Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սևանի եկեղեցի գնալու ժամանակ ավելի լավ է՝ այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

12:22 , 20 Ապրիլ 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ:

Նա նշել է, որ փետրվարի 16-ին «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականների կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբահանոցները զբաղեցնում են առավել քան 430 հա տարածք:

«Դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքների թերի լինել, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ, և այլն… Երկու խոսքով ասեմ՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Կարծում եմ՝ բոլորդ էլ նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում՝ նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը:

Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, այլ նաև և հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար: Հետևաբար՝ այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում: Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու մեր որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ հանձնարարում եմ՝ նախևառաջ՝ Մաքուր Հայաստան ծրագիրը մեկնարկում ենք հենց այսօրվանից, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ երկուամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող  տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգայնորեն վերացնելու ուղղությամբ՝ միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարն արդարադատության նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություն՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:

Ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու դեպքերը Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին գործադիրի ղեկավարը հանձնարարել է մեկամսյա ժամկետում մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբանահության և համայնքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումների և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն, Մաքուր Հայաստան ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում՝ համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները: Նա նշեց, որ անթույլատրելի վիճակ է, երբ խոսում ես զբոսաշրջիկների հետ, ամեն ինչ լավ է, բայց աղբահանությունը… Դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ նա հորդորել է ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին, Սևանի կղզու եկեղեցու հատվածին:

«Այս գոտով մեկ շաբաթվա ընթացքում անցնում եք, կարգավորում: Մանավանդ  Սևանի եկեղեցի գնալու ժամանակ ավելի լավ է՝ այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների փաթեթները… եթե քամի է, օդի մեջ է, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ կոշտ, մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին