Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանդիպել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին

Վերադարձ լուրերի բաժին

15:20 , 03 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_TM_3072

Վարչապետը նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանաչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում, ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը, և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է, որտեղ համակարգված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն:

_TM_2900

«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա նկատի ունենք: Հրավիրում ենք մարդկանց օգտվելու իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսում է գաղափարից, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դրանից առաջ ամեն ինչ մեր երկրում սկսվում էր նյութական պատկերացմամբ, նյութական հենքով: Նոր Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է»,- նշել է կառավարությանը ղեկավարը: Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը: Վարչապետի համոզմամբ, Նոր Հայաստանը, ապագայի Հայաստանն անպայման հաղթելու է, և այս կարգի միջոցառումները կարևոր են` գաղափարները կյանքի կոչելու համար:

_TM_3004

«Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է, և մենք ունենք միտք ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

_TM_3225

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:

Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:

«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք կա

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Աշխատանք է տարվում հարստության հարկման ուղղությամբ

Նախաձեռնության հեղինակը ֆինանսների նախարարությունն է: