Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 6

Վերադարձ լուրերի բաժին

01:12 , 21 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: Առաջին մասի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Երկորդ մասը՝ այստեղ: Երրորդ մասը՝ այստեղ: Չորրորդ մասը՝ այստեղ: Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, դա առանձին հարց է: Այստեղ վերջում մի ուրիշ սկզբունքային հարց է առաջանում: Բայց այն մյուս մեղմման միջոցների հետ կապված դիրքորոշումը ո՞րն է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Ես առաջարկում եմ փակմանը վերաբերող օրենսդրությունից այդ հատվածները մեջբերենք, հասկանանք, որովհետև դա, ինչպես հասկանում եմ, առանձին փորձաքննության գործընթաց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն, բացի 3 կետանոցից, մնացածը փակմա՞ն գործընթացին է վերաբերում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն վարչապետ, մնացածը «Լիդիանը» 10-ը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չէ, չէ, հասկացանք: Ինձ հետաքրքիր են 5+1 հավելյալները: Հիմա հասկացանք, որ այդ 5+1 հավելյալները հիմնականում վերաբերում են փակմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընթացիկ շահագործմանը վերաբերում է այդ 3 դետալանոց գործողությունը, որը «Լիդիան»-ի կողմից բավարարված է, այսինքն՝ ՇՄԱԳ-ում արդեն գոյություն ունեցող կա: Ճի՞շտ եմ հասկանում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ճի՞շտ եմ արձանագրում: Եթե ինչ-որ բան կա, որ ճիշտ չեմ արձանագրում, ասեք, խնդրեմ:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան -Կապված պասիվ և ակտիվ մաքրման համակարգերի հետ՝ ՇՄԱԳ-ում գրված է՝ եթե լրացուցիչ ռիսկեր են առաջանում, ապա պետք է կիրառվեն ակտիվ: Հիմա, ըստ «Էլարդ»-ի հաշվետվության, այդ լրացուցիչ ռիսկերը կան: Այսինքն՝ «Էլարդ»-ն ասում է, որ առանց ակտիվ համակարգի հնարավոր չէ ռիսկերը մեղմել: Սա կարող ենք դիտարկել՝ որպես լրացուցիչ նախագծի փոփոխության հիմք կարող է լինել: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ՇՄԱԳ մասնագետն էլ խոսի այս մասին:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Պարոն վարչապետ, այդ պասիվ մաքրման համակարգի արդյունավետությունը «Էլարդ»-ը կասկածի տակ է դնում հիմնականում եռավալենտ մետաղի կոնցենտրացիաների ոչ ճիշտ հաշվարկմամբ, սակայն երբ վերլուծում ենք փորձաքննության եզրակացությունը, ըստ էության, «Լիդիան» ընկերությունը որպես կոնցենտրացիայի օրինակելի նմուշ վերցրել է 27-րդ տեղամասի դատարկ հանքի թափոնները, որոնք 60 տարի շարունակ մնալով բնական պայմաններում՝ դրսևորել են որոշակի վարքագիծ և եռավալենտ երկաթն էլ այնտեղ՝ որպես թթու առաջացնող կատալիզատոր դրսևորել է 3.2 մակարդակ: Սա մի քիչ գիտական լեզվով ասեմ: Բացի այդ, «Լիդիան» ընկերությունն իրականացրել է այդ երկաթի կոնցենտրացիաների ուսումնասիրություն, որն ամենացածր նվազագույնից հասել է 4-ից 4.5: Աղյուսակի համաձայն՝ վերցվել է միջին 2.8, սակայն «Լիդիանը» իրավացիորեն, որը վարույթն իրականացնող մարմինը պատշաճ է գնահատում, ընտրել է հենց այդ դատարկ ապարների թափոններում առաջացած 3.2 ցուցանիշը: Միևնույն ժամանակ գտել է, որ դա պասիվ մաքրման համակարգով կմաքրվի: Սակայն շարունակել են լաբորատոր փորձարկումները, այսինքն՝ Կապանի կավարտի հանքի ջուրը, որն ունի երկաթի կոնցենտրացիայի 50 չափանիշ, վերցվել և մաքրվել է լաբորատոր պայմաններում: Այն այդ պայմաններում մաքրելով հասցրել է մինչև 1.5: Այս պահին և հետագայում, եթե կավարտի հանք է եղել, որը հիմա լքված հանք է, այնտեղ կա ծանր մետաղներով հագեցած աղտոտված ջուր, և այդտեղ եռավալենտ երկաթի կոնցենտրացիան ոչ թե 3, 4, 5 է այլ 50 է, և դրա մաքրումը իրականացվել է լաբորատոր պայմաններում, ընդ որում՝ մի շարք ծանր մետաղների 90 տոկոսից ավելի ցուցանիշով: Այդ բոլոր տվյալները՝ լաբորատոր արդյունքները, տրամադրվել էին «Էլարդ»-ին: Եվ մնում է այն, որ այս լաբորատոր փորձարկումը «Լիդիան»-ը արդեն, որպես պիլոտային ծրագիր կիրականացնի՝ վերջնական արդեն ստուգելով պասիվ մաքրման համակարգը արդյունավե՞տ է, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ իրենց փաստարկը համարում ենք ապացուցվա՞ծ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրանց այդ հետազոտությունները հավաստի են, որովհետև հենց այդ հետազոտությունների վերաբերյալ ինքը բավարար փաստական տվյալներ է ներկայացրել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան -Պարոն վարչապետ, մեղմման միջոցների հետ կապված կուզենայի ուղղակի ավելացնել, որ իրականում մենք հստակ գնահատելու խնդիր ունենք այդ լրացուցիչ առաջարկված մեղմման միջոցներից՝ որո՞նք են արդեն իսկ նախատեսված, որո՞նք են առաջարկվում և վերաբերում են բացառապես հանքի փակման գործընթացին, որովհետև եթե դա վերաբերում է հանքի փակման գործընթացին, ապա մենք այս պահին դրանց գնահատականը տալու և փորձաքննություն անցկացնելու խնդիր, բնականաբար, չունենք, որովհետև օրենսդրությունը նախատեսում է, որ հանքի շահագործումը դադարեցնելուց 2 տարի առաջ պետք է հանքի փակման ծրագիրը փորձաքննության ենթարկվի, իսկ մինչ այդ էլ առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ ձեռնարկողը պետք է մոնիթորինգ անցկացնի: Բայց «Լիդիան»-ը, որքանով ես տեղյակ եմ, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր տարի իրականացնել այդ մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում կատարել շտկումներ կամ այնպիսի կազմակերպչական բնույթի գործողություններ, որոնք չեն հանգեցնի նախագծային փաստաթղթերից շեղումներին:

Եվ երկրորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացին է վերաբերում: Այստեղ նշվեց, որ նախագծային և հիմնադրույթային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու, բայց մենք ունենք փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի վերաբերյալ կառավարության որոշում, որը նախատեսում է, որ այդ հիմքերով խախտումներ հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմինը հանձնարարական է տալիս ստուգող սուբյեկտին՝ դրանում նշելով խախտումները վերացնելու ժամկետները: Այդտեղ կա խախտումները վերացնելու համար նախաձեռնողին հնարավորություն տալը, որովհետև հասկանալի է, որ, բնականաբար, այդ ծավալի աշխատանքի պարագայում գուցե խախտումներն էական չեն, և սուբյեկտը պետք է հնարավորություն ունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Որևէ մեկն ասելիք ունի՞:

‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյան – Ճիշտն ասած, ես հարց ունեի պարոն Իվանյանին՝ թթվային դրենաժի հետ կապված ուսումնասիրությունների վերաբերյալ, որովհետև «Էլարդ»-ն իր եզրակացությունում հստակ նշում է, որ ուսումնասիրությունները կոնկրետ հենց երկաթի ծավալների գնահատման հետ կապված երկարժեքի և այդ թթվային դրենաժների վերացման ժամկետները շատ կարճ են: Ինչպե՞ս Դուք կարձագանքեք այդ հարցին:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան– «Լիդիան»-ն իր բոլոր թթվային եռավալենտ կամ երկաթի հաշվարկը և դրա պոտենցիալ թթվագոյացման հնարավորությունները հաշվարկել է՝ ելնելով, ինչպես նշեցի, դատարկ 27-րդ հողամասի թափոնների դրսևորած վարքագծից, որոնք 60 տարի շարունակ բնական պայմաններում դրսևորել են որոշակի վարքագիծ և ըստ հետազոտությունների արդյունքի՝ ցածր թթվայնություն են հանդես բերել: «Լիդիան»-ը նաև հիմնավոր կերպով ենթադրություն է արել, որ կա ինչ-որ որևէ բնական ագենտ, որը սահմանափակում է թթվագոյացման արագությունը, և վարույթ իրականացնող մարմինը, գնահատելով այդ հիմնավորումները, գտել է դա պատշաճ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Պարոն Խաչատրյան, խնդրեմ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Պարոն վարչապետ, ես ուզում եմ ճշտել. հաշվի առնելով, որ շուտով, կարծում եմ, ամենամեծ հանրային ուշադրություն կհրավիրվի հետշահագործման մոնիթորինգի պլանին: Այդ փաստաթուղթը՝ որպես այդպիսին ի՞նչ փորձաքննություն պետք է անցած լինի, որ հանրային վստահություն առաջանա դրա նկատմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Դա գործող ՇՄԱԳ-ի մե՞ջ է, թե՞ ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Գործող ՇՄԱԳ-ի մեջ կա մոնիթորինգի պլան նախատեսված, այսինքն՝ պարբերաբար պետք է իրականացվի ստորգետնյա ջրերի, մակերևութային ջրերի, հողերի և այլ մոնիթորինգներ, ինչպե՞ս պետք է իրականացվի, ո՞վ է պատասխանատու մարմինը: Պետք է կազմվի նախագծային վերլուծության ծրագիր, արդյունքներն այդ ծրագրում հրապարակվի, երևի հանրության համար պետք է հասանելի լինի և դրվի կայքերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ստացա՞ք Ձեր հարցի պատասխանը, պարոն Խաչատրյան:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Ինչպիսի՞ փորձաքննություն պետք է անցած լինի փաստաթուղթը: Կարո՞ղ է առաջ գալ միջազգային հեղինակավոր փորձաքննության անհրաժեշտություն, որպեսզի մենք 6 ամիս հետո կանգ չառնենք և ևս 6 ամիս սկսենք այդ պլանի շուրջ քննարկումներ անել, այլ հասկանանք՝ մեզ ինչ է սպասվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ինչո՞ւ դա ամբողջությամբ նաև այս համատեքստում չի՞ նայվել «Էլարդ»-ի կողմից:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն Խաչատրյանը կարծես թե ապագա փաստաթղթի մասին է հարցնում: Թույլ կտա՞ք, պարոն վարչապետ: Յուրաքանչյուր հանքի փակումից, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ նորից մոնիթորինգ է անցկացվում և մեղմման ու լրացուցիչ միջոցները նորից քննարկվում են:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Ասացին, որ ընդհանրապես 5 տարի հետո, բայց «Լիդիան»-ն ասել է՝ ամեն տարի կանեն, շահագործման ընթացքում ընթացիկ վիճակի մոնիթորինգ, և կարող է՝ այդ պլանը, որով ինքը նախատեսում է ցուցանիշները հանրայնացնել, նորից առաջացնի հանրային քննարկում, և այդ պլանը դառնա այնպիսի առարկա, որ մեզ ասի՝ կանգնեք, նորից գնացեք միջազգային փորձագետներ բերեք, հասկանանք, նոր շարունակենք:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն Խաչատրյան, այստեղ խնդիրը հետևյալն է, որ պետք է մոնիթորինգի խումբ ձևավորվի Տեսչական մարմնում, Շրջակա միջավայրի նախարարությունում և կառավարությունում, և այն անընդմեջ մոնիթորինգ իրականացնի: Դրան «Լիդիանը» համաձայնվել է և պարտավորվել է այդ խմբի հետ միաժամանակ անցկացվի, բայց այդ գործընթացը որևէ ձևով կարգավորված չէ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան– Նաև ավելացնեմ, որ շրջակա միջավայրի մոնիթորինգի ծրագիրը հանքարդյունաբերողը պարտավոր է ներկայացնել իր հիմնադիր փաստաթղթերում, և «Լիդիան»-ն ունի այդպիսի փաստաթուղթ, ներկայացրել է և հայտարարել, որ ստանձնել է պարտավորություն՝ իրականացնելու շարունակական հոսքի մոնիթորինգ, և դիտակետերի ավելացումը չի նշանակում նախագծային դիզայինի փոփոխություն: Պարտավորվել է ավելի շատ կետերում իրականացնել մոնիթորինգ, և որքան շատ մոնիթորինգի արդյունքներ լինեն, այնքան ավելի հստակ կլինի պատկերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Ինձ հետաքրքրող վերջին հարցը՝ ճի՞շտ տրամաբանություն է, որ «Էլարդ»-ի եզրակացության մեջ բարձրացված մի շարք հարցեր, ըստ էության, ինչպես իմացանք, ստացել են պատասխաններ, բայց, միևնույն է, փորձաքննական այս եզրակացության մեջ այդ ահազանգերը կան, և գոնե փորձագիտական եզրակացությունն այդպիսին մնալու է: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նախատեսված պլանով քրեական գործը կարճելու մասին կամ որոշման մեջ է այս ինֆորմացիան լինելու: Այսինքն՝ մենք ունենք հանրային արդեն հրապարակված եզրակացություն, որտեղ ասվում է, որ սա ճիշտ չէ, սա սխալ է, սա այս է, սա այս է և ունենք հայտարարություն, որ կարծես թե ամեն ինչ կառավարելի է: Հիմա այստեղ մենք դիսոնանս ունենք: Այսինքն՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ կառավարությունն էլի հրապարակել է մի բան, որտեղ մարդիկ կարդում են, տեսնում են, որ ինչ վատ է ամեն ինչ, բայց ասում ենք՝ չէ, լավ է ամեն ինչ: Հիմա մենք այստեղ այս խնդիրն ունենք, սա ինչպե՞ս ենք լուծելու: Այսինքն՝ պետք է այդպես մնա՞ փորձագիտական եզրակացության մեջ, թե՞ «Էլարդ»-ը պետք է փոփոխություններ անի: Ինչպե՞ս պետք է այս հարցը լուծենք: Որովհետև բոլոր քննարկումներից հետո, նաև մեր իրականությունը հաշվի առնելով, ասվելու է՝ այո, բայց այստեղ գրված է, որ այսպես է: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, Քրեական օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված այդ արարքը ենթադրում է դիտավորություն, այսինքն՝ հանրությունից դիտավորությամբ թաքցնել այնպիսի տեղեկություններ, որոնք, հնարավոր է, աղտոտեն շրջակա միջավայրը: Այս հանցակազմի շրջանակում, երբ «Լիդիան»-ը հիմնավորում է իր կարծիքը, «Էլարդ»-ը ասում է՝ այո, ճիշտ է, ինչ-որ թերի փաստաթղթային, ելակետային տվյալներ կան, ստորգետնյա ջրերի մոդելավորումն է սխալ, բայց, այնուամենայնիվ, ձեռնարկվող միջոցառումները ողջամիտ են: Այդուհանդերձ, այստեղ մի հետաքրքիր ձևակերպում կա, եթե թույլ տաք այդ պարբերությունը ես կարդամ. «Ընդհանուր առմամբ Ամուլսարի ԲՍԱԳ, ՇՄԱԳ զեկույցներում մեղմման միջոցների մշակման համար օգտագործված նախագծման կոնցեպտները, հայեցակարգերը ողջամիտ են և համապատասխան: Օրինակ՝ ցածր թափանցելիություն ունեցող միջնաշերտեր, կապսուլավորում, ծածկում, դրենաժ և ֆիլտրատի մաքրում: Այդուհանդերձ, միջոցների և ծրագրերի մի մասը մասնակի են, չունեն բավարար չափով պաշտպանելիություն և/կամ ոչ վստահելի են, ունեն անորոշության բարձր մակարդակ: Մասնավորապես՝ ելակետային տվյալների թերությունը, ջրերի մոդելավորման անճշտությունները, նախագծման հիմքերի և/կամ գնահատման թերի և վիճարկելի լինելու պատճառով ելակետային տվյալների թերությունները վերաբերում են երկրաբանության ոլորտին, թթվային ապարների դրենաժի բնութագրերին, հիդրոերկրաբանությանը, մակերևութային ջրերին, աղբյուրների հոսքերին, ինչպես նաև մակերևութային ջրերին և ստորերկրյա ջրերին, դրանց մոդելավորմանը և այլն»: Բայց սրա հետ մեկտեղ այս փաստաթղթում թվարկվում է, թե մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար լրացուցիչ ինչ միջոցառումներ են իրականացվում: Եվ այստեղ կետ առ կետ «Լիդիան»-ը արդեն իր պատրաստակամությունն է հայտնում կամ ասում է, որ դա արդեն իսկ արվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Գրիգորյան, ներողություն եմ խնդրում, իմ հարցն ուրիշ բանի մասին է: Տեսեք՝ մենք այդ հսկա քրեական գործից հրապարակել ենք այս պահի դրությամբ «Էլարդ»-ի եզրակացությունը: «Էլարդ»-ի եզրակացությունն այն է, որ Սևանի հետ կապված պրոբլեմ չկա, Ջերմուկի հետ կապված պրոբլեմ չկա, Որոտան, Դարբ, Արփա գետերի հետ կապված ռիսկերը կառավարելի են: Քաղաքական առումով ես ինքս 2 հարց էի դրել, մի հարց էլ ավելացել է՝ 3-րդը, և այդ հարցին էլ պատասխան է տրվել, այս ինֆորմացիան գնացել է, պարզ է: Հիմա մենք այս զեկույցը հրապարակել ենք, և մարդիկ սկսել են այդ զեկույցը կարդալ, ասում են՝ այսպիսի բան է գրված, որտեղ նեգատիվ ազդակներ են, որոնք իրենց տրամադրությամբ և տրամաբանությամբ հակասում են պոզիտիվ եզրակացությանը: Հիմա Դուք բացատրեցիք, հասկացանք, որ քննության արդյունքում այդ հարցերը փարատվել են, բայց դա այստեղ է ասվում, մենք գիտենք: Ճիշտ է, պարոն Իվանյանը, էլի ասում եմ, այդ հարցին ընդհանուր պատասխանել է, ասել է, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ գնահատվել է, և այլն: Ես նկատի ունեմ՝ հիմա մեր հրապարակված փաստաթղթում կա մի էջ դրական եզրակացություն և 300 էջ բացասական մեսիջ: Ես ասում եմ՝ հանրային առումով սա դիսոնանս է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ, հարցերը հիմնականում վերաբերելու են հենց բնապահպանական դետալներին: Այսինքն՝ պրոցեսը զուտ քրեական գործին վերաբերող, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է հենց Քննչական կոմիտեի կողմից պարզաբանումներով զուգորդվի: Այսինքն՝ այս քրեական գործի փակումն ուղղակիորեն, այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական գործին ու թե ինչու սա չի համարվել, չգիտեմ, ապացույց, սա ինչու չի համարվել, դա Քննչական կոմիտեից լավ այդ հարցերին ոչ ոք չի պատասխանի։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, ես Ձեզ ինչ փաստաթղթեր ներկայացրել եմ, եթե հավանություն տաք, մենք դրա շրջանակում կարող ենք մամուլի ասուլիս կազմակերպել: Հենց այդ տեքստը տեղադրել կայքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վատ գաղափար չէ: Շնորհակալ եմ, ես իմ բոլոր հարցերի պատասխանը ստացա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: