Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարշավայի ֆոնդային բորսան ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 18 Սեպտեմբեր 2020

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնեց ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։

Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:

«ՎՖԲ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», – ասաց Լեհաստանի փոխվարչապետ և պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը:

ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:

«ՎՖԲ-ն կայուն և անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ և բեղմնավոր հարաբերություններին», – նշեց Լեհաստանի Պետական ակտիվների նախարարության վերլուծությունների և հշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին:

ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: Զարգացման հիմնական ոլորտները ներառում են արդի տեխնոլոգիաների հենքով նորագույն լուծումների իրականացումը, հումք-ապրանքային առևտրի կազմակերպումը, աջակցություն ՎՖԲ և Հայաստանի ֆոնդային բորսայի թողարկողների կրկնակի ցուցակմանը և առևտրի ժամանակակից հարթակի տրամադրումը:

«Բազմաթիվ ոլորտներ ենք տեսնում, որտեղ կարելի է թափ հաղորդել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Առաջնային ոլորտներ են թվայնացումը և գործընթացների ավտոմատացումը, որոնք այժմ զարգացած տնտեսություններում ֆոնդային բորսաների առանցքային հիմնասյուներն են: Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը կօգնի մեզ ընդլայնել մեր ծառայությունները և ձեռնամուխ լինել #GPW2022 ռազմավարության իրականացմանը: Մյուս կողմից՝ սրանով ՎՖԲ Խմբի «նոու-հաուն» հասանելի կինի Հայաստանի արժեթղթերի բորսային», – մատնանշեց ՎՖԲ Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիթլը:

ՀՖԲ-ի համախմբված եկամուտը 2019 թվականին կազմել է 6․4 մլն լեհական զլոտի (1․71 մլն ԱՄՆ դոլար), հասույթը նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության և ամորտիզացիոն գումարների վճարումը (EBITDA)` 2․0 մլն զլոտի (0․53 մլն ԱՄՆ դոլար) և զուտ շահույթը՝ 1.3 մլն զլոտի (0․35 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՖԲ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 6.5 մլն զլոտի (1.73 միլիոն ԱՄՆ դոլար): ՀՖԲ-ի սեփական կապիտալի 100%-ի նախնական ոչ պարտադրական գնահատումը հավասար է ընկերության 2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքին, այսինքն` շուրջ 6 մլն զլոտի (1․6 միլիոն ԱՄՆ դոլար): ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնեմասի հնարավոր ձեռքբերման գինը կհաստատվի պատշաճ ուսումնասիրություններն ավարտելուց հետո:

«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, և նաև ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել և Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար և հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաև կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», – ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպումն է և Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան և վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։