած այդ միտմանը կհետեւեն նաեւ ուսուցիչների աշխատավարձերը, եկող հունվարի մեկից կենսաթոշակները եւս կվերանայվեն, միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատված է հարկերից, հունվարի 1-ից 140000 աշխատողների եկամուտները կբարձրանան՝ շնորհիվ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների։ 2018 թվականի հուլիսի 1-ից ավելի քան 200000 աշխատող ունեցել են եկամտի ավելացում՝ շնորհիվ կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումների։ Մենք բացեցինք եւ ընդլայնացրինք մուտքը դեպի բիզնես ոլորտ։ Անցյալում գործող կոռուպցիոն համակարգի բնութագրերից մեկը եղել է մարդկանց աղքատության մեջ պահելը եւ առանց սոցիալական ապահովության թողնելը՝ կարողանալու համար վերջիններիս ձայնը 5000 դրամով գնել ընտրությունների ժամանակ եւ այդկերպ հաղթել ընտրություններում։ Ժողովրդավարությունը կարիք չունի նման համակարգի, այլ կարիք ունի տնտեսապես ինքնավար անձանց։ Մենք սա ենք ասում մարդկանց՝ երբ 20-25 տարի օլիգարխները ձրի բրինձ են բաժանել՝ ձեզ հավատացնելով, թե ապահովում են ձեր բարեկեցությունը, նրանք խաբել են ձեզ։ Ձեր տնտեսական բարեկեցությունն ապահովելու միակ միջոցն աշխատանքն է։ Մենք ասում ենք մարդկանց՝ տեսեք, թե մենք ինչ ենք անում, դատեք՝ ըստ արդյունքի․ մենք ազատում ենք միկրոբիզնեսը բոլոր հարկերից, մենք 0-18 տարեկան անձանց բուժծառայություններն անվճար ենք դարձնում համապետական ողջ տարածքում, մենք ընդլայնում ենք անվճար բուժծառայությունների սպեկտորը անապահովների, զինվորականների եւ առավելի խոցելի անձանց համար։ Սոցիալական նպատներն աճում են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել կենսական նվազագույնից։ Մենք ասում ենք մարդկանց՝ մենք ձեզ համար լուծում ենք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը, նվազագույն սպառողականի հասանելիության խնդիրը։ Կրթության առումով՝ մենք անում ենք այնպես, որ ոչ մի ուսանող չհեռացվի դասընթացներից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Բայց մենք նաեւ ասում ենք՝ այդ դուք եք, որ պիտի հոգաք ձեր ընտանիքի հոգսերը։ Դուք չեք կարող դիմել կառավարությանը՝ ասելով՝ «ինձ աթոռ տուր»։ Կառավարությունն ասում է՝ «մենք տալիս ենք բժշկական ապահովագրություն քեզ եւ երեխաներին, մենք ապահովում ենք քեզ համար նվազագույն եկամուտ, որպեսզի սոված չմնաս, գնա, աշխատի եւ ստեղծի աթոռդ: Դու չես կարող կառավարությանը խնդրել քեզ համար հեռուստացույց գնել, դու պիտի աշխատես եւ քո միջոցներով գնես հեռուստացույց. Կառավարության խնդիրը աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է։ Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Նույն մոտեցմամբ մենք կատարում ենք հարկային բարեփոխում։ Այսօր Հայաստանում կա եկամտահարկի երեք շեմ՝ 36% բարձր եկամուտի, 27% միջին եկամուտի և 23% ցածր եկամուտի համար: Մենք բոլորի համար այն իջեցնում ենք 23% -ի և առաջիկա հինգ տարիներին այն կկրճատենք մինչև 20%: Ոմանք մեզ մեղադրում են ավելի հարուստների համար նպաստավոր քաղաքականություն վարելու մեջ։ Մենք պատասխանում ենք՝ այո, իսկապես, որովհետեւ նա, ով ունի բարձր եկամուտ, իր ժամանակը չի ծախսել ծառի տակ պպզած ոչինչ չանելով, ներեցեք, եթե ասում եմ կոպիտ բառերով։ Բայց, վերջին հաշվով, այն մարդը, ով սովորել է գիշեր-ցերեկ մրցունակ կրթություն ստանալու համար, հենց նա էլ ունի իրավունք ժողովելու իր ջանքերի տված պտուղները։ Ահա այսպիսինն եմ ես տեսնում Հայաստանի ապագան։ Հայաստանում չպետք է լինեն առանց կրթության բանվորներ։ Սա այն ուղերձն է, որ պետք է փոխանցենք երիտասարդներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Գործընթացը կլինի փուլ առ փուլ:

Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

«Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…»,- Նիկոլ Փաշինյան: