Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Nouvelle d’Arménie ամսագրին ՄԱՍ 2

Վերադարձ լուրերի բաժին

12:06 , 02 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։ Հարցազրույցի ընթացքում, քաղաքական, անվտանգության և միջազգային հարաբերությունների թեմաներից բացի, կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսական թեմաներին: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի՝ տնտեսական թեմաների հատվածները:

Ն․Դ․Ա – Նպատակը հստակ է, բայց ժամանակ է պետք դրան հասնելու։ Այդ ընթացքում ի՞նչ պետք է անեն առանց որակավորման այդ աշխատողները։

Նիկոլ Փաշինյան – Այդ աշխատողների մի մասի համար հօգուտ միկրոբիզնեսի ձեռնարկված միջոցները, բոլոր հարկերի վերացումը այդ խնդիրների պատասխանն են։ Մենք ասում ենք այդ մարդկանց՝ նորմալ չէ, որ մարդը 5, 10 տարի աշխատի ամսական 60 000 դրամ աշխատավարձի համար։ Մենք այդ մարդուն ասում ենք՝ դա եկամտի միակ միջոցը չէ, դա չի ապահովում քո ապագան, մենք քեզ ազատում ենք հարկից, մենք քեզ առաջարկում ենք արտոնյալ պայմաններով վարկեր, զբաղվիր ձեռներեցությամբ, իրացրու ստեղծագործականությունդ, ստեղծիր քո սեփական բիզնեսը եւ վաստակիր ոչ թե 60 000 դրամ, այլ 70 000, 100 000 ու ավելին։ Նույնիսկ տուրիստական ոլորտում, տարեսկզբից սկսած, զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում ծախսել են 120 միլիոն դոլարով ավելին, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Մենք ասում ենք այդ մարդուն՝ աշխատիր եւ քո բաժինն ունեցիր այդ 120 միլիոնի մեջ ամբողջ կյանքում 60 000 դրամով բավարարվելու փոխարեն։ Մեր ռազմավարական ընտրությունը վերամշակող արդյունաբերության զարգացումն է, մենք վարում ենք բարձր եկամուտներին միտված քաղաքականություն, մենք կրճատում ենք հարկերը, որպեսզի բիզնեսի ղեկավարները կարողանան ավելացնել իրենց աշխատողների աշխատավարձերը։

Ն․Դ․Ա – Ինչպե՞ս է հնարավոր մի կողմից իջեցնել հարկերը, մյուս կողմից վարել սոցիալական քաղաքականություն։ Ինչպե՞ս եք ֆինանսավորում այդ միջոցները։

Նիկոլ Փաշինյան – Մենք դա արդեն անում ենք։ Հայաստանի Հանրապետությունում առկա էր սոսկալի չափերի ստվերային տնտեսություն։ Շնորհիվ այդ ստվերային տնտեսության դեմ պայքարի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մենք կարողացանք ունենալ 120 միլիոն դոլար լրացուցիչ բյուջետային եկամուտ։ Այդ աճի շնորհիվ էլ մենք կարողացանք բարձրացնել մեր զինվորականների վարձատրությունը։

Ն․Դ․Ա. – Այդպիսով, դուք ունեք ձեր քաղաքականության միջոցները։

Նիկոլ Փաշինյան – Իհարկե։ Մենք ասում ենք քաղաքացիներին՝ դուք չեք կարող գնումներ կատարել առանց ՀԴՄ կտրոնի եւ մյուս կողմից պահանջել կենսաթոշակների բարձրացում։ Ի՞նչ միջոցներով եք ուզում, որ դրանք բարձրանան։ Պետական գանձարանն այն ընդհանուր դրամապանակն է, որին մենք բոլորս բերում ենք մեր նպաստը։

Ն․Դ․Ա․- Թույլ տվեք պնդել, որ հարկերի իջեցման քաղաքականությունն առաջին հերթին ձեռնտու է ավելի հարուստներին։ Մի՞թե դա ավեի չի խորացնի հարուստների եւ աղքատների մեջ եղած անջրպետը։

Նիկոլ Փաշինյան – Ոչ։ Մենք կարծում ենք, որ հարուստների եւ աղքատների միջեւ եղած տարբերությունը պետք է կրճատվի։ Մենք կարծում ենք, որ աղքատները պետք է դառնան հարուստ։ Սա է Հայաստանի ապագան։ Մենք պետք է քաջալերենք բիզնեսը, զարգացնենք տնտեսությունը, կրճատենք գյուղատնտեսության մասնաբաժինը եւ ավելացնենք արդյունաբերությանը։ Մենք պետք է ուժեղացնենք կրթահամակարգը։ Մենք ուզում ենք Հայաստանը վերածել դրախտի՝ տաղանդների համար։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ-արարած օժտված է տաղանդով եւ հետեւաբար, մեր խնդիրն է օժանդակել յուրաքանչյուրին՝ իր տաղանդն օգտագործելու մեջ։ Եթե բոլորը չէ, որ կարող են դառնալ հարուստ, ապա յուրաքանչյուը գոնե պետք է ունենա տնտեսապես պատշաճ կյանք։ Հայաստանը երկիր է, ուր յուրաքանչյուրը պետք է ունենա բարեկեցության իրավունք, եւ դա կարվի կրթության միջոցով, աշխատանքի միջոցով, օրինականության նկատմամբ հարգանքի միջոցով։ Սրանք երեք անկյունաքարերն են, որ մեզ թույլ կտան հասնել մեր նպատակին։ Ես ուզում եմ վերադառնալ առանց մասնագիտական որակավորման աշխատողին։ Մենք նրան ասում ենք՝ «եթե հանկարծ, դժբախտաբար, քո երեխան հիվանդանա, դա մեր խնդիրն է եւ ոչ քոնը»։ Այսինքն՝ մենք փոխում ենք նպաստների համակարգն այնպես, որ օգնություն ստացողը դառնա երեխան եւ ոչ ծնողը, որպեսզի վերջինս ազատ լինի գնալ-աշխատելու, քանի որ մեր համակարգն այնպես է ստեղծված, որ եկամտային որոշակի շեմից անդին սոցիալական նպաստները վերանում են։ Մենք նրան ասում ենք՝ «այդ դու՛ չես նպաստի շահառուն, եւ ուրեմն, դու կարող ես աշխատել այնքան, ինչքան ուզում ես, մենք տալիս ենք նպաստ քո երեխային մինչեւ իր չափահասություն, մենք հոգ ենք տանում քո երեխայի առողջության, կրթության մասին, քո բժշկական ծախսերի մասին նույնպես։ Եղի՛ր առողջ, աշխատի՛ր եւ վաստակի՛ր ապրուստդ»։

Ն․Դ․Ա․ – Պարոն Վարչապետ, պատկերացնենք, թե ես ձեռնարկության տերն եմ, ով ուզում է ներդրում կատարել Հայաստանում։ Ո՞ւմ պետք է դիմեմ ես։ Ինչպե՞ս պետք է ես գործեմ։

Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ ասել, որ եթե ուզում եք բնակություն հաստատել Հայաստանում, որեւէ քայլ ձեռնարկել պետք չէ։ Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, եւ սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1% աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է: Ներդրումների առումով մենք ունենք երկու կառույց, որոնք սպասարկում են երկու տեսակի ներդրողների՝ մեծ եւ փոքր։ Մեծ ներդրողների համար մի քանի ամիս առաջ ստեղծվել է համապատասխան գրասենյակ՝ Դավիթ Փափազյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Որոշակի մակարդակի ներդրումներին առնչվող հարցերով զբաղվում է այդ կառույցը։ Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ներդրումներին, մենք ունենք մեկ այլ կառույց՝ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն։

Ն․Դ․Ա․ – Ձեր վերջին ելույթներում Դուք անդրադարձել եք համահայկական բյուջեի գաղափարին։ Ի՞նչ է այն նշանակում։

Նիկոլ Փաշինյան – Այս պահին դա միայն գաղափար է։ Դուք գիտեք՝ երբ մեր հակառակորդները լսում են հայկական սփյուռքի մասին, նրանք տպավորվում են եւ սարսափում։ Ապա փորձում են հասկանալ՝ որն է հայկական Սփյուռքը։ Նրանք լսում են՝ «Գիտեք՝ Հայաստան համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կազմակերպեց և 15 միլիոն դոլար հավաքեց Հայաստանի կարիքների համար»: Մարդիկ ասում են, թե ինչպես է այդպիսի «միֆական» կառույցը միայն 15 միլիոն դոլար հավաքում: 15 միլիոն դոլարն այն գումարն է, որ ընկնում է ադրբեջանական նավթարդյունաբերության միջին բիզնեսմենի գրպանից։ Ես ասում եմ՝ դադարենք մոլորեցնել ինքներս մեզ։ Մեր ներուժն այդտեղ չէ: Ինչպե՞ս հասանք այստեղ։ Այո, ես ասում եմ ձեզ, որ մենք պետք է համազգային բյուջե ունենանք, բյուջե, որը, համենայն դեպս, Հայկական պետության բյուջեից ցածր չէ: Բայց դրա համար մենք լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի անենք, այդ թվում՝ Սփյուռքում, որպեսզի Սփյուռքի իրական ուժը համապատասխանի այն պատկերացմանը, որն ունեն ոչ միայն հայերը, այլ որ կա ամբողջ աշխարհում։ Ցավոք, որքան գնում, այնքան ավելի ենք վատնում այդ պատկերը՝ այն ավելի հզորացնելու փոխարեն։ Ես ասում եմ՝ վերջ տանք սպառելուն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: