Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 5

Վերադարձ լուրերի բաժին

00:41 , 21 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: Առաջին մասի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Երկորդ մասը՝ այստեղ: Երրորդ մասը՝ այստեղ: Չորրորդ մասը՝ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա թերևս վերջին հարցը՝ սրա հետ կապված: Մենք ասում ենք, որ «Էլարդ»-ն առաջարկել է 16 մեղմման լրացուցիչ գործողություն, որից 10-ն արդեն իսկ «Լիդիան»-ը նախատեսել էր, բայց 5-ը չի նախատեսել, բայց ասել է՝ շատ լավ, կանեմ, այն մեկի մասով էլ քննարկում է: Հիմա սա նույն տրամաբանությամբ չի՞ նշանակում, որ այդ ՇՄԱԳ-ի մեջ տեղի է ունենում նախագծային փոփոխություն: Այսինքն՝ ի հայտ է եկել 5 հատ նոր քայլ, որոնց մասով «Լիդիան»-ն ասում է՝ շատ լավ, ընդունում եմ և կանեմ: Այստեղ մեր օրենսդրության տրամաբանությամբ չի՞ ծագում արդյոք նոր ՇՄԱԳ իրականացնելու առիթ և պատճառ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը ոչ թե սա որպես լրացուցիչ մեղմման միջոցներ է ստանձնել, այլ իր փաստաթղթերում դա նախատեսված է եղել՝ 10-ը, իսկ 5-ը՝ այո, լրացուցիչ ստանձնել է, բայց այդ լրացուցիչ ստանձնումն ինքը մեկնաբանում է՝ ճկուն քաղաքականության շրջանակում, որ եթե մի մեխանիզմ իրեն չարդարացնի, ես կփոխարինեմ մեկ այլ մեխանիզմով: Այստեղ երկակի է գնահատումը: Դա և՛ կարելի է դիտել՝ որպես կազմակերպչական բնույթի խնդիր, և՛ կարելի է դիտել արդեն վերազինման, նոր մեթոդաբանության և այլ համատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես որքան հասկացա՝ այս լրացուցիչ միջոցները վերաբերում են փակմանը, այսինքն՝ ոչ թե ընթացիկ շահագործմանը, այլ փակմանը: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, խնդրում եմ ուղղել, որպեսզի ճշգրիտ լինի: Այդպես չէ՞:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այդպես է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նույնիսկ մեր օրենսդրությամբ, եթե ճիշտ եմ հասկացել, փակումն առանձին ՇՄԱԳ է ենթադրում: Հիմա այս թեմային ինչպե՞ս է առնչվում 5+1 նոր մեղմման միջոցը, նոր ՇՄԱԳ անցկացնել-չանցկացնելու անհրաժեշտության հետ ինչպե՞ս է առնչվում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան -Պարոն վարչապետ, անընդհատ հնչում է ճկուն քաղաքականություն, ամեն դեպքում հանրային ընկալման համար, կարծում եմ, մենք այստեղ հստակ պետք է հայտարարենք՝ կամ «Լիդիան»-ը վերցնում է և անում է, կամ չի անում: Որովհետև եթե ինքը չի վերցնում և անում է այն, ինչն իր նախագծերում այսպես թե այնպես նախատեսված է, ստացվում է, որ մենք գնում ենք այն ուղիով, ինչ այսօր ունենք: Եթե նոր բան է վերցնում իր վրա, այսինքն՝ մենք պետք է նախագծային փոփոխություններ անենք: Միայն այստեղ ծրագրի փակման մասին չէ խոսքը: Օրինակ՝ ջրերի դուրս մղման հորերը կամ այլ կառուցվածքների հետ կապված աշխատանքները ենթադրում են ոչ միայն փակման աշխատանքներ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Այդ 6-ից միայն մեկն է վերաբերում այդ բացահանքի պարագծով հորերի տեղադրմանը, սակայն «Էլարդ»-ը 3 լրացուցիչ միջոցառումներ է նախատեսել՝ նշելով, որ այս լրացուցիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը կարող են համադրմամբ կիրառվել: 3-ից 2-ը «Լիդիան»-ն արդեն իր նախագծային փաստաթղթերում ունի, և 3-րդի կիրառումը զուտ դառնում է հայեցողական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ եթե մենք, օրինակ, ասենք լավ, այդ 3-րդը, որ կիրառում ես, դրա համար պետք է նոր ՇՄԱԳ անցնես, ինքը կարող է ասել՝ չեմ կիրառում, ընդունել ի գիտություն «Էլարդ»-ի ասածը, բայց չեմ կիրառում, որովհետև եղածն արդեն բավարար է և, հետևաբար, նոր ՇՄԱԳ չեմ անում: Կարո՞ղ է այսպես լինել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, եթե ես ճիշտ հասկացա պարոն Իվանյանի հնչեցրածը, «Էլարդ»-ը չի պնդում, որ 3-ը միաժամանակ է պետք կիրառել, այսինքն՝ այդ 1 մեղմման միջոցառման շրջանակում առաջարկում է 3 միջոց, որոնցից, մեկնումեկը կամ մի քանիսի համադրությունը միասին կիրառելով, այդ մեղմման միջոցառումն իրականացվում է: Հիմա այս 3-ից 2-ը արդեն իսկ «Լիդիան»-ը փաստացի կիրառում է: «Էլարդ»-ն առաջարկում է 3 միջոցառում, եթե ճիշտ եմ հասկանում, որ ասում է կամ, կամ, կամ -կամ համադրություն: Հիմա ինքն ասում է՝ համ կամ, կամ, կամ – կա՛մ համադրություն, «Լիդիան»-ի մոտ փաստացի համադրություն է երկուսը, այսինքն՝ «Էլարդ»-ի պահանջին համապատասխանեցված իրենք արդեն ՇՄԱԳ-ում ունեն դա գրած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սկզբունքային պահ է՝ ինքն ասում է կամ, կամ, կամ – կամ համադրություն, այո՞:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – «Էլարդ»-ը 3 միջոցառումներն առաջարկում է, ձևակերպումն այսպես է. նախատեսված 3-ից ցանկալի է կիրառել 1-ը կամ մի քանիսը համադրմամբ: Եթե կիրառվում է մեկը, դա որևէ թերություն չի: Ըստ էության՝ 3-ից 2-ն արդեն նախատեսված է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Համաձայն եմ, ուղղակի նորից՝ թե՛ մեզ համար, թե՛ հանրության համար ես օրինակ հետևյալ հարցը կտայի. կա՞ արդյոք այս պահի դրությամբ «Էլարդ»-ի կողմից առաջ քաշված որևէ լրացուցիչ միջոցառում, որ «Լիդիանը» չի նախատեսել և այսօր պատրաստ է անել, հենց այս պահին և ոչ թե նախատեսած իր փաստաթղթերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Մենք այդպիսի հարց կարող ենք դնել, ասել՝ չէ որ չէ, 3-ն էլ պետք է կիրառես, ինքն էլ կասի՝ 3-ը չեմ կիրառի, որովհետև եթե 3-ն էլ կիրառեմ, նոր ՇՄԱԳ եք անցկացնելու, իսկ այս եզրակացությամբ ասվում է՝ 1-ը կամ մի քանիսը, 2-ը ես կիրառում եմ, հետևաբար, ձեր պահանջներին բավարարում եմ: Այսինքն՝ եթե հիմա այդ փաստարկն օգտագործելու եք նրա համար, որ փաստացի փակեք ինձ, չեմ անի, ինչո՞վ եք պարտադրում, որ ես անեմ: Ճի՞շտ է: Խնդրեմ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – ՇՄԱԳ-ը արտացոլում է հնարավոր ազդեցությունը, այսինքն՝ չկա որևէ գործունեություն անունը ՇՄԱԳ՝ ինչպիսի հնարավոր ազդեցություններ կունենա: Ամբողջ միջազգային պրակտիկայում այսպես է: Երբ սկսվեց գործունեությունը, նա կարող է արդեն շեղվել նախագծային լուծումներից: Որոշակի շեղումներ պարտադիր լինում են, և այդ ժամանակ արդեն մոնիթորինգի արդյունքում կազմում է հետնախագծային վերլուծության պլան՝ որո՞նք են այդ շեղումները, և կա՞ արդյոք լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն: Ամբողջ աշխարհում, եթե կա որևէ աղտոտվածություն, այսինքն՝ ջրեր, ձեռնարկողը պարտավոր է լրացուցիչ միջոցառումներ նախատեսել և կանխել: Դա ամբողջ աշխարհի պրակտիկան է: Իսկ ՇՄԱԳ արվում է հնարավոր ազդեցությունների համար: Եթե կլինեն ազդեցություններ, արդեն ամենօրյա մոնիթորինգը և հսկողությունը պետք է պարտադրեն նոր միջոցառումներ իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հասկանալի է, բայց ուղղակի այս դետալը հասկանալու համար՝ արձանագրենք, և եթե ես ինչ-որ բան սխալ եմ ասում, խնդրում եմ ուղղեք: «Էլարդ»-ն ասել է՝ 3 միջոցառում կա, լավ կլինի 1-ը կամ մի քանիսը կիրառվի: «Լիդիան»-ը 2-ը կիրառում է, չի՞ ստացվում, որ «Էլարդ»-ի առաջարկած պայմանը լիարժեք բավարարված է արդեն գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի մեջ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Եթե կարելի է, իմ կարծիքով, այո՛, ստացվում է, բայց ես կուզենայի, որպեսզի այդ ամենը արձանագրվեր և, օրինակ, «Լիդիան»-ը ներկայացներ այս բոլոր մեղմման միջոցների հետ կապված իր դիրքորոշումը և «Էլարդ»-ը արձանագրեր որպես եզրակացություն տված մարմին, որ, այո, ծրագիրն այսօրվա դրությամբ ամբողջովին կառավարելի է: Արդեն իսկ, որ եթեները մի կողմ դրվեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: