Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկերի տոկոսների նվազման իրողությունը և «լուրջ» տնտեսության պահանջը. ICHD

Վերադարձ լուրերի բաժին

11:34 , 30 Նոյեմբեր 2017

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ICHD) վերլուծական համառոտագիր է հրապարակել՝ ՀՀ տնտեսության, բանկային համակարգի, բանկային միջնորդության մասին։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

* * *

2016 թվականին Հայաստան է ներմուծվել 4.7 տոննա կարագ։ Իհարկե, ամբողջը չի ուղղվել միայն բնակչության սպառմանը, բայց եթե հիպոթետիկ այդպես համարենք ու վերցնենք մանրածախ գների աճը մոտ 50 տոկոս, ապա ստացվում է, որ կարագին ուղղվող ծախսերը ընդհանուր լրացուցիչ 12 միլիարդ դրամ են տարել։

2017 թվականին բանկերի կողմից 1 տարուց ավելի տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքները 2016 թվականի տարեվերջի համեմատ դրամի դեպքում իջել է 2 %-ով, իսկ արտարժույթի դեպքում՝ 1.3 տոկոսով։ Բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրած դրամով վարկերը կազմում են շուրջ 800 միլիարդ, իսկ արտարժույթովը՝ 1,3 տրիլիոն, ու եթե հաշվենք, թե ինչքան քիչ են Հայաստանի ռեզիդենտները տոկոսագումար վճարել նման անկման արդյունքում, ապա 2017 թվականի այն կկազմի մոտ 34 միլիարդ դրամ։

Ու այստեղ ծագում է առաջին հարցը։ Ինչու՞ է տնտեսության տեսակետից 12 միլիարդի ազդեցությունն ավելի շատ քննարկման առարկա դառնում, իսկ 34 միլիարդի մասին հպանցիկ ենք խոսում։ Ավելին, կարագի դեպքում մարդկանց վարքագիծը փոխվում է՝ փոխում են սպառումը, այլաբանորեն ասած՝ «ավելի բարակ շերտով են այսուհետ քսում կարագը» կամ անցնում փոխարինող ապրանքների ու, նվազեցնելով կարագի սպառումը, ի վերջո այդ 12 միլիարդը մնում է տեսական թիվ. գործնականում այն արագ փոքրանալու միտում ունի։ Մինչդեռ, մի կողմից վարկերի դինամիկան աճում է, իսկ մյուս կողմից տոկոսադրույքներն ավելի են նվազել վերջին տարիներին։

Այսպես, եթե դիտարկենք 2016 թվականի հունվարից սկսած տոկոսադրույքների անկումը, ապա տարեկան կտրվածքով վճարած տոկոսագումարների նվազումը կազմում է շուրջ 60 միլիարդ դրամ։ Տոկոսադրույքի փոփոխության ազդեցությունը տնտեսության վրա ահռելի է։ Սակայն սա առևտրային բանկերի եկամտի անկում չի, չմոռանանք, որ բանկերը միջնորդ են, և իջել են նաև ավանդների տոկոսադրույքները։ Այսինքն, խնայող բնակչությունը սկսել է ավելի քիչ տոկոսային եկամուտ ստանալ։ Ու եթե վարկերի գծով տարեկան հաշվարկային միջին անկումը 2016 թվականի սկզբից հաշվեցինք  60 միլիարդ, ապա նույն թիվն ավանդների համար կազմում է 56 միլիարդ։ Առաջին հայացքից բանկերը պետք է որ շահած լինեն։ Սակայն կա մեկ հանգամանք, որն այլ պատկեր է ցույց տալիս՝ շատ ավելի աճել են անհուսալի վարկերը, որոնք բանկերը սկսել են դուրս գրել իրենց հասույթից։

Բանկերի միջնորդությունը հասկանալու համար օգտագործվող հիմնական ցուցանիշը տոկոսադրույքների «սպրեդն» է՝ միջնորդության գինը, որը Հայաստանում վերջին հինգ տարիներին էականորեն նվազել է։ Սակայն վերոնշյալ հաշվարկում չենք տեսնում տոկոսով արտահայտած այն ծախսերը, որոնք բանկը պետք է անի ու ընդգրկված են սպրեդի մեջ. բանկն ավանդ մի մասը պետք է պահուստավորի (ծախսը չաշխատող փողն է), մի մասը վարչական ծախսերն են, մի մասը հարկերն են, մի մասը՝ բանկի շահույթը, սակայն մի մասն էլ վարկային ռիսկն է՝ դուրս գրվող անհուսալի վարկերը։ Ահա այս ամենից հետո էլ բանկը որոշում է իր վարկային տոկոսադրույքը։ Թվերը ցույց են տալիս, որ սպրեդի կառուցվածքում իջել են բանկի գործառնական ծախսերը, իջել է շահույթը, սակայն աճել է վարկային ռիսկը։ Ընդ որում, շինարարական վերելքի տարիներին՝ 2005-2008 թվականներին սպրեդի մեջ ահռելի մաս էր կազմում շահույթը։ Այն ժամանակ շատերը վարկ էին վերցնում բարձր տոկոսներով՝ պահանջարկը մեծ էր։

Բանկային միջնորդությունն այսօր

Ի՞նչ է նշանակում սպրեդի անկումը։ Նախ, եթե ավանդների տոկոսադրույքներն ավելի իջնեն, ապա մարդիկ գուցե չգերադասեն խնայելը։ Միևնույն ժամանակ, բանկերը չեն կարողանում բարձրացնել վարկերի տոկոսադրույքը։ Սրա պատասխանը պարզ է, աճել է մրցակցությունը բանկերի միջև, ու այն աճել է հատկապես վարկային շուկայում։ Բանկային միջնորդության դերը հավասարակշռվել է ինչ-որ կետում, ու այն արհեստականորեն «խախտող» բանկը մրցունակ չի լինի։ Այսօր շատերն են խոսում կապիտալ ներդրումներից, մինչդեռ բանկերը չգիտեն ուր ներդնեն, ում վարկ տան։ Ավելին, եթե ճգնաժամից հետո ուղղակի ներդրումները նվազեցին, ապա վարկերի աճը հենց նույն ոլորտներում խոսում է այն մասին, որ տեղական բանկերը պարզապես փոխարինեցին արտասահմանյան ներդրողներին։ Այսպես ասած՝ լցրեցին ներդրումային վակուումը։

Թվում է, թե վիճակը լավ է, նույնիսկ կարելի է ասել հոյակապ է, բանկերը կարողանում են այսօր Հայաստանում խոշոր ներդրումներ անել, միջնորդության գինը էականորեն իջել է, մասնավոր հատվածն ու բնակչությունն ավելի նվազ տոկոսով վարկ կվերցնեն։ Տոկոսադրույքների անկումը բերում է տնտեսական աճի, սակայն, ինչպես ցույց տվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը 2008 թվականին, միայն մոնետար քաղաքականությամբ տնտեսություն չես կարող զարգացնել։ Ինչ-որ այլ բան է ևս պետք անել։

Լավ մոռացված հինը՝ կառուցվածքային բարեփոխումներ

Ինչու՞ աճեցին անհուսալի վարկերը։ Հարցն ունի երեք պատասխան՝ տնտեսության իրական հատվածում ունենք խնդիրներ, մարդկանց եկամուտները նվազել են, շինարարության ոլորտում ունենք աղճատում։ Այո՛, կառավարությունը մտցրեց արտոնություններ, որպեսզի մարդիկ հիպոթեկային վարկեր վերցնեն, այո՛ կենտրոնական բանկը բարձրացրեց կապիտալի նորմատիվը, որը մեղմեց անհուսալի վարկերից եկող հարվածը, և այսօր դրանց խնդրահարույց մասն արդեն բանկերն իրենց շահույթից դուրս են գրել։ Ապահով անցանք ֆինանսական ռիսկերի ժամանակահատվածը։ Սակայն ինչպիսի՞ տնտեսություն ունենք և ի՞նչ ենք ուզում ունենալ։ Այս հարցերը դուրս են մնացել քաղաքական օրակարգից։ Խոսում ենք միայն արտահանումից, գիտակցում ենք դրա կարևորությունը։ Ժամանակին կառուցվածքային բարեփոխումներն էին սեփականաշնորհումը, շուկայական հարաբերություններին անցնելը, գների ազատականացումը և այլն։ Իսկ հիմա՞։

Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունների կառուցվածն էականորեն կարող են իրարից տարբերվել, սակայն լինել մրցունակ։ Այսպես, Դանիայի հանրային հատվածի ծախսերը կազմում են տնտեսության 58 % -ը, Ֆրանսիայինը` 56%-ը, մինչդեռ Սինգապուրում այն ընդամենը 17% է, իսկ Կորեայում՝ 30%: Իսլանդիայում բնակչության 86%-ն արհմիությունների անդամ են, մինչդեռ Շվեյցարիայում՝ միայն 16%-ը։ ԱՄՆ-ում աշխատակցին կարող են համարյա ըստ ցանկության հեռացնել աշխատանքից, չկա մայրության արձակուրդ, մինչդեռ Ֆրանսիայում աշխատակցին հեռացնելը մեծ գլխացավանք է։ ԱՄՆ-ում բաժնետոմսերի շուկան կազմում է տնտեսության շուրջ 150%-ը, մինչդեռ Գերմանիայում այն ՀՆԱ-ի կեսն է ընդամենը։

Կարելի է շատ այլ ցուցանիշներ բերել զարգացած տնտեսություններից ու ցուցադրել, թե որքան տարբեր են դրանք։ Մշակույթը, պատմությունը, շահերը, քաղաքական իրադրությունը, ճգնաժամերը, այս ու շատ հանգամանքներ ձևել են այդ տնտեսությունները։ Ֆինանսական ճգնաժամերը ցույց են տալիս, որ դրանք էլ իդեալական չեն, և զարգացած տնտեսություններն էլ կառուցվածքային փոփոխության կարիքն ունեն։

Հայաստանի վերջին կառուցվածքային բարեփոխումը պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումն էր։ Այն ավելացրեց տնտեսությունում խնայողությունների մակարդակը։ Սակայն աշխատանքի շուկան, առևտրային մրցակցային պայմանները, ստվերի առկայությունը, կրթված աշխատաշուկայի վրա հենված տնտեսությունը, միգրանտների տրանսֆերտներից կախվածությունը, աղքատությունը և շատ ու շատ խնդիրներ մնում են չլուծված մի կողմից, իսկ մյուս կողմից դրանց անդրադարձը հատվածական է ու իներցիոն՝ պարզապես փորձում ենք եղած խնդիրները աստիճանաբար լուծել։ Եթե ինչ-որ հարցերում ժամանակին սոցիալական քաղաքականություն է եղել՝ փորձում ենք այն բարելավել։ Եթե որոշ հարցերում լիբերալ ենք եղել, ասում ենք շուկան ինքնին այն կլուծի։

ամակարգված մոտեցում չկա։ Չենք կարողանում ուրվագծել տնտեսության այն կառուցվածքը, որտեղ աղքատությունը կլինի ցածր մակարդակում։ Ի վերջո աղքատության նվազումը նշանակում է, որ կա՛մ տնտեսությունը պետք է աստղաբաշխական տեմպերով զարգանա, կա՛մ եկամուտների վերաբաշխում տեղի ունենա։ Ավելին, հարստության բաշխման մասին խոսակցություններն էլ կարծես շրջանցել են Հայաստանը՝ դրա մասին խոսում են բոլոր տնտեսություններում, բացի Հայաստանից, կոռուպցիայի դեմ պայքարն էլ այստեղ առանձնապես պոպուլյար չէ։

Աննկատ զարգացրած արատների դեմ ելնելու հրամայականը

Ինչպես ցույց է տալիս տոկոսադրույքների անկման փաստը, բանկային հատվածը մոտենում է տնտեսության միջնորդության սահմանին։ Թեկուզ այն նախկինի համեմատ ավելի արդյունավետ է, սակայն սա է սահմանը։ Արտաքին պարտքը նույնպես մոտեցել է իր սահմանագծին։ Բնակչությունը խնայող չէ, և անհնար է պատկերացնել մի իրավիճակ, որ սպառումը նվազեցնելով և խնայողությունները մեծացնելով, տոկոսադրույքների հանկարծակի անկում լինի։ Միջոցների սղության գիտակցումը հանգեցրեց բյուջեի ավելի խնայողական ռեժիմի անցնելուն։ Տնտեսական փոփոխությունների մասին լուրջ մտորել է պետք։ Պետք է հասկանանք, որ այսօրվա իրական հատվածը, այսօրվա Հայաստանի տնտեսական հարաբերություններն այս մակարդակով ավելին չեն կարող մեզ ապահովել։ Կտրուկ քայլեր են անհրաժեշտ, քայլեր, որտեղ պետք է գիտակցենք, որ նոր ստեղծվող արժեքից եկող հարստության վերաբաշխումն անխուսափելի է, ու այն պետք է լինի բնական մրցակցային ճանապարհով։ Մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որտեղ աղքատությունն այսքան բարձր է, իսկ հարկերը զարգացած շատ երկրների համեմատ՝ ցածրագույն մակարդակի վրա։ Եվ սա այն պարագայում, երբ գիտակցում ես, որ հարկերի թեկուզ չնչին բարձրացումը դժգոհության աղբյուր է։ Սա նշանակում է, որ աննկատ ինչ-որ սխալ ենք արել պետական բյուջեում, աննկատ ինչ-որ սխալ ենք արել արտոնություններ սահմանելիս, աննկատ ոմանք շարունակում են կոռուպցիոն գործունեությունը, աննկատ ձևավորվել է շուկայի ոչ ֆորմալ հարաբերություններ, աննկատ դրդել ենք մարդկանց ծուլության, աննկատ վախեցրել ենք մարդկանց վնասով աշխատել՝ դրդելով, որ զարգանա միայն գերշահույթներ ապահովող ոլորտները, և շատ ու շատ բաներ, որոնք պետք է վերանայվեն։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը