Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 2

Վերադարձ լուրերի բաժին

23:10 , 19 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: Առաջին մասի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա գանք փորձաքննությանը: Հիմա տեսեք, երբ Դուք ներկայացնում էիք և՛ աշխատանքային քննարկման ժամանակ, և՛ կառավարության նիստում, Դուք հասկանալիորեն ներկայացնում էիք եզրակացությունը՝ մեզ հուզող 3 հիմնական կետերի վերաբերյալ: Դա պարզ էր, հասկանալի էր և հստակ էր, բայց հիմա մենք ի՞նչ իրավիճակում ենք. երբ կարդում ենք բուն, ծավալուն փաստաթուղթը, հանդիպում ենք բազմաթիվ ձևակերպումների, որոնք հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այդ ձևակերպումների մեջ, հիմա ես չմեջբերեմ, բայց ասենք, օրինակ, կա «աղբյուրների և հորերի ստորերկրյա ջրերի որակի ելակետային տվյալները թերի են, ԲՍԱԳ-ից… ԲՍԱԳ-ը ի՞նչ էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ ՇՄԱԳ-ից զատ, որը մեր օրենսդրության պահանջն է, «Լիդիան» ընկերությունը նաև պատրաստել է փաստաթուղթ՝ ԲՍԱԳ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման համար էր և միջազգային ֆինանսական կառույցներից փող ստանալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- ԲՍԱԳ-ից հետևում է, որ հետազոտության ընթացքում այցելություններ չեն կատարվել բոլոր հնարավոր աղբյուրներ, ընդ որում՝ հետազոտություններն անցկացվել են չոր եղանակին, դրանց ազդեցությունը պատշաճ չի կարող գնահատվել և այլն: Ավելի խիստ ձևակերպումներ կան: Իհարկե, «Էլարդ»-ի հետ մեր աշխատանքային քննարկման ժամանակ այս նախադասությունները հնչել էին, և մեր եզրակացությունն այն էր, որ այս պնդումները պետք է քննվեն՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համապատասխանում:

Սա կարևոր նյուանս է, որովհետև հիմա մենք պետք է նաև մեր հանրային քննարկումների ժամանակ արձանագրենք, որ կա «Էլարդ»-ի եզրակացությունը, որը քրեական գործի նյութերի մի մասն է: Քննչական խմբի ղեկավարը, ճիշտ է, իր հարցազրույցներում դա ասում է, բայց մի քիչ տեմինաբանորեն է ասվում և երևի լայն հանրության համար ընկալելի չէ՝ անընդհատ նշելով, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ է գնահատվում ամեն գնահատական: Այսինքն՝ հիմա Քննչական կոմիտեի ասածի տրամաբանությունը հետևյալն է՝ այո, այստեղ կան գնահատականներ, այդ գնահատականները քրեական գործի շրջանակում քննվել են և դրանց արդեն տրվել է գնահատական: Բայց հիմա հարց է ծագում՝ այսինքն՝ տրամաբանությունն է, որ եթե այստեղ գրված է, որ ինչ-որ բան չի համապատասխանում իրականությանը և այլն, վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է, ասենք, վկայի կամ «Լիդիան»-ի ներկայացուցիչներին, և այս թեմայի հետ կապված հարցեր է տվել: Եվ այդ բոլոր հարցերի հետ կապված փարատվե՞լ են «Էլարդ»-ի բարձրացված հարցերը, դրա հետ կապված կասկածները: Ես ճի՞շտ եմ հասկանում: Այսինքն՝ մենք հիմա վստահ կարող ենք աել, որ «Էլարդ»-ի կողմից նշված, բարձրաձայնված թերությունների վերաբերյալ տարվել է քննություն, և ստացվել են պատասխաններ և եզրակացություններ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, իրավացի եք: Ես կարող եմ երկու ձևով ներկայացնել՝ ամփոփ և ընդարձակ: Առաջարկում եմ սկզբում ամփոփ ներկայացնել, եթե չբավարարի՝ անցնեմ ընդարձակին: Իրականում «Էլարդ» կազմակերպությունը յուրաքանչյուր կետով՝ դա վերաբերում է երկրաբանությանը, երկրաքիմիային և այլն, բոլոր կետերով իրենք ներկայացնում են մի շարք թերություններ: Ըստ էության, թերությունները վերաբերում են, այո, ելակետային տվյալներին, ստորգետնյա ջրերի քարտեզագրման մոդելավորմանը և մի շարք այլ թերություններ: Մեր վերջին քննարկման ժամանակ, երբ մասնակցում էին նաև «Էլարդ»-ի փորձագետները, մենք որոշում կայացրեցինք, որ առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի «Լիդիանի» մասնագետներին ներգրավելը՝ որպես այդ փորձաքննության կողմ, որպեսզի նրանք միմյանց կարծիքներով փոխանակվեն, մեկը մյուսին ապացուցի իր ճշտությունը կամ անճշտությունները: Եվ, ըստ էության, բոլոր կետերին «Լիդիան»-ը պատշաճ արձագանքել է, որում «Էլարդ»-ի մեկնաբանությունները և գնահատականները երբեմն այդքան էլ արդյունավետ և համոզիչ չեն լինում, ինչքան «Լիդիան»-ինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է դրա գնահատողը. այսինքն՝ 2 փորձագետ խոսում են իրենց փորձագիտական լեզվով, մենք լսում ենք: Պարզ է, որ վարույթն իրականացնող մարմինն է գնահատողը, բայց վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ ասել է, որ այս խնդիրները հասկանալու համար պետք են հատուկ գիտելիքներ, և դրա համար մենք փորձաքննություն ենք նշանակում: Հիմա 2 կողմի փորձագետներ իրենց լեզվով խոսում են, մենք ո՞նց ենք գնահատում՝ իրենցից ով է ավելի ճիշտ ասում:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, գնահատման առաջին չափորոշիչն այն է, որ «Էլարդ»-ը, այդ թերություններով հանդերձ, ասում է, որ լրացուցիչ մեղմման միջոցների կիրառման պարագայում այդ ամբողջ վտանգները չեզոքացվում է և ռիսկերը դառնում են կառավարելի: Գնահատման երկրորդ չափորոշիչը, որ «Լիդիան»-ը ասում է՝ այո, ես համաձայն եմ, և դրանք կիրառում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք ՇՄԱԳ-ի մեջ կա՞ն:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը որդեգրել է ճկուն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ եթե մեղմման միջոցներից մեկն իրեն չարդարացնի, ապա ինքը պարտավորվում է, այդ մեղմման միջոցներից բացի, կիրառել լրացուցիչ կամ մեկ այլ: Գնահատման չափորոշիչները սրանք են՝ «Էլարդ»-ը ասում է՝ այո, ելակետային տվյալները սխալ են, այո, ինչ-որ ստորերկրյա ջրերի մոդելավորում սխալ է, այո, ինչ-որ մի բան ճիշտ չի գնահատվել, ինչ որ մի բան, օրինակ, գոլորշիացումը «Լիդիան»-ի կողմից գերագնահատվում է և այլն, բայց, այնուամենայնիվ, եթե այս մեղմացուցիչ լրացուցիչ միջոցները կատարվում են, դրանք ամբողջը չեզոքացվում են: Մեր գնահատման չափորոշիչը դա է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կներեք, այստեղ ուրիշ հարց է ծագում. եթե այն տվյալը այդքան էլ ճիշտ չէ, վերադառնալով մեր քրեական գործի նյութին և առարկային, որտեղ ասվում է, որ բնապահպանական, այսինքն՝ առիթն այն է, որ ռիսկերը թաքցնելու վերաբերյալ է, այդ դեպքում այդ փաստը, որը ճշգրիտ չէ, բավարար չէ և այլն, սա քրեաիրավական գնահատականի արժանի փաստ չէ՞, թե՞ «Լիդիան»-ի փաստարկներով դրանք փարատվել են:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, այստեղ խոսքը գնում է ոչ թե ելակետային տվյալները թաքցնելու մասին, այլ, ըստ «Էլարդ»-ի, ելակետային տվյալները բավարար չեն: «Լիդիան»-ն իր տեսակետը ներկայացնում և հիմնավորում է, որ բավարար են, օրինակ, ասում է՝ մենք առաջնորդվել ենք Գարդ ուղեցույցով, «Էլարդ»-ն ասում է, որ կարելի էր մեկ այլ ուղեցույցով առաջնորդվել, «Լիդիան»-ն ասում է՝ ոչ, ես Գարդով եմ առաջնորդվել: Մյուս պարագայում «Լիդիան»-ն ասում է՝ ես Սոպեկի մեթոդն եմ կիրառել, «Էլարդ»-ն ասում է՝ կարելի էր նաև Պակերի մեթոդը կիրառել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեթոդաբանակա՞ ն բանավեճ է:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ և՛ մեդոթաբանական, և՛ գիտական, և՛ շատ նեղ ոլորտային մասնագիտական, որում մենք, ըստ էության, պարտավոր ենք լսել 2 կողմերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հաջորդ հարցը.՝ «Լիդիան»-ին ներգրավելը և իրենց լսելը պարտավորությո՞ւն է, թե՞ հայեցողություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Դա փորձաքննության ընթացքում հայեցողությունն է, բայց եթե եզրակացությունն ստանալու ժամանակ ինքը ներկայացնում է եզրակացության ծանոթացման փուլում մի շարք հիմնավոր նկատառումներ, միջնորդություններ, հայտարարություններ և այլն, և եթե վարույթն իրականացնող մարմինը համարում է դա հիմնավոր, որի պատճառով, ստացվում է, եզրակացության արդյունքները դնում են կասկածի տակ, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կրկնակի փորձաքննություն նշանակել: Այսինքն՝ փորձաքննության փուլում ներգրավելը հայեցողական է, բայց եթե փորձաքննության ավարտից հետո ներկայացնում է հիմնավոր միջնորդություններ, որը կասկածի տակ է դնում եզրակացությունը, ապա այդ ժամանակ պարտավոր է կրկնակի նշանակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ հիմա այդպիսի իրավիճակի մեջ չե՞նք, եթե «Էլարդ»-ն ասում է՝ այս, այս թերությունները կան, «Լիդիան»-ը հերքում է: Այստեղ հաջորդ հարցն է ծագում՝ այստեղ «Էլարդ»-ի վստահելիության հարց առաջանո՞ւմ է, թե՞ չի առաջանում, թե՞ դա նորմալ է այդ պրոցեսներում:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, դրանք զուտ գիտական վեճեր են՝ կապված մեթոդաբանության, ստանդարտների, մոտեցումների հետ: Եվ, ըստ էության, մեր կարծիքով՝ մենք շատ ճիշտ ենք արել, որ «Լիդիան»-ին ներգրավել ենք հենց այդ փուլում փորձաքննությանը, որովհետև իրենք հիմնավոր հակադարձում էին «Էլարդ»-ի տեսակետներին: Այստեղ մեկ այլ հարց է՝ «Էլարդ»-ը համաձայնո՞ւմ է դրան, թե՞ ոչ, «Լիդիանը» դրան համաձայնո՞ւմ է, թե՞ չի համաձայնում: Իմ կարծիքով՝ այստեղ կարևորն այն է, որ, ի վերջո, փորձագիտական խումբը հանգում է այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, մեղմման լրացուցիչ միջոցների, միջոցառումների կիրառման պարագայում այդ բոլոր վտանգները չեզոքացվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ կապ չունի ելակետային տվյալների ի՞նչ հակասություններ կան, եզրակացության փուլում նրանք, ըստ էության, գալիս են համաձայնության՝ և՛ «Լիդիան»-ը, և՛ «Էլարդ»-ը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Գալիս են համաձայնության՝ արդյունքի և հետևանքի վերաբերյալ: Գալիս են հետևության, որ երբեմն «Էլարդ»-ը ասում է, որ, այո, ողջամիտ, ճիշտ է, ելակետային տվյալները սխալ է, մոդելավորումը սխալ է, բայց մեղմման միջոցը ողջամիտ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց «Լիդիան»-ն այդ պնդումներին հակազդո՞ւմ է, ինչ-որ հակափաստարկ կա՞: Ինքն ընդունում է, որ սխա՞լ է, թե՞ չի ընդունում, որ սխալ է:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Ինքը հիմնավորում է՝ ինչո՞ւ է, օրինակ,առաջնորդվել Պակերի մեթոդով, ոչ թե մեկ այլի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ի վերջո, այդ խոսակցությունն եմ ուզում հասկանալ: Եթե խոսքը գնում է, որ մոդելավորումը սխալ է, այդտեղ խոսակցությունը հանգում է մեթոդաբանությանը՝ այս ուղեցույցո՞վ էր պետք առաջնորդվել, թե՞ այն ուղեցույցով: Նկատի ունեմ՝ այդ 2 ուղեցույցներն էլ լեգիտի՞մ են: Հիմա ասենք, ենթադրենք, կարո՞ղ է այն ուղեցույցը, որով «Լիդիան»-ն առաջնորդվել է, գոյություն չունեցող ուղեցույց է: Մասնագիտական ստուգվե՞լ է դրանց լեգիտիմությունն այս պահին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, մասնագետների կարծիքների միջոցով, այո: Եվ այստեղ մեզ մոտ խնդիրը հենց այն է, պարոն վարչապետ, որ բախվում է երկու գիտական թեզ՝ տարբեր տեսակետներով, բայց որը, ըստ էության, հանգեցնում է մի արդյունքի: Հիմա «Էլարդ»-ն ասում է՝ ելակետային տվյալները բավարար չեն, բայց մեղմման միջոցը ողջամիտ է: Կամ մի դեպքում ասում է՝ քարտեզավորումը բավարար չէ, բայց եթե այս միջոցառումներն իրականացնեն՝ վտանգ չկա: Նրանք էլ ասում են՝ այո, մենք պարտավորվել ենք նաև այս միջոցներն իրականացնել, պարտավորվում ենք, եթե, օրինակ, պասիվ մաքրման համակարգն իրեն չարդարացնի, փոխարինենք այն ակտիվ մաքրման համակարգով, բայց սկզբում թողեք պասիվ համակարգը կիրառենք: Իհարկե, եթե տեսնենք խնդիր կա, մենք այն կփոխարինենք ակտիվ համակարգով: Այսպիսի նեղ մասնագիտական, գիտական, տեսական վեճ է, բայց արդյունքն ընդունելի է և համատեղ:

Nikol_Pashinyan_gov_amulsar_TM_5892
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փաստորեն այս մեթոդը վերաբերում է, ես չեմ ուզում բոլոր կետերին հատ-հատ անդրադառնալ: Նկատի ունեմ այս կարգի աշխատանք «Էլարդ»-ի բոլոր առարկությունների հետ կապված արվել է: Այսինքն՝ որովհետև մի կետի մասին չէ խոսքը: Այստեղ սողունների մասին կա, թռչունների մասին կա, արջերի մասին կա առանձին: Նկատի ունեմ ամեն ինչի վերաբերյալ այս աշխատանքն արվել է: Ոչ թե ընդհանուր, այլ կետ-կետ մենք սրանով քրեական գործի մեջ գնացել ենք, ճի՞շտ եմ հասկանում:

Հիմա հաջորդ սկզբունքային հարցը, հետևյալ կետը՝ զեկույցում պասիվ համակարգի բաղադրիչները նկարագրելիս անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ GRE-ին 2017 թ. տվել է մաքրման համակարգի նույնատիպ հերթականությամբ՝ բացառությամբ նրա, որ առաջին աերոբմաքրման տարածքը փոխարինվել է անթթվային, կրաքարային դրենաժով: Հիմա այս մի քիչ բարդ հասկանալի նախադասության մեջ ի՞նչն է կարևոր, կարևոր է հետևյալ հանգամանքը, որ ՇՄԱԳ-ի ստացումից հետո և այսպիսի դրվագներ կան, որ ինչ-որ բան կամ փոխարինվել է կամ պատրաստվում է փոխարինվել: Հիմա այստեղ կարևոր գնահատման հարցը հետևյալն է. այս ամեն ինչը չի՞ նշանակում արդյոք կամ նշանակո՞ւմ է արդոք, կամ վերլուծվե՞լ է արդյոք, որ սա ենթադրում է, որ «Լիդիան»-ը պետք է նոր ՇՄԱԳ անցնի: Այս հարցի գնահատականը տրվե՞լ է, թե՞ չի տրվել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, դրա մասին մենք իմացել ենք բոլորովին վերջերս, բայց, այնուամենայնիվ, վերլուծություններ կատարվել են, և մեր գնահատմամբ, «Լիդիան»-ը փոփոխություններ կատարել է կազմակերպչական ոլորտում՝ ոչ թե մեկ այլ ուղղություն, վեկտոր է հաղորդում իր գործողություններին, այլ ընդամենը կազմակերպչական բնույթի փոփոխություններ է նախատեսել կատարելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս հարցի վերաբերյալ ո՞վ ինֆորմացիա և ասելիք ունի: Խնդրեմ: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է. անկախ նրանից՝ ինչքանո՞վ է լավ կամ վատ մեր օրենսդրությունը, բայց մեր այսօրվա օրենսդրությունը նախատեսում է, որ ամեն կարգի նախագծային փոփոխությունը պետք է ենթարկվի նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը: Հիմա, մենք այս հարցի վերաբերյալ ունե՞նք եզրակացություն, թե՞ չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երկու հիմնական հարցերին էր վերաբերում, մեկը հենց այդ պասիվ կայանի կրաքարով փոխարինմանը և մյուսը՝ ընդհանուր մեղմման միջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ կներեք, քանի որ պարոն Գրիգորյանն անընդհատ դա շեշտում է, որ ինչքանով են այս կարգի փոփոխությունները տեղավորվում առկա ՇՄԱԳ-ի մեջ, ելնելով նրանից, որ «Լիդիան»-ն անընդհատ գրում է, որ ճկուն քաղաքականություն, ճկուն քաղաքականություն, այսինքն՝ սա էլ հաշվի առնենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, եթե հենց ՇՄԱԳ-ից խոսենք, հենց ՇՄԱԳ-ում գրեթե ամեն ինչը նախատեսված է եղել, այսինքն՝ նույնիսկ պասիվից ակտիվ կայան փոխակերպումը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ այդպիսի բան գրված է, որ եթե այս մի բանը չի աշխատում, այս մի բանով ենք փորձելու անել: Այնուամենայնիվ, զուտ իրավական տեսանկյունից նախագծում փոփոխությունների համար 2 տարբերակ կա դա ֆիքսելու. առաջին տարբերակը, երբ Բնապահպանական տեսչական մարմինն այցելում է ստուգմամբ, և նախագծում փոփոխություններ է ֆիքսում: 2018 թ. Բնապահպանական տեսչական մարմինն այցելել է և նախագծում փոփոխություններ չի ֆիքսել: Երկրորդը՝ երբ ինքն ընկերությունն է հայտարարում դրա մասին, որից հետևում է նոր գործընթաց՝ ՇՄԱԳ: Բայց, ընդհանուր առմամբ, կոնկրետ այդ կրաքարի վերաբերյալ, դա էլ դեռ գնահատման խնդիր ունի, արդյոք դա նախագծի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե թույլ տաք, ավելի մանրամասն իմ օգնականն այս հարցով զբաղվել է, և մանավանդ մեղմման միջոցների մասով կկարողանա մեզ հստակ օգնել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Հարգելի պարոն վարչապետ, եթե մենք առաջնորդվենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի ձևակերպումներով, այդտեղ նախատեսվող գործողություն հասկացությունը սահմանվում է, որը ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ նախատեսվող գործողություն, այսինքն՝ այն, ինչը պետք է ենթարկվի փորձաքննության, սահմանում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ ցանկը համապարփա՞կ է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ուրիշ դեպք մենք չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ոչ: Սպառիչ թվարկման է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Կազմակերչական բնույթի փոփոխություններ, որ բովանդակային փոփոխության չեն հանգեցնում այս նախատեսվող գործունեություն հասկացության մեջ չկան, բնականաբար, այսինքն՝ եթե մենք արդեն իսկ գնահատված ՇՄԱԳ-ի փաստաթղթերում ունենք նախատեսված անցում պասիվից ակտիվի կամ պասիվի որոշ տեսակների, որովհետև ես, ինչպես հասկանում եմ, անաերոբ մաքրողը և կրաքարային դրենաժորը մեկը մյուսին փոխարինող ինչ-որ լուծումներ են նույն համակարգի մեջ, ապա այդ դեպքում մենք նոր փորձաքննության անհրաժեշտություն չենք ունենում: Հետևաբար, եթե ՇՄԱԳ-ում այդ ամենը կարգավորված է, և հնարավորություն նախատեսվել է և արդեն իսկ գնահատվել է, որ անհրաժեշտության դեպքում «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում կարող է անցնել մեկից մյուսին, հետևաբար, մենք կարող ենք գնահատել, որ դա արդեն փորձաքննության ենթարկված և ՇՄԱԳ-ում ներառված կարգավորում է: Իսկ հետագա տեխնիկական փոփոխությունների կամ մնացած այլ գործունեության հետ կապված, ինչպես արդեն նշվեց, կամ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող է վերհանվել, կամ եթե ձեռնարկողն ինքն է այդ մասին հայտարարում և նախաձեռնում է փորձաքննության անցկացում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Backbone Branding-ը նշեց հիմնադրման 10-ամյակը

Ընկերությունը 2019 թվականին դարձավ աշխարհում ամենաշատ Pentawards դիզայներական մրցանակների արժանացած կազմակերպությունը։

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը: