Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի 7 հանձնարարականները

Վերադարձ լուրերի բաժին

17:15 , 29 Սեպտեմբեր 2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին և շնորհակալություն հայտնել, որ համաձայնել են համատեղ աշխատել: Այնուհետև Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

«Վերջերս Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին»,- դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի.Առաքելյանին՝ վարչապետը շարունակել է. «Ձեզ հանձնարարություն. հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն:

Երկրորդ. տարիներ ի վեր սեփականաշնորհված բազմաթիվ ակտիվներ, գույք, որոնք այսօր չեն աշխատում: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն: Բոլորդ հասկանում եք, որ մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի:

Երրորդ. գնումների վերաբերյալ: Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ՝ առաջարկենք գման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք և կարծում եմ՝ այստեղ և ծախսերի նվազեցման, նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ:

Չորրորդ. հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար՝ պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում:

Հինգերորդ. նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով: Հանձնարարում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել ձեր ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն:

Վեցերորդ, տարածքների համաչափ և տնտեսական զարգացում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հաձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ, ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով:

Յոթերորդ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ