Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 1

Վերադարձ լուրերի բաժին

22:51 , 19 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ բոլոր զեկույցներին և նաև հրապարակային հարցազրույցներին, մասնավորապես, Քննչական խմբի ղեկավարի:

Ցանկանում եմ մենք սկզբից հարցերով անցնենք, որ այս ընթացքում նաև ծագած հարցերին պատասխաններ ստանանք, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցնենք: Այս նպատակով ես հարցեր կուղղեմ, կբարձրացնեմ, և ներկաներից, ով կունենա պատասխանները, կարձագանքի:

Գանք ամենասկզբից, պարոն Գրիգորյան: Քրեական գործը հարուցվել է հուլիսի 20-ին: Ես ուզում եմ հասկանալ քրեական գործի հարուցման առիթը ո՞րն է եղել: Ես հիշում եմ, որ ես Ձեզ գրություն էի ուղարկել. այդ գրությո՞ւնն է եղել քրեական գործի հարուցման առիթը, թե՞ մինչ այդ հարուցված էր քրեական գործը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Բարև Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ: Շնորհակալություն, ճիշտ եք հիշում, քրեական գործի հարուցման առիթը, ըստ էության, նախկին փոխոստիկանապետի գրությունն էր, որը մենք դիտեցինք որպես հաղորդում: Ապա ինքն արձագանքեց, որ դա հաղորդում չէ, մենք հիմնավորեցինք, որ դա հաղորդում է, բայց իրեն այդ մասին չտեղեկացրեցինք: Ըստ էության, իրավաբանորեն մենք ճիշտ ենք: Մինչև ժողովն սկսելը,պարոն վարչապետ, մենք Ձեզ համար վեր ենք հանել թերությունները, «Էլարդ»-ի, «Լիդիան»-ի արձագանքները և մեր վերլուծությունը: Կարծում եմ՝ Ձեզ պիտանի կլինի: Թույլ տվեք ներկայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես հետևեցի նաև մեկնաբանություններին, բայց ևս մեկ անգամ ճշտելու համար ուզում եմ հասկանալ՝ քրեական գործը հարուցվելուց հետո Քննչական խումբը, ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքել է դաշտում եղած ամբողջ ինֆորմացիան բաց աղբյուրներից, այսինքն՝ դեմ, կողմ, բաց նամակներ և այլն: Այդ ամեն ինչը հավաքվել է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկներից որևէ մեկը քրեական գործի նյութ է դարձել, և ամբողջը դարձել է քրեական գործի նյութ:

Hayk_Grigoryan_TM_5845
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվել են որպես փորձագետներ: Ապա փորձաքննությունը հանձնարարվել է «Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որից հետո, երբ արդեն քննարկումները թեժացան, երբ մենք հասկացանք, որ «Գոլդերի» եզրակացությանը պետք է արձագանքի ևս մեկ հեղինակավոր միջազգային կազմակերպություն, նոր մենք հանձնարարեցինք միջազգային փորձագետներին փորձաքննության կատարումը: Իսկ մինչ այդ ոլորտի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Եղե՞լ են մարդիկ, որոնք դրա հետ կապված տեղեկատվություն են տրամադրել, հրապարակային խոսել են և այլն, որպես վկա հրավիրվել, հարցաքննվել: Այսպիսի երևույթներ եղե՞լ են:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Այո, մասնավորապես, ճիշտն ասած, այդ կնոջ անունը չեմ հիշում, ով պնդում էր, որ Ապոլոն տեսակի թիթեռ է այնտեղ բնակվում և սնվում է ոզնաթուփ մեխակով: Այո, նմանատիպ բոլոր անձինք՝ որպես վկա, հարցաքննվել են մեզ մոտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա եկեք անդրադառնանք մրցույթի փուլին, երբ «Էլարդ» ընկերությունն ընտրվել է: Նախ, պարոն Ավինյան, Դուք այն օրը տեղեկատվություն էիք տալիս, որ այս ընթացքում մենք կապ ենք հաստատել: Այդ դրվագը նորից մանրամասն ներկայացրեք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երբ փորձաքննության հարցն արդեն ակտուալ էր դառնում, Շրջակա միջավայրի նախարարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից փորձեց հասկանալ, թե ով նման փորձաքննություն կարող է անել, մասնավորապես, «NRGI»-ի կողմից՝ National Resource Government Institutе: Սա ինստիտուտ է, որը EITI կազմի անդամ է: Կարծում եմ՝ տիկին Շուշանյանն ավելի լավ կբացատրի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, NRGI-ը, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն է՝ ուղղակի գլոբալ մակարդակի: Բավական հեղինակավոր, բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտ, միջազգային գլոբալ կոալիցիա է և ներկայացնում է քաղհասարակության հատվածը: Նույն EITI-ում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունում, այն հանդես է գալիս որպես քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, մենք կապվեցինք տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր խորհուրդ էին տալիս՝ ինչ կազմակերպություն կարող է նմանատիպ փորձաքննություն անել: NRGI-ի խորհրդով նաև ուղիղ կապ է հաստատվել, եթե չեմ սխալվում, սկզբում Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էլարդ» ընկերության հետ, որը համարվում էր այս տարածաշրջանում այդ գործի մասնագետը և մի ընկերություն, որը կարող է նմանատիպ գործ իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- NRGI-ն այս խնդիրներով զբաղվող գլոբալ ընկերակցությո՞ւն է, որտեղ տարբեր կազմակերպություններ են, տարբեր երկրներ, այո՞:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Եթե ես տիկին Շուշանյանին ճիշտ հասկացա, EITI-ում միշտ ենթադրվում են մի քանի խաղացողներ մեկ սեղանի շուրջ: Օրինակ՝ մեզ մոտ դա կառավարությունն է, բիզնեսն է և քաղհասարակությունն է: Երբ մենք քննարկում էինք Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հետ մեր գործողությունները, քաղհասարակության ճյուղը տարբեր ՀԿ-ներից էր կազմված: Ենթադրում եմ, որ EITI խորհրդում NRGI-ն ամենաբարձր մակարդակում գտնվող քաղհասարակության հասարակական կազմակերպությունն է: EITI-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն է, որը միջազգային նախաձեռնություն է, որի անդամ ենք նաև մենք, և որոշակի պարտավորություններ ունենք ստանձնած այդ կազմակերպության անդամ լինելով հանդերձ, որով մենք պարտավորվել ենք ապահովել արդյունահանող ճյուղերում թափանցիկություն՝ օրենսդրական մակարդակում և նմանատիպ գործընթացներում: Մեզ մոտ, օրինակ, այն մեծ փաթեթը, որ արդյունահանող ճյուղերում ընկերությունների սեփականատերերի բացահայտումն էիք պարտադրում, ընդունել ենք EITI նախաձեռնության շրջանակում: Ֆորմատը հետևյալն էր՝ կառավարություն, բիզնես և քաղհասարակություն իրար հետ քննարկումների միջոցով, կոնսենսուսով գալիս են վերջնական համաձայնությունների, թե ինչպիսի փաթեթ պետք է ներկայացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տեխնիկական առաջադրանքը ձևակերպելու համար պետք է միջազգային կառույցի դիմեինք: Մենք դիմեցինք միջազգային կառույցի, իրենք էլ ասացին՝ ձեր տարածաշրջանում այսպիսի մի կազմակերպություն կա՞, իրենց հետ աշխատե՞ք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հիմա մրցույթի փուլին անդրադառնանք: Այդ տեխնիկական առաջադրանքի հիման վրա հայտարարվեց միջազգային բաց մրցույթ, և մասնակցել է 2 ընկերություն: Այստեղ, իմիջայլոց հակասություն կա, մի տեղ գրվում է բուլղարական ընկերություն, մի տեղ գրվում է կանադական:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Մասնակցել է բրիտանական «WSP» ընկերությունը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ բրիտանական այդ ընկերությունը նախկինում կատարել էր Թեղուտի պոչամբարի փորձաքննությունը, որն այնքան էլ արդյունավետ չէր կատարվել, այդ իսկ պատճառով բնապահպանների ոլորտում ստվերվել էր իրենց համբավը: Մենք, բնականաբար, նախապատվությունը տվեցինք «Էլարդ»-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Իսկ «TRC» ընկերությունն ի՞նչ ընկերություն է: Տեղեկանքներում գրված է, որ իրենք «Էլարդ»-ին ենթակապալառու են եղել, այսինքն՝ «Էլարդ»-ին աջակցել են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – «TRC» ընկերությունն ամերիկյան դարձյալ աշխարհահռչակ ընկերություն է: «TRC» ընկերությունից հրավիրվել էին ջրերի ոլորտի մասնագետները, մասնավորապես, ովքեր հենց երկրաբանության և ջրերի վերաբերյալ փորձաքննությունն են իրականացրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա, ըստ էության, «Էլարդ»-ը մրցույթին մասնակցում է, և այս տրամաբանությամբ փաստորեն հետագայում է «TRC»-ն միացել, այո՞, թե՞ ի սկզբանե մրցույթի ժամանակ մենք իմացել ենք, որ իրենք էլ են ներգրավվել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Տեխնիկական առաջադրանքի հետ միաժամանակ որպես տեխնիկական առաջադրանքի բաղկացուցիչ մաս նաև պահանջ էր դրվել՝ ընկերությունները ներկայացնեին փորձագետների ցանկ, այդ փորձագետներին որակավորման բոլոր մանրամասն չափանիշները, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք կհրավիրվեն «Էլարդ»-ի կողմից մասնակցելու փորձաքննությանը, որպեսզի հնարավորություն ունենայինք պարզելու, թե եթե անգամ հրավիրված փորձագետներ լինեն, նրանք որևէ առնչություն չունենան «Լիդիան» ընկերության հետ, որևէ ձևով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն՝ այդ մասերը լիարժեք ստուգվե՞լ են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան- Այո, նրանք ընդհանրապես Հայաստանում որևէ գործունեություն չեն իրականացրել և որևէ առնչություն չեն ունեցել ոչ միայն «Լիդիան»-ի, այլև հետազոտությունն իրականացնող ընկերությունների հետ: Իսկ «WSP»-ի պարագայում կային նման կասկածներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա ուզում եմ հասկանալ՝ «TRC» ընկերությունը նույնպես միջազգային հեղինակություն համարվող ընկերությո՞ւն է: Եվ հիմա, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս մրցույթին մասնակցելով՝ «Էլարդը», ըստ էության, մասնակցել է՝ որպես այս միջազգային կառույցի ներկայացուցիչ՝ նաև հաշվի առնելով, որ մյուս ամերիկյան ընկերության հետ իրենք փաստորեն կոալիցիայի մեջ են եղել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քանի որ մենք տեխնիկական առաջադրանքը շատ լայնածավալ և մանրակրկիտ տվել էինք և «Էլարդ»-ի մասնագետները դրանց ծանոթացել էին, իրենք իրենց հերթին, որպեսզի իրենց գործունեությունը, գործողությունները համապատասխանեցնենք Քրեական դատավարության պահանջներին, մենք իրենց ասել էինք, որ յուրաքանչյուր այն անձին, ով ինչ-որ մի գործառույթ կատարելու է, իրենց ներկայացնեն՝ մեր կողմից փորձագետ ճանաչելու համար: Իրենք այդ անձանց տվյալները մեզ ներկայացրել են, մենք իրենց առանձին որոշումներով ճանաչել ենք փորձագետներ: Եվ, կհիշեք, մայիսի վերջերին, երբ իրենք նախնական ներկայացնում էին կառավարությունում, այդ ոլորտի անձինք էլ էին նստած: Իհարկե, իրենցից մեկն էր խոսում, 1-2-ը, բայց իրենք էլ էին նստած ու իրենց մասով ներկայացնում: Մենք ընթացակարգերը պահպանել ենք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Backbone Branding-ը նշեց հիմնադրման 10-ամյակը

Ընկերությունը 2019 թվականին դարձավ աշխարհում ամենաշատ մրցանակների արժանացած կազմակերպությունը։

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը: