Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 3

Վերադարձ լուրերի բաժին

23:30 , 19 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: Առաջին մասի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Երկրորդ մասի բովանդակությունը՝ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որ խնդրեմ, նորից կթվարկե՞ք ՇՄԱԳ անցնելու դեպքերը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում և փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ենթադրենք, անկախ նրանից, սա ՇՄԱԳ-ի մեջ գնահատվա՞ծ է, թե՞ ոչ, իմ մեջբերած այս դրվագը կարո՞ղ է գնահատվել որպես տեխնոլոգիական վերազինում, կարո՞ղ է գնահատվել այդպես:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ես չեմ կարող պատասխանել, որովհետև դա ավելի մասնագիտական գնահատականի ենթակա հարցադրում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ՝ ո՞վ կարող է պատասխանել:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ուրեմն բացի «նախատեսվող գործունեություն» ձևակերպումից, օրենքում կա հոդված 21, որտեղ ասվում է՝ որ դեպքերում է փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվում.
1. Երբ գործունեությունն իրականացնում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով, որ Տեսչությունը պետք է երևի դա էլ իրականացնի և ուսումնասիրի:
2. Փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմին այդ մասին տեղեկացնելու:
3. Ի հայտ են եկել բնապահպանական նոր գործոններ, և ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն:
4-5 դեպքերում է, որ հնարավոր է՝ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցած ճանաչվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրում եմ այդ կետերը նորից մի հատ էլ անցնենք և հերթով արձանագրենք:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Առաջին կետը, երբ գործունեություն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք որևէ տվյալ ունե՞նք այս պահի դրությամբ: Կամ քրեական գործում նման տվյալ առկա՞ է, որ այսպիսի խնդիր կա:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Չունենք, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասը նայել ե՞ք:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, նայել ենք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ըստ էության՝ դա քրեական գործի նախաքննության առարկայի մեջ չի մտել, բայց ամեն դեպքում ուսումնասիրություն կատարվել է, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մինչև Ձեր հրապարակային հայտարարությունները այդ թեմային Դուք անդրադարձե՞լ եք, նայե՞լ եք և ի՞նչ եզրակացության եք եկել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – ՇՄԱԳ-ի փոփոխությունները՝ պասիվ մաքրման համակարգից անցումը ակտիվ մաքրման համակարգի, ինչպես նաև տարբեր բաների կիրառումը չի առաջացնում ՇՄԱԳ-ի նախագծային նոր փոփոխություններ, որովհետև ՇՄԱԳ-ն, հանդիսանալով հիմնարար փաստաթուղթ, եթե արդեն իսկ նախատեսվում է միջոցառումների ցանկ, դա արդեն բավարար է, որպեսզի նոր ձևակերպումներ, դիզայնի փոփոխություներ չլինեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ հիմա Ձեր եզրակացությունն այն է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք քրեական գործի, համենայնդեպս այս նյութերում, տեսնում ենք, արդեն իսկ գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի շրջանակո՞ւմ է:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ճիշտ այդպես, պարոն վարչապետ: Ըստ էության, որովհետև եթե ՇՄԱԳ-ը իրավական տեսանկյունից դիտարկենք, ըստ այսպիսի ընկալման, մենք օրինակի համար ունենք սահմանադրություն, որը տալիս է երկրի հիմնական զարգացման ուղղությունները, այն միջոցառումները, որոնք մանրամասն կարգավորումներ են իրականացնում արդեն ներքին օրենսդրության մեջ: ՇՄԱԳ-ը հանդիսանում է այդպիսի հիմնարար փաստաթուղթ, տալիս է այդ ազդեցությունների գնահատումները և այն միջոցառումների ցանկը, որի հիման վրա հետագա բոլոր հետազոտությունները պետք է իրականացնել: Եվ, ըստ էության, եթե որևէ գործունեություն արդեն իսկ այդ հիմնարար փաստաթղթով նախատեսում է տարբեր դրա կիրառումներում տարբեր մոտեցումներն անթույլատրելի է առանց ՇՄԱԳ-ի փոփոխության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հետևաբար, այստեղ սկզբունքային հարցը հետևյալն է. պարոն Գրիգորյանն ասաց, որ մենք նոր ենք փաստարկն իմացել, բայց հիմա ստացվում է, որ Քննչական խումբը մինչ այդ անդրադարձել է այդ խնդրին: Հիմա դա նո՞ր փաստարկ էր, թե՞այնուամենայնիվ, Դուք անդրադարձել եք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Խոսքը 2017 թ. ԹԱԴ կառավարման պլանի մասին է, որն արտացոլվել է 2016 թվականի գծագրում՝ որպես «Գեոթիմ 2016»: Ըստ ուսումնասիրության և պարզաբանման՝ դիզայնի և նախագծային հիմնարար փոփոխություններ այդ երկու փաստաթղթերում չեն եղել: Հիմա 2017 թվականին կազմվել է, որպեսզի ստորագրվի, ներկայացվի ֆինանսական կազմակերպություններին ֆինանսավորում ստանալու համար: Սակայն, ըստ էության, բովանդակային որևէ փոփոխություն այդ 2 փաստաթղթերում չեն եղել, և հետևաբար 2016 թ. «Գեոթիմ» ԹԱԴ կառավարման պլանը, ըստ էության, 2017-ի ԹԱԴ-ի կրկնությունն է՝ աննշան փոփոխություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ աննշան փոփոխությունները մեր օրենսդրությամբ ենթադրո՞ւմ են նոր ՇՄԱԳ, թե՞ չեն ենթադրում:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Հեղինակների անուններ կամ ստորագրություն, նման բաներ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ բոլորը «Գեոթիմ»-ից դարձել են «Լիդիան»:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Այո, պարոն վարչապետ, «Գեոթիմ»-ը դարձել է «Լիդիան» և այլն:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ անգամ ՇՄԱԳ-ի փոփոխություն ենթադրենք, որ չի լինելու, ի հայտ են բերվել լրացուցիչ ռիսկեր, որտեղ «Լիդիան»-ը, որքան ես հասկանում եմ, ընդունել է և պարտավորվել է 16 կետերով մեղմել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ուրիշ բան եք ասում, հիմա դրան առանձին կանդրադառնանք: Խոսքը դրա մասին չէ: Հիմա այս փուլում մենք խոսում ենք մինչ այս պահը, մինչ այս քրեական գործի հարուցումը, մինչ «Էլարդ»-ի եզրակացությունը արված ինչ-որ փոփոխությունների մասին: Մենք այդ փոփոխությունների մեջ ունե՞նք այնպիսիները, որոնք ասում են մեզ, որ պետք է լինի նոր ՇՄԱԳ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, իհարկե, ես կխնդրեմ նաև տիկին Շուշանյանը հաստատի, բայց թթվային ապարների դրենաժին վերաբերող փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ՇՄԱԳ-ի հավելված չէ: Այն առանձին մի փաստաթուղթ է, որն ուղղակիորեն հոժարակամ «Լիդիան»-ի կողմից տրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ նախարարության խնդրանքով: Կոնկրետ այդ փաստաթղթի վերաբերյալ, ինչպես հասկանում եմ, նաև մեր օրենսդրությամբ ոչ մի հստակ պահանջ չկա, այսինքն՝ այդ փաստաթղթում նույնիսկ, այսպես ասած, խորքային փոփոխությունները պետք է որ չենթադրեն ՇՄԱԳ-ում փոփոխություններ, որովհետև դա ՇՄԱԳ-ի հավելված չի համարվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Թթվային ապարների դրենաժի, ԹԱԴ-ի, կառավարման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը:

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման մանրամասները

2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: