Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ քննարկվել են ընթացիկ տնտեսական իրավիճակը և զարգացման միտումները

Վերադարձ լուրերի բաժին

21:56 , 25 Հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս, որն ավելի բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8 տոկոս ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն:

Տ.Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին: Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը և գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30 տոկոսով արդյունաբերական արտադրանքի աճ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2018 թ. 9 ամսվա կտրվածքով հարկերի հավաքագրման ուղղությամբ արձանագրված միջանկյալ ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2018 թ. համար նախանշված ծրագրային ցուցանիշները մինչև տարեվերջ կապահովվեն:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գնաճի ցուցանիշները, նշել է, որ 2017 թ. համեմատ ցուցանիշները դրական են, և կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս, հնարավոր է՝ նաև 3 տոկոս գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 և ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի: Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը: Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսշրջությանը և գյուղատնտեսությանը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է նաև ՀՀ տնտեսությունում և մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մասին:

Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության կառուցվածքային փոփոխություններին, բյուջետային ծախսերին, ոլորտային բարեփոխումներին, ընթացիկ ներդրումային ծրագրերին, հարկային բարեփոխումներին և այլն:

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հանձնարարել է պատասխանատուներին ևս մեկ անգամ անդրադառնալ խոշոր ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես ճանապարհաշինական, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում՝ հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր մշակելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կընդունվի Հարկային օրենսգրքին վերաբերող փաթեթը

Վերջին շրջանում հատկապես գործարար հատվածի կողմից բավականին շատ է հնչում այն հարցը, թե Հարկային օրենսգրքում և

Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն

ԵՄ տարածքում ալկոհոլամոլության դեմ պայքարի շրջանակում, մի շարք երկրներ (Դանիա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն և այլն) ակցիզային հարկի ավելի ցածր կամ 0-ական դրույքաչափ են կիրառում մինչև 2.8% ալկոհոլի պարունակությամբ գարեջրի նկատմամբ։

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: