Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Վերադարձ լուրերի բաժին

14:40 , 26 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ մասին b4b.am-ին տեղեկցրեց կառավարության մամուլի բաժինը:

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Փաստեր՝ ըստ «Արմենպրեսի»
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են, երբ 1991 թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992 թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Այս ընթացքում երկու երկրների միջև տարբեր մակարդակներով մոտ երեք տասնյակ փոխադարձ այցելություններ են կատարվել: Նախագահի մակարդակով վերջին այցելությունը Իրանից եղել է 2016 թ. դեկտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: 2017 թ. օգոստոսին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել Իրան: 1992-2018թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք կարևորել էին տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել էր, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել էին տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Իրականացված ծրագրեր

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներն իրականացրել են տարբեր ծրագրեր: Դրանք են՝ 1996 թվականին Արաքս գետի վրա Իրանը Հայաստանին կապող կամրջի կառուցումը, 2005 թվականին՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, 2007 թվականին հոկտեմբերին՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը: 2007 թվականին՝ Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացումը: 2008 թ. նոյեմբերին ավարտվեց գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը: Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 2016 թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազիֆիկացման ծրագիրը:

Կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացումը, հյուսիս-հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորումը, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցումը (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատումը:

Ընթացիկ ծրագրեր

Ներկայում իրականացվում է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը: Քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը: Ընթացքի մեջ է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը: Այդ ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները: Ընթացքում են Մեղրու ազատ տնտեսական գոտու, Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում ծրագրերը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը:

Տնտեսական ցուցանիշներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 5 հազար 301 ընկերություն, գլխավորապես` անհատ ձեռնարկատերեր, ինչը կազմում է ՀՀ-ում գրանցված օտարերկրյա ընկերությունների (այդ թվում` ԱՁ) ընդհանուր քանակի 36.6 տոկոսը: Հայաստանում իրանական կապիտալով խոշոր ընկերությունները ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, շինարարության և անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

Առևտրաշրջանառություն

Հայաստանի առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2018 թվականին կազմել է 363.62 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40.5 տոկոսով, 2017 թվականին կազմել է 258.8 մլն.ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 94.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով, 2017 թվականին կազմել է 84.1 մլն.ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2018 թվականին կազմել է 269.42 մլն ԱՄՆ դոլար,ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով, 2017 թվականին կազմել է 174.7 մլն.ԱՄՆ դոլար:

Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության վերջին 3 տարիների դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 2 տարիներին առևտրաշրջանառության աճ է գրանցվել: Իրանը Հայաստանի արտաքին առևտրի հիմնական գործընկերների ցանկում 2017 թվականին զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ 2018 թվականին՝ 5-րդ:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանից Իրան արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝ էլեկտրաէներգիա, քուղեր` ճայթեցնող, ինֆուզորային հողեր: 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան Իրանից ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝բնական և հեղուկ գազ, էթիլենի պոլիմերներ, կոքս, բիտում և նավթամթերքի վերամշակումից այլ մնացորդ, երեսպատման սալիկներ, ցեմենտ:

Զբոսաշրջություն

2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջինները մարտ ամսին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

Iranian_Tourists_in_Armenia

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016 թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016 թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում, ինչը բխում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի արձանագրությունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։