Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկանիշը՝ B+. Fitch-ը լավատես է Հայաստանի հարցում

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 23 Հունվար 2016

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում, «կայուն» կանխատեսմամբ:

Արտարժույթով և ազգային արժույթով՝ Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները հաստատվել են «B+» մակարդակում: Երկրի առաստաղային վարկանիշը «BB-» է, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը ունի B մակարդակ:

ՎԱՐԿԱՆԻՇԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Fitch-ը նշում է, որ երկրի վարկանիշի ամրապնդմանը նպաստում են հետևյալ գործոնները՝ մարդկային զարգացման համեմատաբար բարձր մակարդակը, կառավարման ցուցանիշները, նպաստավոր գործարար միջավայրը և տնտեսության աճող դիմադրողականությունը։ Սակայն վարկանիշի վրա բացասաբար են ազդում արտաքին շոկերի նկատմամբ խոցելիությունը, արտաքին պարտքի բարձր մակարդակը և քաղաքական ռիսկերը։

Զեկույցում նշվում է, որ արտաքին շոկերի նկատմամբ խոցելիության պատճառով Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել մետաղների գնանկումը և Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Այդ երկու գործոնները լուրջ ֆինանսական ճնշում գործադրեցին ՀՀ տնտեսության վրա 2014 թվականի վերջին և հանգեցրին ներքին պահանջարկի կրճատմանը 2015 թվականին։

Fitch-ի փորձագետները հիշեցնում են, որ 2014 թվականին ՀՀ ուղարկվող դրամական փոխանցումների 80%-ը (որը ՀՆԱ-ի 14%-ն է), արտահանման 20%-ը և օտարերկրյա ուղղակի ներդրումների 44%-ը բաժին են ընկել Ռուսաստանին։ Իսկ 2015 թվականին մասնավոր փոխանցումները նվազել են 33%-ով (առաջին 9 ամիսների տվյալներով) իսկ պղնձի գինը էժանացել է 28%-ով (2015-ի դեկտեմբերի տվյալներով)։ Սակայն Հայաստանի տնտեսությունը ապացուցեց, որ այդ արտաքին շոկերին դիմակայելու զգալի ունակություններ ունի, ինչը արտահայտվեց արտաքին առևտրի ոլորտում գրանցված հաջողություններով, մուտքով՝ դեպի միջազգային ֆինանսավորման աղբյուրներ, և արդյունավետ քաղաքականությամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հովանու ներքո։

Այս ամենով հանդերձ, Fitch-ը դեռ չի շտապում ասել, որ ցնցումներն ավարտվել են՝ հաշվի առնելով, որ նավթի գինը, ռուսական ռուբլու փոխարժեքն ու պղնձի գները գտնվում են 2015-ի միջինից ցածր մակարդակի վրա։

2015 թվականի հուլիսին Fitch-ը Հայաստանում նույն տարվա համար կանխատեսում էր 1.5% տնտեսական աճ, սակայն հետո վերանայեց կանխատեսումը աճի ուղղությամբ՝ դարձնելով 2.7%։ 2016 թվականի համար գործակալությունը կանխատեսում է 2% տնտեսական աճ, իսկ 2017-ին՝ 2.7%:

Տնտեսության վերահավասարակշռումը և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման հնարավորությունը, ըստ Fitch-ի, թուլացրել են ճնշումը ՀՀ արտաքին ֆինանսական հատվածի վրա։ Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2014 թվականի ՀՆԱ-ի 7.3%-ից նվազել է և 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.3%-ը՝ չնայած մասնավոր դրամական փոխանցումների նվազմանը։
Արտաքին պահուստները աճել են և 2015-ի դեկտեմբերին հասել 1.771 մլրդ դոլարի։ Դա տեղի է ունեցել հիմնականում 500 մլն դոլար եվրոբոնդերի տեղաբաշխման, EFSD-ի (Eurasian Fund for Stabilisation and Development) կողմից 100 մլն դոլարի չափով ֆինանսավորման, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական ներարկումների շնորհիվ։

Չնայած սրան, զուտ արտաքին պարտքը մեծ է և գնահատվում է ՀՆԱ-ի 46.5%-ի չափով՝ B կատեգորիայի միջին 21.5%-ի համեմատ։
Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կայուն է եղել։ 2015-ի նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 1.2%, իսկ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է մինչև 8.75% (2015-ի հոկտեմբերին 10.25% էր)։

Բանկային համակարգի կապիտալի համարժեքության գործակիցը 2015 թվականի հոկտեմբերին 15.9% էր և ըստ Fitch-ի 201թ թվականի ընթացքում կաճի՝ հաշվի առնելով, որ ԿԲ-ն բանկերի կապիտալի նվազագույն շեմը 5մլրդ դոլարից բարձրացրել է 30 մլրդ դրամի։ Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 1.3 տոկոսային կետով աճել է և 2015թ. հոկտեմբերին կազմել 8% (թեպետ երկրի կենտրոնական բանկը գտնում է, որ դա համարժեք է միջազգային ստանդարտներով 3.8% մակարդակին)։

Fitch-ը նշում է, որ վարկերի և ավանդների դոլարայնացման մակարդակը բարձր է՝ մոտ 65%, որն ավելացնում է արժեզրկման ռիսկը բանկային համակարգի համար։
Չնայած ներքին պահանջարկի թուլացմանը (որն ամենից շատ հարկեր է ապահովում)՝ հարկային եկամուտների հավաքագրումը նորմալ է ընթացել։ 2016 թվականի բյուջեն սահմանում է բյուջեի ավելի փոքր դեֆիցիտ՝ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով՝ նկատի ունենալով ակցիզային հարկի մուտքերի ավելացումը մայիսին։ Պետական պարտքը աճել է մինչև ՀՆԱ-ի 47.8%: Սա թեպետ ցածր է B կատեգորիայի միջին 52%-ից, սակայն բարձր է BB կատեգորիայի 44%-ի ցուցանիշից։

Նշվում է, որ պետական պարտքի 85%-ը արտարժույթով է, ինչը մեծացնում է արժեզրկման ռիսկը Հայաստանի համար։ Սակայն մյուս կողմից պարտավորությունների միջին ժամկետայնությունը 9.7 տարի է, դրանց մեծ մասը տրամադրված են արտոնյալ պայմաններով և ցածր տոկոսադրծույքներով։
ԱՄՀ-ն միջնաժամկետ պոտենցիալ աճի գնահատականը 4.5-5%-ից նվազեցրել է մինչև 3.5%, որը մասնակիորեն արտացոլում է ռուսաստան տնտեսության հեռանկարը և հումքային ապրանքների գների սպասվող դինամիկան։

Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2015 թվականին նվազել է մինչև 19% (2005-2009թթ. միջինը եղել է 36%)։ Fitch-ը ուշադրության է արժանացրել նաև այն հանգամանքը, որ չնայած աշխարհագրական մեկուսացմանն ու թույլ մրցակցությանը՝ Հայաստանը 3 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության Doing Business վարկանիշում և զբաղեցրել 35-րդ տեղը։ Նշվում է, որ կառավարությունը նախատեսում է բարեփոխումներ՝ հարկային օրենսգրքի և գործարար միջավայրին վերաբերող կարգավորումների ուղղությամբ։

Գործակալությունն անդրադարձել է նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով, որ նախագիծն ընդունվել է 66.2%-ով, սակայն միջազգային դիտորդները ահազանգել են կեղծիքների դեպքերի մասին։ Fitch-ը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նշելով, որ դրա սրման ռիսկը մեծացել է և մոտ ապագայում լուծման ուղղությամբ որևէ որոշում չի սպասվում։

Եվ վերջապես, Fitch-ի զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների մասին։ Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապերն ավելի են խորացել։ Սակայն Հայաստանը պահպանում է սերտ առևտրային հարաբերությունները ԵՄ երկրների հետ։

ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ

Կայուն հեռանկարի կանխատեսումը արտացոլում է Fithch-ի գնահատականը, որ վարկանիշի վրա դրական և բացասական ռիսկերը ներկա պահին հավասարակշռված են։
Հիմնական գործոնները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ վարկանիշի վրա, հետևյալն են.
– Արտաքին տնտեսական պայմանների բարելավումը (օրինակ՝ Ռուսաստանի տնտեսության առողջացումը) կամ Հայաստանի դիմադրողականության ավելացումը այդ գործոնների նկատմամբ,
– Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը։

Հիմնական գործոնները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ՀՀ վարկանիշի վրա, հետևյալն են.
– Բացասական ազդակները՝ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով, կամ հանքահումքային ապրանքների գների անկումը,
– Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ավելացումը։

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանում կշարունակվի սոցիալական և քաղաքական կայունությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով լարվածության էական աճ չի լինի։

Նյութը պատրաստվել է B4B.am-ի կողմից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Սուրեն Կարայանը համոզված է, որ կհաջողվի արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 40-45%-ին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը