Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաշինգտոնում ամփոփվել է Հայաստան-ԱՄՆ առևտրային օրակարգը

Վերադարձ լուրերի բաժին

12:45 , 22 Մարտ 2018

Վաշինգտոնում` ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակում, մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստը:

Նիստը նախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին:

Հայաստանի կողմից նիստին մասնակցել են՝ Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

ԱՄՆ կողմի նիստի մասնակիցներն էին ներկայացուցիչներ ԱՄՆ պետքարտուղարությունից, գյուղատնտեսության, աշխատանքի ու առևտրի դեպարտամենտներից, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունից, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչությունից և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնեղ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրին (չափորոշիչներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, մաքսային համագործակցություն, սանիտարական և ֆիտոսանիտարական նորմեր, մտավոր սեփականության և աշխատանքային իրավունքներ), Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP) և ներդրումներին վերաբերող հարցեր:

Խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների «կլոր սեղան-քննարկում»` մասնակցությամբ Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի (AmCham) և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների:

Նիստի ավարտին ամփոփվել է Հայաստան-ԱՄՆ առևտրային օրակարգը և հստակեցվել են հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:

Մարտի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին ընդունել է Տնտեսական ու առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման երկուստեք պատրաստակամության համար: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացվել են Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքները և երկկողմ տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը բարձր է գնահատել նիստի աշխատաքի արդյունավետությունը, նշելով հետևյալը․ «Չափազանց արդյունավետ քննարկումներ եղան։ Մենք բավարարված ենք կողմերի պատրաստակամությամբ՝ համատեղ աշխատելու երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում անդրադարձել ենք առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին։ Հայաստանի համար առանձնակի կարևորեցինք ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և այն քայլերը, որոնք կնպաստեն ներմուծման գործընթացների դյուրացմանը։ Քննարկեցինք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հնարավորությունները։ Խորհրդի նիստը կարևոր հարթակ էր, որտեղ մենք ձևակերպեցինք մեր հետագա քայլերը և անելիքները։ Այժմ, կարծում եմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու համար»։

«Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի հետ աշխատել Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում՝ ձգտելով մեծացնել Հայաստանի հետ երկկողմ առևտրի և ներդրումների հնարավորությունները: Մենք կշարունակենք գործակցել Հայաստանի հետ տնտեսության բարեփոխման և գործարար ու ներդրումային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հարցերում», – ասել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, ով մասնակցել է Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդը ստեղծվել է 2015թ. մայիսի 7-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրի դրույթների հիման վրա: Համաձայն համաձայնագրի 2-րդ հոդվածի՝ Խորհուրդը նախագահում են․ Հայաստանի կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ԱՄՆ կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ