Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի հանձնարարականները՝ կառավարության այսօրվա նիստում

Վերադարձ լուրերի բաժին

15:27 , 29 Մարտ 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,-նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարվել է մարզպետարանների աշխատակազմի և մարզպետարանների ենթակայությամբ գործող այն ոլորտներում և մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

Վարչապետի մյուս հանձնարարականն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակեպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակեպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակությանը: «2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովը կատարել է։ Արդյունքում՝ 2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, իսկ դեռևս փակման ենթակա են 108-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած առկա դրական զարգացումներին, դեռևս բավարար և ընդունելի չէ»,-նշել է վարչապետը։

Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների հրատապ լուծման կարիք՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում, համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։ «Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-ասել է վարչապետը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է նաև նախատեսված աշխատանքներն ավարտելուն պես՝ մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: