Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ

Վերադարձ լուրերի բաժին

10:49 , 18 Փետրվար 2020

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից ի վեր 10 մարզերից ստացել է սպանդանոց կառուցելու 272 հայտ: Պետությունը հստակեցնում է աջակցության ծրագրերը: Օրինակ՝ գործող ծրագրում ներառվել է նաև սպանդանոցային տնտեսության համար միս տեղափոխող մեքենաների ձեռքբերման վարկի տոկոսների սուբսիդավորումը: «Արմենպրես»-ն այդ թեմայով զրուցել է պատկան մարմինների հետ:

«Արմավիրից՝ 37, Արագածոտնից՝ 47, Արարատից՝ 50, Կոտայքից՝ 20, Լոռիից՝ 35, Շիրակից՝ 40, Գեղարքունիքից՝ 16, Տավուշից՝ 8, Վայոց Ձորից՝ 5, Սյունիքից՝ 14 հայտ: Բոլոր հայտ ներկայացնողներին տրամադրվել են սպանդանոցի կառուցմանը, շահագործմանը, ինչպես նաև տարածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Հայտ ներկայացնողները որոշում են կայացնում սպանդանոց կառուցելու միայն նշված պահանջներն ուսումնասիրելուց հետո»,-տեղեկացրել են ՍԱՏՄ-ից:

Այն անձիք, ովքեր սկսում են շինարարական աշխատանքները, ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի աշխատակիցներից ստանում են խորհրդատվություն: Կառավարությունը խոստացել էր դիտարկել սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Գործադիրը մինչև հուլիսի 1-ը հետաձգել է պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է՝ գործող ծրագրերը թույլ են տալիս ֆինանսական աջակցություն ցուցաբերել, կա ընդամենը հստակեցման կարիք: Բյուջեով արդեն հաստատված են տոկոսների սուբսիդավորման համար բավարար չափով գումարներ: Եվ եթե մեկը որոշի սպանդանոց կառուցել վարկավորվելով, ապա կառավարությունը կսուբսիդավորի այդ ծրագրի ֆինանսավորման դիմաց հաշվարկվող տոկոսները: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով գործընկեր բանկերը վարկավորումն իրականացնում են 11 տոկոսով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորում է կառավարությունը, 4 տոկոսային կետը մնում է լիզինգառու կազմակերպության համար որպես տոկոսային ծախս: Վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով: «Եվ մենք կարծում ենք, որ սա շատ նպաստավոր ֆինանսական գործիք է։ Ընդ որում, այս գործիքով ոչ միայն սարքավորումների ձեռքբերումն է ֆինանսավորման ենթակա: Եթե օրինակ՝ եռակողմ պայմանավորվածությամբ լիզինգատուն՝ այսինքն վարկային կազմակերպությունը, կառուցող կազմակերպությունը, լիզինգառու կազմակերպությունը համատեղ մեկ նախագծով նկարագրեն և հողի վրա թեթև կոնստրուկցիաներով կառուցումը, և սարքավորումներով կահավորումը, ապա այդ ամբողջը միասին կարող է դառնալ նույն ֆինանսական աջակցության առարկա: Նույն ծրագրում կատարեցինք լրացում՝ միս տեղափոխելու համար նախատեսված մեքենաների ֆինանսավորման մասով: Եթե այդ մեքենաները լիզինգով ձեռք բերվեն, ապա նույն կերպ տոկոսները կառավարության կողմից կֆինանսավորվեն: Մեքենաները կարող են լինել սառնարանային կամ ավելի պարզ, սակայն նվազագույն պահանջներին համապատասխանող»,-ասել է նախարարը:

Շենքի կառուցման համար նույնպես պետությունը կատարում է վարկի տոկոսի սուբսիդավորում: 3-15 մլն դրամ արժեքով վարկերի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին: Աջակցության երրորդ գործիքը նախատեսված է տրանսպորտային միջոցների ֆինանսավորման համար: Ընդ որում, տրանսպորտային միջոցները կարող են նախատեսված լինել կամ կենդանի, կամ միս տեղափոխելու համար: «Այս դեպքում տոկոսի մնացորդը 2 տոկոս է, այսինքն՝ սա ավելի արտոնյալ ֆինանսավորում է, քան վերը նշվածը»,-նկատել է նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ պարզեցվելու են ընթացակարգերը, որ երբ որևէ մեկն առաջին անգամ առնչվի պետական կառույցների հետ, դժվարությունների, խոչընդոտների չառնչվի: Նախարարը նաև վստահեցրել է, որ սահմանափակումներ չեն անի, բոլոր նրանք, որոնք կբավարարեն սննդի անվտանգությանն առնչվող սանիտարահիգիենիկ նվազագույն պահանջներին, կդիմեն և կստանան աջակցություն:

Սպանդանոցների համար սահմանված են մի շարք պահանջներ: Դրանք կառուցվում են բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռու: Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում: Սպանդանոցը պետք է ունենա անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված աշխատատեղ և հագեցած լինի համապատասխան լաբորատոր սարքավորումներով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: